Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասնակից 26-ամյա Իլհամ Հասանովն ինքնահրկիզման փորձ է կատարել Ադրբեջանի Շամքիրի շրջանի Գործադիր իշխանության շենքի դիմաց։
Ականատեսներն անմիջապես շտապել են հրդեհը մարելու և տուժածին տեղափոխել են հիվանդանոց։
Ըստ Meydan.tv լրատվականի՝ նա բազմիցս դիմել է գործադիր իշխանություններին՝ իր խնդիրները լուծելու խնդրանքով։
Իր հերթին, դեպքի առնչությամբ տեղեկություն է տարածել Շամքիրի շրջանի գործադիր գրասենյակը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Իլհամ Հասանովը եղել է 2020թ․-ի Հայրենական պատերազմի մասնակից, ինչի ժամանակ ստացել է բեկորային վիրավորում և տառապել է հոգեկան խանգարումներից։
Հասանովը բուժվում էր թիվ 1 հանրապետական հոգեբուժարանում։ Նա բողոքում էր, որ բուժումն անօգուտ է և որ իրեն հաշմանդամության կարգավիճակ չեն տրամադրում։
Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի վետերանները պարբերաբար բողոքում են սոցիալական վատ պայմաններից՝ դուրս գալով բողոքի ակցիաների։ Ցուցարարները հայտարարում են, որ Պաշտպանության նախարարությունը վետերանի կարգավիճակ չի տրամադրում Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների մասնակիցներին, ինչը նրանց զրկում է նպաստ ստանալու իրավունքից։