Home / Բանակ / Ադրբեջանում «ռազմական նպատակներով» առգրավում են քաղաքացիների փիքափ մեքենաները

Ադրբեջանում «ռազմական նպատակներով» առգրավում են քաղաքացիների փիքափ մեքենաները

Սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցնում և տուգանային գոտի են ուղարկում ամենագնաց մարդատարներն ու փիքափները:

Նմանատիպ դեպքերի մասին հայտնում են օգտատերերը Գաբալայից, Բաքվից և Ափշերոնից՝ կից ներկայացնելով ամենագնաց֊փիքափներով լեցուն տուգանային հրապարակների լուսանկարները։

Վարորդների պնդմամբ, իրենց կանգնեցրած ՃՈ աշխատակիցները բացատրում են, որ մեքենայի առգրավման պատճառը խախտումները չեն․ փիքափներն ու ամենագնացներն անհրաժեշտ են պաշտպանական կարիքների համար։

Պետական ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունը հաստատել է փիքափ տեսակի մեքենաների առգրավման մասին շրջանառվող տեղեկությունը։

«Այդ մեքենաներն ու այլ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցները, որոնք կարող են օգտագործվել զինված ուժերի կարիքները բավարարելու համար, «Ռազմատրանսպորտայի միջոցների հաշվառման» մասին կանոնադրության պայմանների համաձայն ենթարկվում են տեխնիկական զննության», – ասվում է վարչության հայտարարության մեջ։

Ճանապարհային երթևեկության ոլորտի փորձագետ Արշադ Հուսեյնովը բացատրում է, որ մոբիլիզացիայի պայմաններում ոստիկանությունը կարող է կոնֆիսկացնել որոշ տրանսպորտային միջոցներ՝ ռազմական պայմաններում դրանց մեծ պահանջարկը հաշվի առնելով․ «Այդ մասին գրված է «ռազմատրանսպորտային պարտավորությունների դրույթներում» և հաստատված է Ադրբեջանի հանրապետության 2005 թվականի մայիսի 17-ին մտցված օրենսդրական ակտերում»։