հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Սահմանը հատած զինծառայողը դիվերսանտ չէ. Պն

Սահմանը հատած զինծառայողը դիվերսանտ չէ. Պն

Հունիսի 8-ին Հայաստանի ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը՝ Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին, չի համապատասխանում իրականությանը։

Ավելի վաղ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել էր, թե այսօր հայ֊ադրբեջանական սահմանի Լաչինի հատված էր ներթափանցել Հայաստանի ԶՈՒ դիվերսիոն֊հետախուզական խումբ, որի անդամներից մեկը՝ Ա․ Քաթանյանը ձերբակալվել էր, իսկ խմբի մյուս անդամները կարողացել էին վերադառնալ։ Բաքվից պնդում են, որ, ըստ նախնական տվյալների, հայ զինծառայողները պլանավորում էին ականապատել Ադրբեջանի տարածքը։

Հիշեցնենք՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կտրուկ լարվել է մայիսի 12-ից, երբ ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում մի քանի ուղղությամբ: Հայկական կողմը պնդում է, որ դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներն են։ Ադրբեջանը, ի հակառակ, հայտարարում է, որ դիրքավորվել է սեփական հողերում։ Քանի որ հայ-ադրբեջանական սահմանը Խորհրդային միության փլուզումից հետո չի սահմանազատվել, միջազգային դերակատարները և հատկապես Ռուսաստանը միջադեպին անդրադառնում են հիմնականում դելիմիտացիայի/դեմարկացիայի անհրաժեշտությունը շեշտող դիրքերից։

Սահմանին պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում․ մոտ մեկ շաբաթ առաջ հրաձգության հետևանքով հայ զինծառայող է զոհվել, մայիսի 27-ին էլ ադրբեջանցիներական զինվորականները գերեվարել են 6 հայ զինծառայողների:

Սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի նախագահին։ Մայիսի 27-ի ԱԽ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առաջարկել է  հանգուցալուծել լարվածությունը՝ սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշելով երկու կողմերի զինված ուժերը և դիմելով Ռուսաստանին կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ նշված տարածքներում միջազգային դիտորդներ տեղակայելու հայցով: Ադրբեջանական կողմն առ այսօր հրապարակային որևէ պատասխան այս առաջարկին չի տվել։