Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն։ Այս մասին հայտնել է հենց գերատեսչությունը։
Թե կոնկրետ ում կողմից է տրվել հաղորդումը՝ գերատեսչությունը չի հստակեցրել։ Հաղորդումն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, որտեղ դրա հիման վրա նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Սարգսյանի՝ Բադեն-Բադեն այցերի վերաբերյալ «Փաստերի ստուգման հարթակ»-ի (FIP) ուսումնասիրությունն իրավապահներին է ուղարկելու։
Ըստ FIP-ի հետաքննության՝ Հայաստանի երրորդ նախագահը պաշտոնավարման տասը տարիների ընթացքում Բադեն-Բադեն մեկնել է ավելի քան 16 անգամ, այդ թվում՝ 2016 թվականի ապրիլի 5-ին, Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։ Ապրիլի 6-ից 7-ը Բեռլին կատարած իր այցը Սարգսյանն, ըստ FIP-ի, ևս օգտագործել է Բադեն-Բադեն մեկնելու համար։ Սերժ Սարգսյանին ավելի վաղ Բադեն—Բադենի խաղատներում պետբյուջեի փողերը վատնելու մեջ մեղադրել էին նախ՝ Նիկո Փաշինյանը, ապա՝ ընտրություններից հետո, ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը (Գռզո)։ Վերջինս հայտարարել էր, որ երրորդ նախագահը խաղատներում պարտվել է շուրջ 100 միլիոն դոլար և հավելել՝ «Էստեղից գումարները մեշոկներով տարել են, որ վճարեն»։ Հայաստանի երրորդ նախագահը հերքել էր այդ մեղադրանքն ու դատի տվել Սուքիասյանին։
Իսկ ԱԺ նախկին պատգամավոր, ներկայումս «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դեռևս 2013 թվականին ԵԽԽՎ նիստի ընթացքում Սարգսյանին հարցրել էր՝ «Ճիշտ է, որ եղել եք Եվրոպայի խաղատներից մեկում ու 70 միլիոն եվրո եք տանուլ տվել: Ո՞վ է վճարել այդ 70 միլիոն եվրոն և ինչի՞ դիմաց»:
Սերժ Սարգսյանը դրան պատասխանել էր՝ «Ես եվրոպական որևէ խաղատանը երբևէ չեմ եղել, ես չեմ խաղում խաղատներում և, ցավոք սրտի, հանարավորություն չունեմ տնօրինելու 70 միլիոն եվրոյի: Եթե ունենայի`գոնե կեսը Ձեզ կտայի, որ կյանքից գոնե գոհ լինեք»: