Բաքուն «լի է Ղարաբաղի հայկական ծագմամբ բնակիչների վերաինտեգրման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վճռականությամբ», այս հարցերը քննարկելու «հրավերը դեռևս ուժի մեջ է»՝ Ադրբեջա՝նի արտգործնախարարությունը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։
Կառավարության հունիսի 22-ի նիստին Հայաստանի վարչապետը ահազանգել է․ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շարունակում է սրվել։ Հակարիի կամրջի վրա հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպից հետո ադրբեջանցի սահմանապահները ամբողջությամբ շրջափակել են Լաչինի միջանցքը, սննդի և դեղորայքի մատակարարումները դադարեցվել են, արգելված է նույնիսկ Կարմիր խաչի մեքենաների երթևեկությունը, ամիսներ շարունակ Ստեփանակերտում և շրջաններում գազ չկա (ադրբեջանցիները փակել են խողովակը), հունվարից խափանված է նաև էլեկտրաէներգիայի մատակարարումը։
«Ամեն ինչ արվում է հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու համար։ Հենց սա՛ է էթնիկ զտման քաղաքականությունը», – նշել է Փաշինյանը, ըստ որի՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու ընդամենը երկու տարբերակ կա։
Նախ, պետք է ի կատար ածվի Լաչինի միջանցքը բացելու մասին Արդարադատության դատարանի որոշմումը (հրապարակվել է փետրվարի 22-ին, առ այսօր չի իրականացվել, ըստ Փաշինյանի՝ սրանով պետք է զբաղվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը), երկրորդը՝ պետք է գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը (Բաքուն մերժում է այս առաջարկը և պնդում, որ Ղարաբաղի հայերի խնդիրները Ադրբեջանի ներքին հարցն են)։
Ինչպե՞ս է Փաշինյանը պատկերացնում այս քայլերի իրագործումը՝ պարզ չէ։
աբսուրդային մտքեր
Ժամեր անց Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում Հաագայի դատարանի որոշման և Լաչինի միջանցքը փակ պահելու մասին Փաշինյանի հայտարարությունները որակել է որպես «աբսուրդ մտքեր»։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը խաթարվել է հունիսի 15-ի միջադեպի պատճառով, և մեղադրել Երևանին։
Էթնիկ զտումների վերաբերյալ հայտարարություններին Ադրբեջանի ԱԳՆ-ն այսպես է հակադարձել․ «Հայաստանն է 30 տարի էթնիկ զտման ենթարկել գրեթե մեկ միլիոն ադրբեջանցիներին»։ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկման հնարավորությունը կրկին մերժվել է՝ հիմնավորմամբ, թե «Ադրբեջանի տարածքում» ապրող «հայկական ծագում ունեցող բնակիչների հետ» երկխոսության, նրանց իրավունքներն ու ազատությունները ապահովելու հարցը Ադրբեջանի ներքին գործն է։
Հաղորդագրությունը ամփոփվել է վերաինտեգրումը քննարկելու հրավերով։
Բադալյանը՝ Զախարովային և Բաքվին․ կատարեք պարտականությունները
Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, փակ է դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից։ Ապրիլի 23-ին միջանցքի սկզբնամասում՝ Հակարիի կամրջի վրա, ադրբեջանական անցակետ է տեղադրվել։ Հետագայում տեղաշարժը (խաղաղապահների ավտոբուսներով և կարմիր խաչի մեքենաներով) մասամբ վերականգնվել է։
Հունիսի 15-ին կամրջից այս կողմ (Հայաստանի տարածքում) ադրբեջանական դրոշի տեղադրելու անհաջող փորձերից հետո Բաքուն ամբողջությամբ արգելափակել է տեղաշարժը։ Տեղաշարժի իրավունքից զրկվել են նաև Կարմիր խաչն ու ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք առաջին անհրաժեշտության ապրանքներ էին տեղ հասցնում և հիվանդների տեղահանում նախորդ կես տարվա ընթացքում։
Ի՞նչ է տեղի ունեցել հունիսի 15-ին։ Մի խումբ ադրբեջանցի զինծառայողներ անցել են կամուրջը և փորձել հայ-ադրեջանական սահմանին գտնվող կամրջի մյուս կողմում ադրբեջանական դրոշ տեղադրել։ Հայկական կառավարամետ լրատվամիջոցներում տարածվել են միջադեպի տեսագրությունները, որոնցում երևում է՝ ինչպես են ռուս խաղաղապահները ուղեկցում և պաշտպանում դրոշակակիր ադրբեջանցիներին։
Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել է, որ կանխել է Հայաստանի տարածքում սադրանքը։ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաղորդել է մեկ վիրավորի մասին։
Դեպքից հետո ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Հայաստանի արտգործնախարարություն։
«Հունիսի 15-ին Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ»,- նախօրեին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Երևանից հակադարձել են՝ հունիսի 15-ի միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լաչինի միջանցքում, այլ Հայաստանի տարածքում՝ Հակարի կամրջի հայկական կողմում։
«Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման բացակայության պատճառով հնարավոր չէ հստակ ասել, թե որտեղով է անցնում սահմանագիծը, և դա է շարունակական խնդիրների պատճառը, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ հիմքով և սկզբունքով էր կամրջի այս կողմում տեղադրվում ադրբեջանական դրոշ<․․․>
Պարզ չէ, թե ինչու էին Ադրբեջանի այդ գործողությանը մասնակցում Ռուսաստանի խաղաղապահները, երբ գործողության թե՛ նպատակը, թե՛ անգամ վայրն ակնհայտորեն դուրս էին խաղաղապահների գործառույթների շրջանակից և պատասխանատվության գոտուց», – հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը և կոչ արել եռակողմ հայտարարությունները ստորագրած կողմերին «արդարացումներ փնտրելու փոխարեն անշեղորեն իրականացնել ստանձնած հանձնառությունները»։
օրավարձով դիրքեր
«Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը», – գրել է Ղարաբաղի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Նա լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են Լաչինի միջանցքը արեգալափակած ադրբեջանական զրահամեքենաները․ «Սա՞ է «ազատ տեղաշարժի» իրենց երաշխիքը, որ այդքան խաբում են աշխարհին, թե, իբր, շրջափակում չկա»։
Հայտարարություն է տարածել նաև Ղարաբաղի ԱԳՆ-ն։ Ադրբեջանը Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչներին զրկում է գոյատևման նվազագույն միջոցներից, գիտակցաբար սովի մատնում և ուժի/ուժի կիրառման սպառնալիքի ներքո սեփական կամքը պարտադրում, ուստի՝ Ստեփանակերտը պահանջում է միջազգային հանրությունից «ձեռնարկել հրատապ և արդյունավետ հարկադրական բնույթի միջոցներ»։
Ղարաբաղում, ըստ որոշ տեղեկությունների, սկսել են մարդկանց զորակոչել։ Epress.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի բնակիչը հաստատել է, որ օրավարձով դիրքեր են տանում նաև քաղծառայողներին։