Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարեց Մատենադարանի արհեստակցական կազմակերպության դիմումը՝
– ամբողջությամբ բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/0379/11/2020 գործով 04․02․2021 թվականին կայացված որոշումը,
– հարուցել քրեական գործ և հանձնարարել վարույթն իրականացնող մարմնին իրականացնել համապատասխան քննություն։
Արհմիության անդամ Գայանե Այվազյանը այս կապակցությամբ ֆեյբուքի իր էջում մասնավորապես գորել է․ «Ավելի քան մեկուկես տարի տևած դատական քաշքշուկներից հետո արհմիության դիմումը բավարարվեց: Հուսով եմ, որ արդարադատությունը կգործի, և ինստիտուտում կատարված չարաշահումները կստանան իրավական գնահատական»:
Հիշեցնենք՝ Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահությունը բացահայտել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի կառավարման մարմինների ձևավորման որոշ հանգամանքներ, որոնց մասին ձեռք բերված տեղեկատվության վրա հիմնվելով՝ պարզել է, որ գործ ունենք թույլ տրված չարաշահումների և չի բացառվում՝ առերևույթ հանցագործության հետ:
2018 թ. հունվար (19) և մարտ (6) ամիսներին տեղի ունեցած կառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Մատենադարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Ազատի Սարգսյանը, տնօրեն՝ Վահան Տեր-Ղևոնդյանը: Ընտրություններն ուղեկցվել են օրենքի և կանոնադրության պահանջների խախտմամբ:
2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո՝ հուլիսի 27-ին, տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ. «նկատի ունենալով երկրում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները և հայտնի իրադարձություններով պայմանավորված»՝ խորհուրդը որոշել է իրականացնել կանոնադրության փոփոխություն: Հիշյալ նիստին, ըստ արձանագրության, մասնակցել են Խորհրդի թվով 13 անդամներ:
Կանոնադրության փոփոխություն հնարավոր է իրականացնել Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ մեծամասնությամբ՝ 2/3-ով: Նկատի ունենալով, որ հիշյալ նիստին, ըստ արձանագրության, մասնակցել են 19-ից միայն 13 անդամ, Կանոնադրությունում հնարավոր կլիներ փոփոխություն մտցնել, եթե մասնակից բոլոր 13 անդամները քվեարկեին դրա օգտին: Նիստի արձանագրության պատճենից ակնհայտ է, որ 13-ի փոխարեն արձանագրությունը ստորագրել են միայն 10-ը: Սակայն այսքանով հանդերձ՝ Կանոնադրությունում կատարվել է փոփոխություն:
Կանոնադրության վերոնշյալ փոփոխությունը գրանցվել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձնաց պետական ռեգիստրում, որի համար Մատենադարանի տնօրենության կողմից ներկայացվել են «համապատասխան» փաստաթղթեր: Նշված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կանոնադրությունում փոփոխություն կատարելու հիմք հանդիսացել է ոչ թե Հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի հուլիսի 27-ի արտահերթ նիստի արձանագրությունը, այլ դրանից կատարված քաղվածքը, որը ստորագրվել է Մատենադարանի տնօրենի կողմից: Հիշյալ քաղվածքի համաձայն՝ Հոգաբարձուների խորհրդի վերոնշյալ արտահերթ նիստի արձանագրությունը ստորագրել են նիստին մասնակցած բոլոր 13 անդամները: Այսպիսով, Մատենադարանի տնօրենության կողմից ՀՀ ԱՆ իրավաբանական անձնաց պետական ռեգիստր է ներկայացվել ակնհայտ կեղծ տեղեկություն:
Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին և արհմիության բոլոր ընկերներին ավելի քան մեկուկես տարի տևած դատավարական գործընթացի ժամանակ ցուցաբերած աջակցության և սատարումի համար: