Ադրբեջանի զինուժերը ժամը 08:40-ի սահմաններում կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
ՊՆ հաղորդմամբ՝ ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։
Ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ ժամը 03:00-ի սահմաններում, սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քելբաջարի ուղղությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:
Այսօրվա սադրանքների հետևանքով, ըստ ՊՆ-ի, հրազենային վիրավորում է ստացել Հայաստանի մեկ զինծառայող։
Հիշեցնենք՝ Հուլիսի 28-ի լույս գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև Վերին Շորժա, ինչպես նաև հյուսիսառևելյան հատվածներում։ Երեկվա մարտերի հետևանքով հայկական կողմն, ըստ ՊՆ-ի, ունի 3 զոհ և 4 վիրավոր։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդում է 2 վիրավորի մասին։