Հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում էր ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին նույն օրը հայտնել էր Պաշտպանության նախարարությունը։
Այսօր արդեն Քննչական կոմիտեն հայտնում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ և մեկ անձ ձերբակալվել է։
«ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը, ըստ նախնական տվյալների, նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց, ինչի արդյունքում վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բուժհաստատություն», – ասվում է ՔԿ-ի հաղորդագրությունում:
Վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր, ավելի ուշ հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։