Home / Առողջապահություն / Կորոնավիրուս է հայտնաբերվել շտապօգնության 12 աշխատակցի մոտ

Կորոնավիրուս է հայտնաբերվել շտապօգնության 12 աշխատակցի մոտ

Կորոնավիրուս է հայտնաբերվել շտապօգնության աշխատակիցներից 12-ի մոտ, հիվանդությունն ասիմպտոմ է ընթանում։ Նրանք մեկուսացված են տարբեր բուժհաստատություններում։ Երևանում գործող «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ կորոնավիրուսի պայմաններում ամենակարևոր խնդիրը բրիգադների անդամների անվտանգության ապահովման հետ էր կապված, որն, ըստ բանախոսի, լուծվեց համապատասխան պարագաների ձեռք բերումից հետո։ Երևանի քաղաքապետարանի ՓԲԸ աշխատակիցները լիովին ապահովված են անհրաժեշտ պարագաներով, պնդել է Ստեփանյանը։

Պատասխանելով բուժաշխատողների՝ կորոնավիրուսով վարակվածների անձանց հետ աշխատելուց հրաժարվելու դեպքերի մասին հարցին, նա հիշատակել է ռիսկային գոտում գտնվողներին․ «Բնականաբար, ըմբռնումով ենք մոտեցել․ ունենք բժիշկներ, բուժքույրեր, ովքեր 55 տարեկանից բարձր են։ Եղել են դեպքեր, երբ արձակուրդ են վերցրել համապատասխան աշխատակիցները։ Ամեն ինչ նորմալ է, որովհետև նաև ունենք բժիշկների և բուժքույրերի մեծ բանակ, նրանք ցանկություն են հայտնել շտապօգնությունում աշխատել։ Երևի, ամեն օր են դիմում նման մասնագետները»։

Մայիսի 4-ից՝ սահամնափակումների մեղմացումից հետո, շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել։ Հունվար-փետրվար ամիսներին այս ցուցանիշը բարձր էր եղել՝ 900-950 կանչ օրական։ Սակայն այսօրվա դրությամբ այն կազմում է 600-650 կանչ օրական։ Նշված ժամանակահատվածում սուր շնչառական հիվանդությունների աճ էր նկատվել, ինչը պայմանավորված էր նաև գրիպի այլ տեսակների առկայությամբ։

Ապրիլի սկզբից մինչև մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում շտապօգնության կողմից հիվանդանոց է թեղափոխվել 2333 հիվանդ՝ կորոնավիրուսի կասկածանքով։ Տվյալ մարդիկ ունեն սուր շնչառական խնդիրներ, սակայն թեստավորումից հետո իրենցից մեծ մասի մոտ վարակ չի հայտնաբերվել։ Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 102-ով՝ հասնելով 2884-ի։

Ստեփանյանը նաև հայտնեց, որ ապրիլ ամսին Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է շտապօգնության այն աշխատակիցներին, ովքեր համավարակի պայմաններում աշխատում էին անմիջապես վարակակիրների հետ․ դա բժիշկներն են, բուժքույրերը և վարորդները․ «Բժիշկները պարգևատրվել են 98 հազար դրամի չափով, բուժքույրերն ու վարորդները՝ 70 հազար դրամի չափով։ Շտապօգնության ծառայության կողմից պարգևատրվել են նաև բժիշկ-կարգավարները»։ Պարգևատրվել են նաև 1-03 ծառայության կանչերն ընդունող կենտրոնի ավագ բժիշկները, բժիշկները և բուժքույրերը։