Home / Հայաստան / Ադրբեջանը չեկավ, բայց գրգռվեց Երևանում բոքսի Եվրոպայի առաջնության բացումից

Ադրբեջանը չեկավ, բայց գրգռվեց Երևանում բոքսի Եվրոպայի առաջնության բացումից

Մայիսի 22-ին Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ ակտիվիստների կողմից Արցախի դրոշը բեմ բարձրացնելու ու ծածանելու առթիվ Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան ընդդեմ Հայաստանի բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիա ու եվրոպական կոնֆեդերացիա, գրում է ադրբեջանական APA գործակալությունը։

«Այս մրցույթը պետք է ծառայի բռնցքամարտի համաշխարհային ընտանիքի վեհ առաքելությանը՝ մարդկանց և երկրներին միավորելուն ու սպորտի միջոցով բարեկամություն ստեղծելուն․․․ Բացման արարողության ժամանակ հյուրընկալող երկիրը սադրիչ գործողություններ է կատարել։ Որպես Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային հավակնությունների «խորհրդանիշ» ցուցադրվել է անօրինական մարմնի այսպես կոչված «դրոշը»», – ասվում է Ադրբեջանի ներկայացրած բողոքի նամակում։

Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը անցկացվում է Հայաստանում։ Բացման արարողությունը տեղի ունեցավ մայիսի 22-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հայաստան են ժամանել շուրջ 300 բռնցքամարտիկներ՝ ավելի քան 45 երկրից։

Բացմանը ելույթ ունենալու համար ամբիոնին մոտեցավ վարչապետի աշխատակազմի ղեկավար, առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

Դահլիճից վազելով բեմ բարձրացան երկու ընդդիմադիր երիտասարդներ։ Նրանք ծածանում էին Արցախի դրոշը։ Արայիկ Հարությունյանը լուռ կանգնած էր, երիտասարդները լուռ դրոշ էին պահում։ 

Քիչ անց վազելով բեմ բարձրացան նաև անվտանգության աշխատակիցները, ինչից անմիջապես հետո ակտիվիստները՝ դրոշներով հանդերձ, վազելով իջան բեմից։ Ակցիան ավարտվեց։

«․․․Երբ ստացանք մրցաշարը մեր երկրում անցկացնելու հնարավորությունը, ջանք ու եռանդ չխնայեցինք այն լավագույնս կազմակերպելու համար», – ավելի ուշ հայտարարեց Հարությունյանը։

Այն, որ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը 2022 թվականին հյուրընկալելու է Հայաստանը, հայտնի էր դեռևս անցյալ տարվանից։ Որոշումը կայացնում է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան․ 9 քվեարկողից 7-ը ձայնը տվել էին Հայաստանին։ 

Ադրբեջանը Երևանում անցկացվող Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելուց հրաժարվել էր։