Home / Շուկա / Ռուսաստանի պատերազմի տնտեսական հետևանքները․ պարենի դեֆիցիտ ու գնաճ

Ռուսաստանի պատերազմի տնտեսական հետևանքները․ պարենի դեֆիցիտ ու գնաճ

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումը տնտեսական հետևանքներ է թողել ամբողջ աշխարհի վրա։ Ազդեցությունն ամենից շատ արտահայտվում է պարենի դեֆիցիտի տեսքով։ Երկու երկրներն էլ հանդիսանում են գյուղատնտեսական արտադրանքի հիմնական մատակարարները, իսկ շարունակվող հակամարտությունն ավելի է ընդգծում պարենի մատակարարման համաշխարհային շղթաների փխրությունը․ երկու կարևոր խաղացողներ, ըստ էության, որոշ ժամանակով դուրս են եկել շուկայից։ 

Իրավիճակը՝ տոկոսներով

Պատերազմից առաջ՝ 2021թ․-ին, Ռուսաստանն ու Ուկրաինան աշխարհում առաջատար դիրք էին զբաղեցնում գարու, եգիպտացորենի, արևածաղկի ձեթի ու սերմերի արտահանմամբ։ Երկու երկրներն էլ ապահովում էին համաշխարհային ցորենի մատակարարման գրեթե 30%-ը։ Ստեղծված իրավիճակը հանգեցրել է մատակարարումների սահմանափակման, իսկ արդյունքում՝ գնաճի։


Պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխությունը, Աղբյուրը՝ FAO

Ռուսաստանի ռազմավարության մեջ է մտնում ուկրաինական նավահանգիստների շրջափակումը, որոնք կենսական նշանակություն ունեն պարենամթերքի արտահանման համար: Մայիսի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անհանգստություն հայտնեց մոտեցող պարենային ճգնաժամի կապակցությամբ և կոչ արեց միջազգային առաջնորդներին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանգնեցնելու նավահանգիստների շրջափակումը, որպեսզի ուկրաինական ցորենը դուրս գա միջազգային շուկա։ Պատերազմի սկզբից ի վեր վերջին 3 ամիսների ընթացքում Ուկրաինայի նավահանգիստներից չի արտահանվել մոտ 25 մլն տոննա հացահատիկ։

Մեծ Յոթնյակի երկրները այս առնչությամբ հանդիպեցին Գերմանիայում՝ քննարկելու հացահատիկի փոխադրման խնդիրները, հայտարարելով, որ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումը «հանգեցրել է նորագույն պատմության մեջ պարենային ու էներգետիկ ամենալուրջ ճգնաժամերից մեկին», որն այժմ վտանգում է աշխարհի ամենաաղքատ երկրները։

Չնայած ուկրաինական նավահանգիստների շրջափակմանը, Ռուսաստանը չի դադարեցրել հացահատիկի արտահանումը Սև և Ազովի ծովերով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այս տարի երկրում ցորենի ռեկորդային բերք է սպասվում։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները արգելափակել են լոգիստիկան ու վճարումները՝ բարդացնելով, իսկ որոշ դեպքերում՝ անհնարին դարձնելով շատ գործարքներ։


Համաշխարհային ցորենի առաջատար արտադրողները 2021թ․-ին, Աղբյուրը՝ USDA

Պատժամիջոցները նաև կարող են կանգնեցնել Ռուսաստանից այնպիսի կարևոր ապրանքների ներմուծումը, ինչպիսիք են թունաքիմիկատներն ու սերմերը: Դա կարող է հանգեցնել ցածր բերքատվության և անորակ բերքի:

Պարենի համաշխարհային դեֆիցիտը նշանակում է, որ գները բարձրացել են։ Չնայած սննդամթերքի գները աճում էին դեռևս 2020թ․-ին՝ առանց պատերազմի միջնորդության։ Ըստ Պարենի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, պարենի գները ռեկորդային բարձր մակարդակ են գրանցել 2022 թվականի մարտին․ 12,6%-ով ավելի թանկ, քան փետրվարին (ամենաբարձր ցուցանիշը սկսած 1990-ական թվականներից):

Այս ամենը վտանգ է ներկայացնում այն ​​երկրների համար, որոնք արդեն իսկ տնտեսապես խոցելի են և մեծապես կախված են ռուսական ու ուկրաինական ցորենից: Խոսքը Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Կենտրոնական Ասիայի երկրների մասին է։ Լիբանանն, օրինակ, Ուկրաինայից ստանում է երկրի ցորենի մոտ 50%-ը: Երկիրն այժմ շատ խորը տնտեսական ճգնաժամի մեջ է։ Աֆրիկյան երկրները, որոնք արդեն պարենային ճգնաժամ էին ապրում COVID-19 համաճարակի և բնական աղետների ժամանակ (երաշտ, ջրհեղեղ և սողանք), այժմ պայքարում են սննդի պակասի և գների կտրուկ աճի դեմ:


Ռուսական և ուկրաինական ցորենից ամենաշատ կախում ունեցող երկրները, Աղբյուրը՝ Human Righst Watch

Արտահանման արգելք 

Մարտին Ռուսաստանը ժամանակավորապես արգելեց հացահատիկի արտահանումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներ՝ Հայաստան, Ղազախստան ու Ղրղզստան։ Բելառուսը, որը նույնպես ԵԱՏՄ անդամ երկիր է, չընկավ արգելքի տակ։ 

Հիշեցնենք, որ մարտին Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում խուճապ էր սկսվել՝ ալյուրի, ձեթի, մակարոնեղենի, շաքարավազի դեֆիցիտի ու գնաճի պատճառով։ Այժմ, կարծես, այդ խնդիրը չկա։ 

Ի պատասխան, Ղազախստանը արգելեց հացահատիկի արտահանումը Կենտրոնական Ասիայի հարևան երկրներին։ Ղազախստանը ցորենի խոշոր արտադրողներից է, բայց այն նաև ցորեն է ներմուծում Ռուսաստանից՝ ներքին սպառման և այլ երկրներ՝ Տաջիկստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղզստան, վերավաճառելու համար։ Այս երկրները ցորենի ներմուծման մոտ 90%-ը ստանում են Ղազախստանից։

Խնդրի հնարավոր լուծումները

Մայիսի 23-ին Պենտագոնը հայտարարեց, որ մոտ 20 երկրներ, Ուկրաինայի անվտանգության համար, օգնության նոր փաթեթներ են կազմել։ Դանիան խոստացել է Ուկրաինա ուղարկել Harpoon արձակման կայաններ և հականավային հրթիռներ, որոնք կարող են օգնել ճեղքել շրջափակումը և ապահովել պարենամթերքի մատակարարումը դեպի ծով:

ԵՄ-ն, իր հերթին, հայտնում է, որ մտադիր է ցամաքային միջանցք կառուցել դեպի Բալթիկ ծովի լեհական նավահանգիստներ (Գդանսկի ու Գդինյայի)։