Վերջերս հանրային սննդի կազմակերպություններից մեկում` խնջույքի մասնակիցների մոտ առաջացել էին աղիքային վարակներին բնորոշ գանգատներ, որոնցից մի քանիսն էլ դիմել էին բժշկական օգնության։ Արձանագրված դեպքի պատճառահետևանքային կապերը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել էին միջոցառումներ, որոնք զուգորդվել էին նաև լաբորատոր հետազոտություններով։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։
Լաբորատոր հետազոտության արդյունքների համաձայն` նույն կազմակերպությունից վերցված սննդամթերքից մեկի նմուշում, ինչպես նաև խոհանցի աշխատակցի մոտ հայտնաբերվել է սալմոնելլայի մանրէ։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ են հայտնաբերվել նաև շրջակա միջավայրի մակերեսներից վերցված լվացուկներից: Հարկ է փաստել, որ հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտություններում ևս հաստատվել է սալմոնելլա հիվանդությունը, նշված է գերատեսչության հաղորդագրությունում:
Թունավորվածների և նրանց հարազատների ֆեյսբուքում գրառումներից հայտնի է, որ խոսքը «Ծիրանի» ռեստորանային համալիրի մասին է․
– Բացի նրանից, որ սնունդը համով չէր, ճանճերը խմիչքիդ ու ուտելիքիդ մեջ են, մի հատ էլ սննդային ինֆեկցիայի պատճառով գիշերը անգիտակից հայտնվում ես ինֆեկցիոնի բաժնում: Ու նույն վիճակում քո հետ են մոտ 300 հոգի։
– Ժող եթե չեք ուզում Ձեր առողջությանը մեծ վնաս հասցնեք, Ծիրանիում բան մի կերեք: Աշխատակիցներիս մեծ մասը հիմա հիվանդանոցում են: Բոլորով հարսանիք էին գնացել: Հարսանիքավորների 50-60% ևս հիվանդանոցում են:
Ռեստորանը գտնվում է Աբովյան քաղաքի մոտ՝ Առինջ համայնքում։