Հայաստանում սկսել են ավելի ուշ ամուսնանալ․ եթե 2001 թ. ամուսնական միջին տարիքը կանանց համար 22.8 էր, իսկ տղամարդկանց համար՝ 26.9, ապա 2012-ին՝ կանանց համար 25․3 էր, իսկ տղամարդկանց համար՝ 28.8: Այս մասին ասված է այսօր՝ Ընտանիքի միջազգային օրը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Հայաստանի քաղաքացիների միջև ամուսնությունների թիվը վերջին տարիներին նվազել է, իսկ ամուսնալուծությունների թիվը՝ աճել։ Այսպես, 2013 թ․` 2012 թ․ համեմատ, ամուսնությունների թիվը նվազել է 3.7 տոկոսով, իսկ ամուսնալուծությունների թիվն աճել է 15.6 տոկոսով: Այսինքն՝ 5 ամուսնությանը բաժին է ընկնում մոտ 1 ամուսնալուծություն: Ընդ որում, ըստ վիճակագրության՝ ամուսնալուծությունների գրեթե 1/3-ը տեղի է ունենում 20 և ավելի տարվա համատեղ կյանքից հետո:
Հայաստանյան ընտանիքներն իդեալական են համարում 2-3 երեխա ունենալը, մինչդեռ հիմնականում ունենում են 1-2-ը, ծնելիության գումարային գործակիցն էլ կազմում է 1.58: Մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ կազմում է 25.5:
Հայաստանյան ընտանիքները միջինը 6 անգամ ավելի շատ ուզում են ունենալ տղա, քան աղջիկ, և դրա արդյունքում տեղ գտած հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման պատճառով Հայաստանում տարեկան չի ծնվում միջինը 1400 աղջիկ: Այդուհանդերձ, արդեն ծնված երեխան, անկախ սեռից, ստանում է միևնույն խնամքը՝ առանց խտրականության։
Երեխաների ամենատարածված անունները վերջին տարիներին հետևյալն են․ աղջիկներինը՝ Նարե, Մարի, Մանե, տղաներինը՝ Դավիթ, Նարեկ, Գոռ։
Հայաստանում բարձր է անպտղության ցուցանիշը՝ 16.8 տոկոս, ինչը գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ճգնաժամային ցուցանիշը (15%): Սա նշանակում է, որ մոտավորապես յուրաքանչյուր վեց զույգից մեկը չի կարողանում երեխա ունենալ:
Հայաստանում յուրաքանչյուր 10 կնոջից 6-ը զուգընկերոջ կողմից ենթարկվում է հոգեբանական բռնության, 10 կնոջից 1-ը՝ ֆիզիկական բռնության, իսկ ֆիզիկական բռնության ենթարկված ամեն 5 կնոջից 4-ը՝ սեռական բռնության:
Երեխաների թվին, երեխայի դաստիարակությանը, կրթությանը, ինչպես նաև ամուսիններին վերաբերող որոշումների մեծամասնությունը (մինչև 81%) ամուսինները համատեղ են կայացնում: Նույնը վերաբերում է հղիության ընդհատման որոշումներին:
Երեխայի ամուսնության հետ կապված որոշումների կայացման ընքացքում հաշվի են առնվում ընտանիքի բոլոր անդամների կարծիքները: Ընտանիքում նույն կերպ են վարվում նաև ընտանիքին վերաբերող այլ կարևոր հարցերում:
Աղբյուրներ՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