Սեպտեմբերի 15-ին ավարտվում է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի 5-օրյա այցը Եգիպտոս, որի երևանյան դեսպանության առջև այսօր պիկետ էր՝ ի սոլիդարություն և աջակցություն քաղբանտարկյալների, որոնք Եգիպտոսում պայքարում են պետության զավթման և բռնաճնշումների դեմ։
Քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով պիկետը մաս էր կազմում միջազգային արշավի, որը լիցք է ստացել Սանա Սեյֆի ձերբակալությունից հետո։
2020 թվականի հունիսի 23-ին հայտնի էր դարձել, որ առևանգվել և բանտարկվել է քաղաքացիական ակտիվիստ Սանա Սեյֆը։ Սանան մոր և քրոջ հետ օրեր շարունակ նստացույց էր անում Կահիրեի բանտերից մեկի և դատախազության առջև՝ պահանջելով տեսակցություն 2019 թվականից ազատազրկված եղբոր՝ եգիպտացի հայտնի բլոգեր Ալա Աբդ Էլ֊Ֆաթանի հետ։ Համաճարակային սահմանափակումները բանտարկյալների հետ տեսակցությունները արգելում են, ընտանիքը ամիսներ շարունակ որևէ լուր Ալայի մասին չուներ։ Նստացույց իրականացնող կանանց վրա, նախ, հարձակում էր կազմակերպվել, որին էլ հաջորդել էր Սանայի առևանգումը և ձերբակալությունը։ Սանայի մայրը և քույրը, նրանց աջակցող հարյուրավոր մարդիկ՝ Եգիպտոսում և Եգիպտոսից դուրս, այժմ ազատություն են պահանջում՝ Սանայի, Ալայի և Եգիպտոսի բնատերում պահվող հարյուրավոր անմեղ մարդկանց համար։
«Եգիպտոսի իշխանությունները փորձում են թաքցնել բռնաճնշումները, ֆիզիկապես լիկվիդացնել բոլոր նրանց, որոնք համարձակվում են բարձրաձայնել դրանց մասին։ Մենք եկել ենք՝ ցույց տալու, որ մենք գիտենք։ ․․․Կանանց վերջերս բանտարկում էին Տիկտոկում վիդեոներ հրապարակելու համար՝ իբր ազգային բարոյականությունը խախտելու պատճառով։ ԼԳԲՏ մարդիկ, կանանց իրավունքների համար պայքարողները հայտնվում են բանտերում՝ ոչ մի բանի համար։ Կարծում եմ՝ սա մի բան է, որ հնարավոր չէ ստվերել», – ասում է պիկետի մասնակիցը։
Ակցիան երկար չտեւեց։ Պիկետի երկու մասնակիցները մի քանի անգամ «բացատրություններ տվեցին» մեկը մյուսի հետևից նրանց մոտ իջնող անվտանգության աշխատակիցներին, դեսպանի հետ հատուկ հանդիպումից հրաժարվեցին և գնացին տուն։
Սանա Սեյֆը եգիպտացի ակտիվիստ և կինոմոնտաժող է։ Նրա հայրը՝ իրավապաշտպան Ահմեդ Սեյֆը, մահացել է 2014 թվականին՝ բանտում։ Մայրը՝ Լեյլա Սուիֆը, Կահիրեի համալսարանի պրոֆեսոր է։ Քույրը՝ Մոնա Սեյֆը, գենետիկայի ոլորտի հետազոտող, քաղաքական ակտիվիստ, Եգիպտոսի հակամիլիտարիստական շարժման հիմնադիրներից մեկը։ Եղբայրը՝ Ալա Աբդ Էլ-Ֆաթան, բլոգեր է, ով հայտնի է դարձել «հավերժ» նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմի դեմ 2011 թվականին բարձրացած բողոքի ալիքի ընթացքում։ 2019 թվականի սեպտեմբերին ազատազրկման էր դատապարտվել հակակառավարական հանրահավաքներին մասնակցելու մեղադրանքով։
2014 թվականին Սանա Սեյֆը ձերբակալվել ու դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման՝ չարտոնված հավաքները քրեականացնող ցույցին մասնակցելու համար։