Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հրամայել է խստորեն հետևել «հիջաբի և ողջախոհության» մասին օրենքի պահանջներին․ որոշ հաստատություններում կանանց հագուկապին վերաբերող մի շարք նոր սահմանափակումներ են ներմուծվել։ «Ոչ պատշաճ հիջաբով» կանանց մուտքը այժմ կարող է պարզապես արգելվել, փողոցում նրանց կարող են կանգնեցնել, հարցաքննել, ձերբակալել։ Իրանցի կանայք հուլիսի 12-ին պատրաստվում են դուրս գալ փողոց՝ «առանց հիջաբի» բողոքի ցույցի։
Երեկ իրանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Ռայիսին հայտարարել է, որ հիջաբ կրելու անպատրաստակամությունը ծրագրավորված միջոց է, որն առաջնորդում է իսլամական հասարակությանը դեպի «բարոյական կոռուպցիա»։ Իրանի նախագահը սրանում մեղադրել է Միացյալ Նահանգներին։
«Իրանի և իսլամի թշնամիները, օգտագործելով լայն տարածում ունեցող արբանյակային հեռուստատեսությունը և սոցցանցերը, թիրախավորում են հասարակության մշակութային հենասյունը և այն հիմքը, որից բխում են դրա կրոնական արժեքները»,- Iran International-ի փոխանցմամբ, ասել է Ռայիսին։
Հուլիսի 15-ից կանանց գլխաշորերը պետք է փակեն ոչ միայն մազերը, այլև վիզն ու ուսերը․ նախագահը հրամայել խստորեն հետևել այս պահանջին։
Մաշհադ քաղաքի դատախազի տեղակալը կարգադրել է արգելել «ոչ պատշաճ հիջաբով» կանանց մուտքը հանրային տրանսպորտ, բանկային և կառավարական հաստատություններ։
Իրանական Մելլաթ բանկն էլ, որը երկրում ավելի քան 1400 մասնաճյուղ ունի, արգելել է իր աշխատակիցներին բարձրակրունկ կոշիկներ և զուգագուլպաներ կրել։ Բացի այդ, բանկում աշխատող տղամարդ մենեջերներին արգելվել է ունենալ կին ադմինիստրատիվ օգնական(ներ)։
Վերջին շաբաթներին խստացել են նաև «հիջաբի ոստիկանության» կամ «ողջախոհության ոստիկանության»՝ փողոցային պարեկների գործողությունները։
Կինը, ում գլխաշորի տակից երևում են նրա մազերը, հարցաքննվում է իրանական «ողջախոհության ոստիկանության» կողմից․ ֆոնին հատուկ կանանց ձերբակալելու համար նախատեսված մեքենան է։ Iran International, 2022 թ. հունիս:
Ի պատասխան կառավարության կողմից աճող ճնշումների՝ իրանցի կանայք որոշել են փողոց դուրս գալ․ ըստ սոցցանցերով տարածվող անոնսների, կանայք հուլիսի 12-ին պատրաստվում են առանց հիջաբի ցույց անել։
http://twitter.com/Aghdas_K/status/1544598967870279681
Իսլամական հանրապետությունում պահանջվող հիջաբը բաղկացած է խամրած գույն ունեցող երկար և ազատ հագուստից (հագնում են տաբատի վրայից) և նույնատիպ գլխաշորից, որը պետք է ամբողջովին ծածկի մազերը և ուսերը։ Որոշ կանայք գլխաշորը երբեմն փոխարինում են ավելի փոքր չափերի գույնզգույն կտորներով կամ հագնում են կիպ նստող կարճ շորեր․ սա համարվում է հիջաբի «ոչ պատշաճ» կրում, որը (ոչ միշտ, բայց) կարող է պատժվել տուգանքից մինչև ձերբակալություն։
Իրանում 1979 թվականի իսլամական հեղաշրջումից ի վեր հիջաբ կրելը պարտադիր է 9 տարեկանից բարձր բոլոր կանանց և աղջիկների համար։
Շատ իրանցիներ համաձայն չեն հարկադիր հիջաբ կրելու օրենքի հետ և համարում են դա մարդու իրավունքների խախտում։ Տարիներ շարունակ որոշ իրանցի կանայք փորձել են ընդլայնել ընդունելի համարվող հանդերձանքի սահմանները։