Home / Բանակ / Բախումներ սահմանին․ կան զոհեր և վիրավորներ (թարմացվող)

Բախումներ սահմանին․ կան զոհեր և վիրավորներ (թարմացվող)

թարմացում — 12։08 Հուլիսի 28-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը, հաղորդել է Հայաստանի ռազմական գերատսեչությունը։

թարմացում — 12։00
Ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ, քիչ առաջ հաղորդել է Հայաստանի ՊՆ-ն։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։

«Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման», – ասված է հաղորդագրության մեջ։

Շփման գծի փոփոխություն, ըստ ՊՆ-ի տեղի չի ունեցել։

թարմացում — 10։00 «Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է», – քիչ առաջ հաղորդել է Հայաստանի ՊՆ-ն։

Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը, ըստ պաշտոնական աղբյուրի, կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

ԱՆցյալ գիշեր և այսօր առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։
 Ժամը 08։30-ի դրությամբ՝ հայկական կողմն, ըստ ՊՆ-ի, ունի 3 զոհ և 2 վիրավոր։ Մարտական գործողությունները շարունակվում են։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդում է 2 վիրավորի մասին։

Հայաստանի ՊՆ-ն, նախ, տեղեկացրել էր, որ «գիշերը ժամը 3:40-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում»։ Ծավալվել են տեղային մարտեր, որոնք, ժամը 7-ի դրությամբ, շարունակվել են։

Ավելի ուշ երկրի ռազմական գերատեսչությունը հաղորդել է, որ ադրբեջանական զինուժերը հարձակման է դիմել Սոթքից Վերին Շորժա ընկած հատվածում։

«Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն:

Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը», – գրել է նախարարությունը։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն, իր հերթին, հայտարարել է, որ գիշերը 00:50-ի սահմաններում ՀՀ զինուժերը գնդակոծել են ադրբեջանական բանակի՝ Քելբաջարի շրջանում տեղակայված դիրքերը։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, վիրավորվել է երկու ադրբեջանցի զինծառայող։