Նորմալացում վերևից
Նախամոդեռն շրջանի կայսրությունների փլուզումը փոխեց ուժերի հարաբերակցությունը և հանգեցրեց քաղաքական նոր քարտեզի ձևավորմանը: Ուժերի հարաբերակցության բալանսը զգալիորեն խախտվեց՝ հանգեցնելով արևմտյան միահեծան հեգեմոնիայի հաստատմանը աշխարհում: Արևմուտքի գաղութատիրական քաղաքականությունը լավ քողարկված է. թվում է, թե նա հեռու է և միշտ գալիս է ազատագրելու: Պետք չէ մեծ երևակայության գիրկն ընկնել տեսնելու համար, որ թե՛ ազգայնականության և թե՛ տիտղոսային ազգի հիմքով մոդեռն պետության գաղափարները ի հայտ են եկել իբրև արևմտյան կապիտալիզմի նվաճողական քաղաքականությունը սպասարկող գործիքներ: Մինչդեռ կապիտալիզմի ձեռքը շարունակում է անտեսանելի մնալ, տեսանելի են ազգային/պետական սահմանները, և հեշտ կառավարելի է դրանց խամաճիկային ինքնիշխանությունը: Պետության և ազգի մասին գաղափարները կոչված են թաքցնելու գլոբալ կապիտալիզմի քաղաքականությունները իրենց շղարշի տակ: Հայ, թուրք և ադրբեջանական հարաբերությունները, լինեն դրանք նորմավորման թե բախման փուլում, վերարտադրում են արևմտյան մոնոցենտրիկ կապիտալիզմի կաղապարներ և գաղութային քաղաքականության նարատիվների արդյունք են:
Եթե հայ և թուրք հարաբերությունների կոնֆլիկտը առաջացավ Օսմանյան կայսրության փլուզման արդյունքում, ապա հայ-ադրբեջանական հարաբերությունները թշնամացան Սովետական Միության քանդման հետևանքով: Սրան զուգահեռ երբեք չի խարխլվել տարածաշրջանում և անընդհատական է դրսևորվում Արևմուտքի գաղութացնող նվաճողական քաղաքականությունը: Եւ հենց արևմտյան գաղութային նարատիվների գերակայությունն է պատճառ եղել, որ ներսից լրջորեն չի հարցադրվել ինչպես արևմտյան կապիտալիզմի քաղաքականությունը տարածաշրջանում, այնպես էլ տարածաշրջանային կոնֆլիկտների և դրանց արդյունքում եղած աղետների վրա այդ քաղաքականության ազդեցությունը: Սա հանգեցրել է կոնֆլիկտների կառավարելիության՝ վերևից, իսկ դրանց շուրջ արևմտածին նարատիվների դոմինանտությունը օգնել է վերարտադրել կոնֆլիկտի անլուծելիությունը տասնամյակներ շարունակ:
Լեռնային Ղարաբաղի հարցի ներկայիս հանգրվանում փորձ է արվում շրջել հայ-թուրք-ադրբեջանական հարաբերությունների նախորդ տրամաբանությունը: Սա նախևառաջ պայմանավորված է տարածաշրջանում Արևմուտքի քաղաքական դոմինանտությունը խմբագրելու ցանկության հետ: Ըստ էության, փորձ է արվում ձևավորել տնտեսական գոտի, որ կմիավորի ոչ միայն 3+2 (3) ֆորմատի երկրներին (Ռուսաստան-Թուրքիա-Իրան, Հայաստան-Ադրբեջան (Վրաստան), այլև տնտեսական նոր վերադասավորումներ և հարաբերակցություն կարող է առաջացնել ինչպես հետսովետական տարածքում, այնպես էլ մինչև Հնդկաստան և Չինաստան: Որքան էլ հնարավոր այս համագործակցությունը չի հավակնում շրջել լիբերալ կապիտալիստական տնտեսակարգը, ավելին՝ այն դրա մի երեսն է կամ շարունակությունը, այնուամենայնիվ, կապիտալիզմի տրամաբանությունը գոնե տեղ-տեղ հարցադրելու դեպքում այն կարող է վտանգել միակենտրոն արևմտյան քաղաքական հեգեմոնիան: Նույնիսկ կապիտալիզմի ներսում միաբևեռ համակարգի ճեղքումը ավելի լավ է, քան եթե այն մնա մոնոլիտ և կարծր:
Նույն կերպ հայ-թուրք-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը դրական տեղաշարժ է համեմատ հարաբերությունների իսպառ բացակայության և պատերազմական դրության: Սրանով հանդերձ, սակայն, հնարավոր չէ անտեսել, որ առայժմ հայ-թուրք-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման գործընթացները տեղի են ունենում էլիտաների մակարդակում: Ինչպես որ նշված հարաբերությունների վատթարացումն է ժամանակին եղել էլիտար երևույթ:
Սակայն եթե թշնամանքի և ատելության մթնոլորտը հանրային լայն շրջանակներ է հասել վերևից ուղղորդված և համակարգային ձևով, ապա
հարաբերությունների նորմալացման փուլում կարծես թե փորձ չի արվում խաղաղությանն ընդառաջ վերանայել քննարկվող բոլոր երեք պետություններում լայնորեն դրսևորվող համակարգային ֆաշիզմի քաղաքականությունները:
