Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության՝ «Դիմադրություն» շարժման ցուցարարների կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ևս մեկ անձի ինքնություն, ով Երևան քաղաքի՝ 1994թ. ծնված բնակիչ Գոռ Մաթևոսյանն է: Վերջինս ձերբակալվել է:
Այս մասին հաղորդել են Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում։
Քրեական գործի նախաքննության ընթացքում մինչ այս ձերբակալվել է երեք անձ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ընդդիմադիր ակտիվիստներ Գոռ Սարգսյանը և Արսեն Մարտոյանը։ Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար քննիչը որոշում է կայացրել՝ վերջինիս ձերբակալելու մասին։
Դեպքը տեղի էր ունեցել Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում․ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին կանգառում կանգնած 74, 56, 72 և 84 տարեկան տղամարդկանց և ծեծել նրանց։