Հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից այսօր վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել էր, որ «Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ»։
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո։ Հրադադարի ռեժիմի խախտման և ռազմական էսկալացիայի մեջ կողմերը մեղադրում են միմյանց։ Հուլիսի 13-ից դիրքերից բացի հրետանակոծվում են նաև բնակելի համայնքները։ Կիրառվում է հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա։
Երեկ սահմանին հարաբերական անդորր էր, այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդել է նոր ռազմական բախումների մասին: Հայկական կողմըհայտնել է, որ առավոտյան մարտերի հետևանքով զոհեր և վիրավորներ չունի:
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ գիշերը Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատներն ավելի քան 100 հոգանոց կազմով դիվերսիոն հարձակում են գործել Տավուշի ուղղությամբ՝ «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և D30 հաոբից: Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ։ Վարչապետի փոխանցմամբ՝ Հայաստանի զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղվել, զոհեր և վիրավորներ չկան ո՛չ զինվորականների, ո՛չ քաղաքացիական բնակչության շրջանում։
Ադրբեջանը հայտնել է մեկ զոհված զինծառայողի մասին:
Ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է 4 ռազմական զոհերի և տասը վիրավորների մասին։ Ադրբեջանական կողմը հաստատել է իր արդեն 12 զոհերը և հայտնել մեկ խաղաղ բնակչի սպանության մասին։