Այդ գործը կատարել չեն շտապում ո՛չ պետական սիստեմին տեսանելիորեն սերտաճած ինստիտուտները, ո՛չ էլ լայն իմաստով իշխանության վերարտադրության մեջ գործուն դերակատարություն ունեցող հասարակական կազմակերպությունները, ֆոնդերը, մեդիան և այլն:
Հարաբերությունների նորմալացումը ենթադրում է տնտեսական ապաշրջափակում և կապիտալի շրջանառություն, որը կհանգեցնի դրա նոր վերաբաշխման: Սակայն այս նորմալացումը դեռևս չի ենթադրում վերևից ուղղորդված հումանիտար և հասարակական մտքի քննադատություն և վերանայում:
Դեռևս անձեռնմխելի են մնում բոլոր երեք հանրույթներում վերևից գրված պատմության (history from above) կլիշեները, օրիենտալիստական գաղութային քաղաքականությունների արդյունքում ձևավորված ինքն/ընկալումները: Չի ենթադրվում նաև, որ նորմալացման արդյունքում բոլոր երեք պետական միավորները քաղաքական գնահատական կտան, կճանաչեն և կդատապարտեն պետական մակարդակով թե՛ Թուրքիայում կազմակերպված հայերի տեղահանություններն ու զանգվածային սպանությունները, թե՛ Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղի օկրուգում (հետագայում՝ չճանաչված հանրապետություն) վերևից կազմակերպված էթնիկ զտումները և բռնությունները:
Այս հարցերի առկախումը պայթուցիկի վտանգ ունի հարաբերությունների նորմալացման համար: Կապիտալիստական նեոգաղութատիրությանը միշտ ճեղքեր են պետք սողոսկելու և իր շահերին ծառայող կոնֆլիկտներ հարուցելու համար ամեն հարմար պահի, ամեն հարմար տեղում: Սրանով է թերևս պայմանավորված, որ չնայած ընթացող նորմալացման ակտիվ գործընթացներին լայն հասարակությունները մնում են հեռու և օտարված դրանցից: Մինչդեռ վերջին Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հակառակը՝ պատերազմի շուրջ կար հասարակական ակնառու համախմբում: Թշնամու կերպարը լավագույնս օգտագործում էին թե՛ հայ և թե՛ ադրբեջանական պետությունները՝ ապահովելով իշխանության շուրջ լայն կոնսոլիդացիա հասարակական գրեթե բոլոր խմբերի մասնակցությամբ:
Նույն կերպ տասնամյակներ ի վեր վիժեցվում էին Լեռնային Ղարաբաղի խնդրով խաղաղ բանակցությունները՝ պատճառաբանելով, թե հասարակությունները պատրաստ չեն դրան: Հիմա ոչ ոք հարց չի տալիս, թե ինչ պատահեց, այդ ինչ եղավ, որ նույն հասարակությունները այսօր առնվազն չեն խոչընդոտում նորմալացման գործընթացներին: Օրինակ՝ Հայաստանում ձայների մեծամասնությամբ կրկին իշխանության եկավ պատերազմում պարտված քաղաքական ուժը: Երևանում բողոքի ցույցեր ու երթեր չկան հայ-թուրքական կարգավորման բանակցություններին դեմ: Հայաստանում նույն իշխանությունը, որ երկու տարի առաջ ուղիղ տեքստով սպառնում էր, որ թուրքական յաթաղանը մտնելու է հայ մանուկների օրորոցները և նրանց խողխողի, եթե մարդիկ չկամավորագրվեն գնալու Ղարաբաղ, թուրքերը Վիեննայի պատերի տակ են հասնելու, եթե Եվրոպան օգնության չգա հայերին, այժմ հարաբերությունների նորմալացման է գնում: Սա ցույց է տալիս քաղաքական մշակույթի ամբողջ կեղծիքն ու մանիպուլյացիան, որին զոհ են գնում մարդիկ:
Ճիշտ է, հույսերն ու շանսերը մեծ չեն, որ արևմտյան գաղութատիրական նարատիվները և/կամ դրանցից ազդված ազգային պետությունների գաղափարական հիմնադրույթները հայ-թուրք-ադրբեջանական հարաբերությունների օրակարգից դուրս կգան տեսանելի ապագայում: Սակայն որքան էլ այդ նարատիվները դոմինանտող տեսանելիություն ունեն, այնուամենայնիվ, միակը չեն: Ժողովուրդները պատերազմներ և փակ սահմաններ չեն ուզում: Թշնամությունն ու ատելությունը արհեստածին են, հայ, թուրք ու ադրբեջանցի ժողովուրդները կարող են միասին մուտք գործել խաղաղության և բարեկամության վճռական ժամանակաշրջան: Եւ եթե անգամ սա թվա ուտոպիստական, նրանք արժանի են և կարող են իրենց թույլ տալ ունենալու ուտոպիա:
Գայանե Այվազյան
(Հեղինակին կարելի է հետևել Տելեգրամով)
Հոդվածը հրատարակվել է թուրքական Ագոս շաբաթաթերթում (21.01.2022): Թարգմանությունը՝ Վարդուհի Բալյանի