Home / Բանակ / «Թևակոխում ենք 4-րդ շրջափուլ»․ իրադրությունը սրվում է, երկխոսությունը չի ստացվում

«Թևակոխում ենք 4-րդ շրջափուլ»․ իրադրությունը սրվում է, երկխոսությունը չի ստացվում

Լեռնային Ղարաբաղի Հադրութի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի շրջանների, Շահումյանի, Գետաշենի, Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանզիմներ պետք է գործարկվեն՝ կառավարության նիստին հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արտգործնախարարությանը, ըստ նրա, հանձարարել է այս թեմայով պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ։

Միջազգային այս մեխանիզմը, ըստ Փաշինյանի, սահմանված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, բայց մինչ օրս չի գործարկվել։

Եռակողմ հայտարարության 7-րդ կետի համաձայն, «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։

«Այս կապակցությամբ պետական մարմիններին են դիմում նաև Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներ՝ բողոքելով, թե ինչու մենք նրանց իրավունքների, միջազգային խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ իրենց տները վերադարձնելու հարցը չենք բարձրացնում։ Խնդիրն այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը վերաբերում է միայն Լեռնային Ղարաբաղի և նրան անմիջապես հարակից շրջանների փախստականներին և ներքին տեղահանվածներին, բայց սա, իհարկե, խոչընդոտ չէ, որ այդ և այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներն ինքնակազմակերպվեն և իրենց գույքային, վերադարձի և այլ իրավունքները պաշտպանեն միջազգային ատյաններում»։

Վերադարձի իրավունքի մասին ակտիվորեն խոսում է նաև պաշտոնական Բաքուն։ Ադրբեջանական թերթերը վերջերս գրում էին, որ Ադրբեջանի կառավարության հովանավորությունը վայելող «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» նախաձեռնությունը դիմել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին և խնդրել աջակցել Հայաստան ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին, պլաններ ստեղծել, որպեսզի իրենք կարողանան այցելել իրենց տները, գերեզմանները և այլն։

«Թևակոխել ենք 4-րդ շրջափուլ»

Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ՝ հավելել է վարչապետը․ «Թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ»։

Երևանը առաջիկայում կներկայացնի իր դիտարկումները։

Մեկ ամիս առաջ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին։ Երեկվա ասուլիսին Փաշինյանն նշել է, որ հայկական կողմը ստացել է Բաքվի պատասխանը՝ որոշակի առաջընթաց կա, բայց բանակցային ճանապարհին ի հայտ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ։

Ավելի վաղ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ Խաղաղաղության պայմանագրի տեքստում Հայաստանն ու Ադրբեջանն առայժմ համաձայնության գալ չեն կարողանում 3-4 կետերի շուրջ։

Պաշտոնական Երևանը հաճախ է խոսում միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին, որի շրջանակներում Ստեփանակերտը և Բաքուն պետք է կքննարկեն ղարաբաղահայերի անվտանգությունն ու իրավունքները։ Բաքվից հայտարարում են, որ նման մեխանիզմի մասին խոսք լինել չի կարող։ Միևնույն ժամանակ՝ Հայաստանը հայտարարում է, որ խաղաղության պայմանագիրը պետք է ունենա երաշխավոր (միջնորդ), ինչի անհրաժեշտությունն է պնդում նաև Մոսկվան։ Ադրբեջանական կողմը, դատելով մեկնաբանություններից, մերժում է նաև այս առաջարկը, Վաշինգտոնից հնչող մեկնաբանություններն էլ կարևորում են ուղիղ բանակցությունները՝ առանց միջնորդի:

Ադրբեջանը վիժեցնում է Բաքու-Ստեփանակեր երկխոսությունը

Ադրբեջանն ամեն ինչ անում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար՝ հայտարարեց Փաշինյանը։

«Ընդամենը երկու հանդիպումից հետո Բաքուն հայտարարում է, թե ԼՂ հայերի հետ քննարկելու է վերաինտեգրման թեման, միչդեռ միջազգային պայմանավորվածությունն այն մասին է, որ քննարկումը պետք է լինի ԼՂ ժողովուրդների իրավունքների և անվտանգության մասին», – նշել է գործադիրի ղեկավարը՝ կրկին կարևորելով Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջագային մեխանիզմի գործարկումը։ Առանց մեխանիզմի օրակարգը կձախողվի, մոռացության կմատնվի Բաքվի կողմից։

Մարտի 1-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած Ստեփանակերտ֊Բաքու հանդիպումից հետո իրադրությունը սրվեց։ Մինչ ղարաբաղյան կողմը պնդում էր, որ Բաքվի հետ փակ շփումների օրակարգում Լաչինի միջանցքի բացմանը, էլեկտրա֊ և գազամատակարարումներին և ղարաբաղյան հանքերին առնչվող հարցեր էին, Բաքվի բանագնացը գոհունակությամբ հայտարարում էր, որ հանդիպմանը քննարվել է Ղարաբաղի շրջանի հայերի Ադրբեջանին ինտեգրվելու հարցը։ Ստեփանակերը՝ ի դեմս նախագահի, ԱԳՆ֊ի և ԱԽ֊ի, շրապեցին հերքել։ Ինտեգրացիոն գործընթացը բացառված է՝ հայտարարեց ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Օրեր անց՝ մարտի 5-ի դիվերսիոն հարձակման մասին խոսելիս, Հարությունյանը հայտարարեց, որ Բաքուն իր խողովակներով վերջնագիր է ներկայացրել Ստեփանակերտին՝ «կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»։ Ստեփանակերտը չի ընդունել։ 

Իրադրությունը սրում են

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստումներ է տեսնում, կառավարության նիստի մեկնակին հայտարարել է Փաշինյանը։

Չնայած ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշման, Ադրբեջանը շարունակում է փակ պահել Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Միաժամանակ, ըստ Փաշինյանի, տեսնում ենք իրադրությունը շփման գծում ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ։

Մարտի 5-ի դիվերսիոն հարձակումը, որի հետևանքով 3 հայ ոստիկան (և 2 ադրբեջանցի զինծառայող) է զոհվել, տեղի է ունեցել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։

ՌԴ ՊՆ-ն մարտի 6-ին արձանագրել է, որ դեպքի նախաձեռնողն ադրբեջանական կողմն էր և որ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վարույթ է իրականացվում՝ դեպքի մանրամասները պարզելու համար։ Հատուկ գնահատականի պետք է արժանանա փաստը, որ ԼՂ ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում, որը միայն փակված ճանապարհահատվածը չէ, այլև 5 կմ տարածք՝ անվտանգության գոտի։

Ադրբեջանի պնդումները, իբր Հայաստանը Ղարաբաղում բանակ ունի և Հայաստանից դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ է իրականացնում, Փաշինյանը անհիմն է որակել։ Ադրբեջանը, ըստ Հայաստանի վարչապետի, փորձում է սա տարածաշրջանային ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել։

Գործադիրի ղեկավարը շեշտել է՝ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Առաքելության գործողումը ԼՂ, ըստ նրա, կարևոր է՝ «հասցեագրելու համար Ադրբեջանի անհիմն պնդումները»։