ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Ալվարդ Աբրահամյանի և նրա ամուսնու՝ Յուրիկ Արաբյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2009թ. քաղաքացի Վ. Աբաջյանն ընկերոջ միջոցով ծանոթացել և մտերմացել է «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի, իսկ հետագայում` նաև վերջինիս ամուսնու` Յ. Սրաբյանի հետ:
Ըստ ձեռք բերված ապացույցների` Վ.Աբաջյանը Աբրահամյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով Ա. Աբրահամյանին և նրա միջոցով նաև՝ վերջիններիս մտերիմներին խաբել է` իբր նրանց համար կարող է շուկայական ցածր գներով բնակարաններ ձեռք բերել Երևանում:
Չարաշահելով Ա. Աբրահամյանի և նրա մտերիմների վստահությունը` Վ. Աբաջյանը խաբեության միջոցով 2011թ. ամռանը խարդախությամբ հափշտակել է ընդհանուր առմամբ 9.936.000 ՀՀ դրամին համարժեք 27.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի գումար և խոստացել է մինչև 2011թ. սեպտեմբերի 2-ը կատարել իր պարտավորությունները. այն է՝ լուծել բնակարանների ձեռք բերման հարցը:
Գիտակցելով, որ իր կողմից խոստացած ժամկետները լրանալուց հետո իր կատարած հանցանքը` խարդախությունը, բացահայտվելու է` նա Ա.Աբրահամյանին և նրա ամուսին Յ. Սրաբյանին առևանգելու, ապա սպանության համար նպաստավոր վայր տեղափոխելու և նրանց սպանելու համար նախնական համաձայնության է եկել որդու` Հ. Աբաջյանի հետ:
2011թ օգոստոսի 31-ին` ժամը 15:00-ի սահմաններում, հայրը և որդին Սևանա լճից խեցգետնի որս և առևտուր կազմակերպելու պատրվակով, Յ.Սրաբյանին ավտոմեքենայով առևանգել և տեղափոխել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի` Սևանա լճի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության տարածք:
Նշված շինությունում Հ. և Վ. Աբաջյանները հարվածելու և ձեռքերով խեղդելու եղանակով դիտավորությամբ սպանել են Յ. Սրաբյանին, որից հետո դիակից հանել են հագուստները, դին գցել նշված շինության մոտ գտնվող փոսի մեջ և քարերով ծածկել: Հանած հագուստներն ու կոշիկները նետել են Գավառ-Երևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում:
Այնուհետև նույն օրը` ժամը 20:00-ի սահմաններում, Վ. և Հ. Աբաջյանները Երևանի Արշակունյաց 2 հասցեում գտնվող «Մամուլի» շենքի մոտից խաբեությամբ, Յ. Սրաբյանի մոտ տանելու պատրվակով, Ա. Աբրահամյանին առևանգել, տեղափոխել են Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի տարածք և պարանով խեղդելու եղանակով սպանել են նրան` դին գցելով աղբով լցված փոսի մեջ:
2011թ. սեպտեմբերի 4-ին Վ. և Հ. Աբաջյանները, տարբեր խանութներից գնելով ցեմենտ, ավազ, տարել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղ, որտեղ պատրաստել են բետոնե շաղախ ու այն լցրել Յ. Սրաբյանի դիակի վրա, այնուհետև քարերով և հողով ծածկել, որպեսզի դին չհայտնաբերվի:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` Վ. և Հ. Աբաջյանները, նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության «Բրաունինգ 1906» մոդելի ատրճանակը, «ՏՕԶ-12» մոդելի սպորտային ակոսափող հրացանը և գործարանային արտադրության, ռազմամթերք հանդիսացող ընդհանուր 114 հատ փամփուշտները 2011թ. սեպտեմբերի 2-ին ապօրինի կերպով փոխադրել ու պահել են իրենց առանձնատան նկուղում, որտեղից 2011թ. հոկտեմբերի 27-ին և 29-ին հայտնաբերվել և առգրավվել են:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Հ. Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: