Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսն առանձնակի վնասներ չի կրել «Հանրապետություն» և Հայաստանի լիբերալ կուսակցությունների ՀԱԿ-ից հեռանալու արդյունքում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ, համաձայն պաշտոնական տվյալների, ՀԱԿ-ը հաղթահարել է 7 տոկոսի արգելքը և ԱԺ-ում ներկայացված է լինելու 7 պատգամավորներով:
Կոնգրեսը, Իսկանդարյանի կարծիքով, ստեղծվել է որպես նախընտրական դաշինք, քանի որ ՀՀՇ-ի ղեկավարությունը որոշել է, որ այդպես ավելի հեշտ է մասնակցել ընտրություններին:
«ՀԱԿ-ը, ինչպես և Հայաստանի այլ կուսակցությունները, մոնոլիտ չէ: Կոնգրեսի ներսում տարաձայնություններ միշտ էլ եղել են, բայց դրանք թաքցվել են, քանի որ խնդիր էր դրված առավելագույն ձայներ հավաքել», – ասել է Իսկանդարյանը:
Քաղաքագետը նշել է, որ Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ՀԱԿ-ում առանցքային դերակատարում չունեին:
«Հռետորական հարց տամ` որքա՞ն կհավաքեր ՀԱԿ-ն առանց Լևոն Տեր-Պետրոսյանի: Պատասխանն ակնհայտ է: Ոչ Հովյաննիսյանը, ոչ Սարգսյանը չէին մարմնավորում ՀԱԿ-ի համակարգը: Այն մարմնավորվում է այլ մարդու մեջ», – հավելել է Իսկանդարյանը: