Այսօր երեկոյան եզդիները սկսում են նշել Խըդըր Նաբիի կամ Խըդըր Էլիասի տոնը։ Այն եզդիական կարևոր ազգային տոներից է, որը նշվում է փետրվար ամսվա 13-ից հետո առաջին ուրբաթ օրը, տեղեկացնում է Մարդու Իրավունքների Եզդիական Կենտրոնը։
— Եզդիների ինքնության պահպանման և ազգային, հոգևոր-մշակութային միասնության գործում այս տոնը կարևոր նշանակություն ունի։ Դարեր ի վեր եզդիները իրենց իղձերի, ցանկությունների, նպատակների իրականացումը կապել են Խըդըր Նաբիի և Խըդըր Էլիասի անվան հետ։
Ըստ եզդիական ժողովրդական ավանդության՝ Խըդըր Նաբին և (կամ) Խըդըր Էլիասը սպիտակ ձիով սուրբ հեծյալներ են, ովքեր այս օրերին շրջում են եզդիների մեջ և կատարում նրանց երազանքները։ Եզդիների աղոթքներում Խըդըր Նաբին հիշատակվում է որպես սիրահարների հովանավոր հրեշտակ, ով իրականացնում է երիտասարդների նպատակներն ու երջանկություն է բերում նրանց։
Ընդունված ծիսակարգի համաձայն՝ բուն տոնից առաջ եզդիները 3 օր ծոմ (ռոժի) են պահում։ Փետրվարի 13-ից հետո առաջին երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին ծոմի օրեր են։ Ծոմը պահում են ինչ որ կարևոր նպատակի համար՝ հավատալով, որ այն կիրականանա։
Հինգշաբթի երեկոյան չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ են ուտում և ջուր չխմելով քնում են, որպեսզի երազում տեսնեն իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը։ Աղի բլիթը պետք է պատրաստվի չամուսնացած աղջկա ձեռքով։
Նույն օրվա երեկոյան սկուտեղով ալյուր կամ փոխինձ են դնում տան տանիքին՝ հավատալով, որ այդ գիշեր Խըդըր Նաբին իր ձիով կանցնի իրենց տանիքով և ձիու պայտի հետքը կմնա։ Երբեմն էլ ասում են, որ Խըդըր Նաբին իր ձիու պոչից մի մազ է հանում և թողնում սկուտեղի վրա։ Եզդիները հավատում են, որ եթե վաղ առավոտյան ձիու պայտի տեղը կամ մազը երևում են ալյուրի կամ փոխինձի վրա, ուրեմն Խըդըր Նաբին եղել է իրենց տանը և ընտանիքին մեծ հաջողություն է սպասվում։
Չհաշված ընդունված ծիսակարգերը՝ տարբեր եզդիաբնակ վայրերում հինգշաբթի երեկոյան երիտասարդները տոնախմբություն են անում, երգով-պարով շրջում են տներով և ուրախանում։ Երեխաներն ու դեռահասները տան երդիկներից գուլպաներ են կախում և երգելով, տնից տուն շրջելով նվերեներ են հավաքում։ Այս կարգը կոչվում է դոլիդանգ։ Ըստ եզդիական ավանդության՝ տոնի օրերին բոլոր իրարից նեղացած ու վիրավորված անձինք պիտի հաշտվեն միմյանց հետ։
Բուն տոնը սկսվում է ուրբաթ առավոտյան և տևում է մինչև կիրակի երեկո։ Այս օրերին եզդիները ազգային համեղ ուտեստներ են պատրաստում, տոնական սեղաններ են գցում, այցելում միմյանց, շնորհավորում և նվերեներ տալիս իրար։