Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստին որոշել է Կապան, Մեղրի, Տեղ համայնքների կողմից կառավարությանը տրված մի շարք հողամասեր փոխանցել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության՝ Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը։
Հողամասերը կտրամադրվեն ռուսական ուժերին անհատույց օգտագործման իրավունքով։
«2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ամրացնել ՀՀ հարավարևելյան սահմանները, որի նպատակով էլ առանձնացվել են համապատասխան հողամասեր»,- նշված է գործադիր մարմնի հիմնավորումներում։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Զինված ուժերի N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է հայաստանցի վեց զինծառայող։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Հայաստանի Զինված ուժերի «հետախուզա-դիվերսիոն խումբ» է ձերբակալվել Քելբաջարի Յուխարի Այրըմ բնակավայրի ուղղությամբ սահմանն անցնելու փորձի ժամանակ, որն իբր փորձել է ականապատել «սահմանին տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի մատակարարման ուղիները»։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է պաշտոնական Բաքվի պնդումները, թե գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում, պնդելով, որ նրանք առանց սահմանը հատելու կատարում էին ինժեներական աշխատանանքեր։
Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։