Home / Բանակ / Տասը անգամ չափել, մինչ կտրելը․ Լավրովը Անկարայից հետո Երևանում է

Տասը անգամ չափել, մինչ կտրելը․ Լավրովը Անկարայից հետո Երևանում է

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով ժամանել է Երևան՝ Անկարայում իր թուրք պաշտոնակցի հետ բանակցություններից հետո։ 

Այսօր արդեն կայացել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Առանձնազրույցին հաջորդել է մամլո ասուլիսը։ Քննարկումների առանցքում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցերը։

Արարատ Միրզոյան 

—Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն, մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել էր ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմամբ։ 

—Ռազմական գործողությունների ավարտից գրեթե մեկ ու կես, երկու տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է հայտարարության դրույթների կատարումը և հրաժարվում վերադարձնել հայ ռազմագերիներին և մյուս պահվող անձանց։  Հույս ունենք, որ ռուսական կողմն էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ։

Տարածշրջանային հաղորդակցությունների բացումը կարող է նոր հնարավորություն ստեղծել, այդ թվում՝ դիվերսիֆիկացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև լոգիստիկ կապը։ Հուսով ենք, որ փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խումբը, որի վերջին նիստը տեղի ունեցավ վերջերս Մոսկվայում, իր դրական արդյունքները կգրանցի։

—Բոլոր ճանապարհները, որոնք պետք է վերաբացվեն կամ բացվեն, մնալու են և գործելու են այն երկրների սուվերենության և իրավասությունների ներքո, որոնց տարածքով անցնում են: Այսինքն, բնականաբար, միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, և սա ուզում եմ ընդգծել՝ համընդհանուր ընկալում է: 

Սերգեյ Լավրով

—Ինչպես գիտեք, (Հայաստանի ու Ադրբեջանի միջև) երկաթգծային ուղին համաձայնեցված է։ Ներկայում ավարտվում է ավտոմոբիլային ուղու համաձայնեցումը և ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի։ Այն պարզեցված է լինելու, բայց այն հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և որևէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող։ Սրանք բաներ են, որ կապված են պրակտիկ գործողությունների հետ, որոնք կապված են տևական ենթակառուցվածքի ստեղծման հետ, ուստի այստեղ ավելի լավ է տասը անգամ չափել, մինչ կտրելը։ 

—Այս տարի մենք նշում ենք (հայ-ռուսական) դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Պատրաստվում ենք Երևանի կենտրոնում տեղադրել ռուս-հայկական բարեկամության հուշարձան՝ «միասնություն՝ դարերով»։ Վաղը Ռուսաստանում սկսում են հայ մշակույթի օրերը, իսկ երկրորդ կիսամյակում, արդեն Հայաստանում, կանցկացվեն Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը։ 

—Ռուսաստանը շարունակում է մնալ առաջատար առևտրային գործընկեր, Հայաստանի տնտեսության առաջատար ներդրողը։ 

Ընդդիմություն

Արտգործնախարարների հանդիպմանը զուգահեռ ընթանում էր ընդդիմության ակցիան։ «Նիկոլը Հայաստանի հետ կապ չունի», «Арцах не может быть в составе Азербайжана», «Нет Турецкому фашизму» պաստառներով հավաքի մասնակիցները հայտարարում էին, որ Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի՝ բանակցություններ վարելու համար։

«Քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա և կարող եմ երկու ապացույց բերել ասածիս։ Նախ, անցած ամառ տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ Հայաստանի քաղաքացիները որոշակի շատ հստակ պատասխաններ են տվել մի շարք հարցերի և հանգուցալուծել են այն ժամանակ առկա իսկապես քաղաքական ճգնաժամը։ Եվ երկրորդը, մենք հետևում ենք տեղի ունեցող միտինգների բազմամարդությունը կամ սակավամարդությունը թերևս չի խոսում այն մասին, որ այդ հանրահավաքները աջակցություն ունեն ՀՀ քաղաքացիների կողմից։

Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է և բոլորը խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունք ունեն», – պատասխանել է Արարատ Միրզոյանը ռուս լրագրողի Հայաստանում քաղաքական ճգնաժամի ու ընդդիմության ակցիաների մասին հարցին։