Home / Հայաստան / Դեռ իշխանության չեկած` բռնություն են գործադրում

Դեռ իշխանության չեկած` բռնություն են գործադրում

Իրավապաշտպան Նարե Հովհաննիսյանը հայտնում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի տարածքում գտնվող տղամարդու կողմից բռնության ենթարկվելու մասին։ Տղամարդն, ըստ ֆեյսբուքում արված գրառման, ոչ սթափ վիճակում է եղել․

«Այն մասին, թե ինչպես է «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի տղամարդը բռնություն գործադրում կնոջ նկատմամբ։

Ես Երևանում վարձակալությամբ եմ բնակվում (շենքի հասցեն չեմ նշում՝ ելնելով տանտիրոջ նկատմամբ հարգանքից): Շենքի բնակիչներից մեկը շենքի բակում ավտոլվացման կետ է դրել: Ժամանակ առ ժամանակ մեքենա են լվանում նաև գիշերվա 11-ից կամ 12-ից հետո: Մի անգամ իջել եմ և զգուշացրել, որ աղմուկը դադարեցնեն: Այսօր էլ որոշել էին մեքենա լվանալ գիշերվա ժամը 11:45-ին: Որոշեցի իջնել ու խնդրել, որ հանգիստս չխանգարեն և թողնեն քնեմ: Եվ, իհարկե, չեմ վարանում ընկնել պատմության մեջ:

Պարզվում է՝ մեքենա լվացող տղան աշխատողը չէ: Ավտոլվացման կետի դիմաց նստած մի տղամարդ կանչում է տիրոջը, որ հետը խոսեմ: Տերը՝ խմած, գիշերային մայկան հագը, դուրս է գալիս «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի գրասենյակից: Կողքի մարդկանց զրույցներից պարզ է դառնում, որ որպես «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի գրասենյակ օգտագործվում է «Պանտերա» տաքսի ծառայության գրասենյակը, որը նույնպես պատկանում է ավտոլվացման կետի տիրոջը: Սույն պարոնը հարցուփորձ է անում՝ ով եմ, որտեղ եմ ապրում: Պարզում է, որ վարձով եմ ապրում, պարզում է, որ տանտերն իր բարեկամն է, և կիսահեգնական տոնով սպառնում է՝ շատ լավ, վաղը դու այլևս էդ տանը չես ապրի: Զրույցի ընթացքում հասկանում եմ, որ ոչ ադեկվատ վիճակում է, խմիչքի հոտ է փչում, խոսում է կոպիտ:

Երբ շրջվում եմ, որ հեռանամ, հասցնում է ձեռքով հարվածել ծոծրակիս՝ ձախ կողմից: Շտաբից տղամարդիկ են դուրս գալիս, մինչ իրեն պահում են, ես հասցնում եմ արագ հեռանալ և քայլել դեպի շենքի մուտք: Էդ ընթացքում այդ տղամարդուն շտաբի տղամարդիկ բռնած պահում են, որ չհասնի հետևիցս, բայց շենք մտնելու պահին լսում եմ բերանի արտաթորանքները՝ «ժաժ տամ վրետ»:

Ուրեմն, նախընտրական շտաբներում սովորաբար ունենում են տարածքների պատասխանատուներ, որոնք, ըստ այդ տարածքի ընտրողների ցուցակների, նախահաշվարկում են իրենց հարած քաղաքական ուժի ձայները։ Այդ պարոնի մայրը շենքի լիֆտի գումարներն է հավաքում, գիտի, որ մասնակցել եմ հեղափոխությանը։ Չգիտեմ՝ որտեղից, բայց շենքում ինձ որպես լրագրողի գիտեն, ով շատ ուշ է տուն գալիս՝ գիշերվա ժամը 10-ից հետո։ Ձայները նախահաշվարկելիս ենթադրել են, որ նիկոլական եմ։ Վստահ եմ, սույն պարոնն էլ այդ ատելության ակտը ցուցաբերել է հենց խոսակցության ժամանակ ինձ նույնականացրել է։

Ընդհանրապես կարևոր չէ այն, որ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ոստիկանություն: Կարևորն այն է, որ այդ ուժը դեռ չեկած, արդեն բռնություն է գործադրում, պատկերացնում եմ, որ գա իշխանության, ինչեր է անելու: Եվ իհարկե, կեցցե Նիկոլը, որ տապալեց հեղափոխությունը, վերակենդանացրեց մեռելներին և կապեց ջաններիս:

Ամեն դեպքում, ոչ երանի այն Հայաստանը, որտեղ հունիսի 20-ից հետո ենք ապրելու», – գրել է Հովհաննիսյանը։