Transparency International-ը հրապարակել է 2021 թվականի «Կոռուպցիայի ընկալման ինդեքսը», որում աշխարհի պետությունները դասակարգված են ըստ իրենց կոռուպցիայի ընկալվող մակարդակի՝ 0-100 միավորանոց համակարգով։ Որքան շատ են միավորները, այնքան քիչ է կոռուպցիան։ Զեկույցը կազմվել է կառավարման և բիզնեսի միջավայրի ուսումնասիրման մեջ մասնագիտացած 12 անկախ ինստիտուտների աղբյուրներից։
Առաջին հորիզանականը 88-ական միավորով կիսում են Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան։ Առաջին տասնյակում են նաև, Նորվեգիան, Սինգաուրը, Շվեդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգն ու Գերմանիան։
Հայաստանը, ինչպես և անցյալ տարի, 49 միավոր ունի և գտնվում է 58-րդ տեղում` Հունաստանի, Հորդանանի և Նամիբիայի հետ միասին։ Վրաստանը 45-րդ տեղում է՝ 55 միավորով։
Տարածաշրջանի մյուս երկրները շատ ավելի ցածր դիրքերում են։ Թուրքիան գնվում է 96-րդ, Ադրբեջանը՝ 128-րդ, Ռուսաստանը՝ 136-րդ և Իրանը՝ 150-րդ տեղում։
Կոռուպցիայի ամենաբարձր մակարդակը, ըստ հրապարկաման, Հարավային Սուդանում, Սիրիայում, Սոմալիում, Վենեսուելայում և Եմենում է։
Զեկույցում նշվում է նաև, որ աշխարհի 131 երկրներում կոռոպցիայի վերացման հարցում որևէ էական առաջխաղացում չի գրանցվել, մինչդեռ 27 երկրներում գրանցվել են տասնամյակի վատագույն արդյունքները: Երկրների 2/3-րդ-ի միավորները ցածր են 50-ից, ինչը, ըստ զեկույցի, ևս խոսում է կոռուպցիայի հետ կապված մեծ խնդիրների մասին։
Բացի այդ, կոռուպցիայի դեմ պայքարի լճացմանը նպաստել են նաև քովիդի համաճարակն ու դրանով պայմանավորած և/կամ դրանով արդարացվող սահմանափակումները։ Մինչդեռ, ըստ իրավապաշտպանների, կոռուպցիան փոքր է հենց այն երկրներում, որտեղ անձնական ազատությունները պաշտպանված են։
Transparency-ն ընդգծում է, որ որոշ երկրներ, որոնք ներքին կոռուպցիայի առումով գրանցում են բարձր արդյունքներ,, միևնույնն է՝ շարունակում են նպաստել տրանսնացիոնալ կոռուպցիայի տարածմանը։