Մոսկովյան բանակցություններից մեկ օր անց Լեռնային Ղարաբաղի նախագահը հայտարարել է, որ դադարեցնում է Ստեփանակերտի կենտրոնական հրապարակի վրանում իր նստացույցը և վերադառնում «աշխատանքային արտակարգ ռեժիմի»։ Իր նստացույցը և Ղարաբաղում մոտ երկու շաբաթ առաջ մեկնարկած «համաժողովրդական շարժումը» նա արդունավետ է համարում, քանի որ «Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացել է», Հայաստանից հումանիտար աջակցություն է ուղարկվում, «նաև մեր ջանքերի հաշվին երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը, որի արդյունքները, սակայն, մեզ համար ընդունելի չեն»։
Ստեփանակերտ-Բաքու «նշաձողը»
Մինչ այդ, հայտարարություն է տարածել նաև Լեռնային Ղարաբաղի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ «համաժողովրդական շարժման» հիմնական համակարգողն ու բանախոսը։
«Հայաստանի Հանրապետության իշխանությունները հայտարարել և հայտարարում են, որ անհրաժեշտ է Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն՝ միջազգային մեխանիզմի շրջանակում: Արցախի ժողովուրդը ևս հասկանում է, որ երկխոսությունն անհրաժեշտ է՝ խոսելու, քննարկելու, մեր իրավունքները՝ այդ թվում ինքնորոշման իրավունքը ներկայացնելու և պաշտպանելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն նպաստելու համար:
Բայց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի երեկվա հայտարարությունից պարզ է դառնում, որ ՀՀ կողմից արդեն որոշվել է այդ երկխոսության ընթացքում քննարկման ենթակա հարցերի շրջանակը կամ ՀՀ-ն համաձայնվել է Ադրբեջանի կողմից առաջարկված քննարկման առարկայի հետ», – գրել է ղարաբաղյան պաշտոնյան։
Ռուսաստանի արտգործնախարարը՝ ամփոփելով հայ և ադրբեջանցի գործընկերների հետ բանակցությունները, երեկ երեկոյան հայտարարել էր․ «Հայկական կողմը ըմբռնում ունի, որ Լեռնային Ղարաբաղի հայերին անհրաժեշտ է համոզել շուտափույթ ներգրավվել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների մեջ՝ համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի), ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ կոնվենցիաները, բխող իրավունքները համաձայնեցնելու համար»:
Ստեփանակերտը ավելի վաղ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցություններից հրաժարվել էր՝ պատճառաբանելով, որ Ադրբեջանի պարտադրած օրակարգի՝ Լեռնային Ղարաբաղի (Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Բաքուն այս ձևակերպումն այլևս չի օգտագործում, ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններում նշվում է «Ղարաբաղի շրջան») ինտագրման շուրջ երկխոսությունը ստեղծված պայմաններում կանխավ ձախողված է։
տե՛ս Չինովնիկների նստացույցը Ղարաբաղի հայերի միակ ճանապարհը չէ
Պաշտոնական Մոսկվայի հայտարարությունից հետո Ստեփանակերտից պարզաբանումներ են պահանջում Երևանից․
«Հիմա կամ ՀՀ կողմից պետք է հերքվի այդ հանգամանքը, կամ պետք է արձանագրենք, որ անասելի չափ իջեցվել է նաև Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը»: Սա շատ կարևոր է, որպեսզի հայ ժողովուրդը, այդ թվում՝ արցախահայությունը, հասկանան իրենց հետագա անելիքները», – գրել է ԼՂ պետնախարարը՝ շարունակելով․ «Անտանելի է դառնում նաև Ռուսաստանի Դաշնության՝ անընդհատ պատճառաբանություններ բերելու և ստեղծված աղետալի իրավիճակին այդպես էլ առարկայական լուծում չտալու մոտեցումը»։
Պետնախարարի հայտարարությունը եզրափակվել է հռետորական հարցով՝ ուղղված, ըստ ամենայնի, Ղարաբաղի խորհրդարանական ընդդիմության՝ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԼՂ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանին և նրա աջակիցներին․ «Հետաքրքիր է, թե ինչու ոչինչ չեն խոսում ամեն գնով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության և դրանից հետո հզորանալու ու հաղթանակներ արձանագրելու թեզի գաղափարակիրները»:
Ադրբեջանը կա՛մ այսօր կբացի միջանցքը, կա՛մ ի ցույց կդնի իր քաղաքականությունը
Թվարկելով «համաժողովրդական շարժման» ընթացիկ ձեռքբերումները, Լեռնային Ղարաբաղի նախագահն այսօր նշել է․
«Հաշվի առնելով ստեղծված ծանրագույն իրավիճակը և օգտագործելով մամուլի ասուլիսի ընձեռած հնարավորությունը՝ դրա ընթացքում Արցախը հայտարարել եմ աղետի գոտի՝ միջազգային հանրությանը կոչ անելով հրատապ հումանիտար աջակցություն ցուցաբերել:
Դրա առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն է Արցախի ժողովրդին աղետից փրկելու նպատակով այսօր Արցախ մեծաքանակ հումանիտար աջակցություն ուղարկելու մասին: Կա՛մ Ադրբեջանը կբացի Լաչինի (Քաշաթաղի) միջանցքը այդ հումանիտար աջակցության առջև, կա՛մ աղետի գոտի հումանիտար բեռների մուտքի հերթական արգելքով, ի լուր աշխարհի, լրացուցիչ կերպով կվերահաստատի իր քաղաքականության ցեղասպանական էությունը»։
400 տոննա մարդասիրական օգնությամբ 19 բեռնատարերն այսօր Երևանից շարժվել են դեպի Ղարաբաղ։ Որոշումը Հայաստանի կառավարությունը ընդունել է երեկ երեկոյան։ Ըստ նախատեսվածի՝ առաջին անհրաժեշտության սնունդով, դեղորայքով մեքենաները պետք է հասնեն Սյունիքի Կոռնիձոր գյուղ, որտեղից նախատեսված է բեռը ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխել Ստեփանակերտ։
թարմացում — Ժամը 19-ի սահմաններում ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբից տեղեկացրել են, որ բեռներն արդեն հասել են սահման․ «Մինչ Կոռնիձոր հասնելը կապ ենք հաստատել ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ, որպեսզի նրանց միջոցով բեռները տեղափոխվեն Արցախ, սակայն այս պահին պատասխան դեռևս չկա», – նշել է խմբի համակարգող Կարեն Սարգսյանը։
«Այսօր Լեռնային Ղարաբաղ ուղարկվող ամբողջ խմբաքանակը 1-2 օրվա սպառման սնունդ է։ Իհարկե, սա բավարար չէ, բայց առնվազն այս պահին անհրաժեշտ է օր առաջ հասցնել Լեռնային Ղարաբաղ։ Ուղարկվող 19 բեռնատարներում 60 տոննա շաքարավազ է, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 40 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ և 9 տոննա դեղորայք», – տեղեկացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամկոչյանը:
Արդեն 227 օր է՝ Ղարաբաղի հայկական հատվածը շրջափակված է, ավելի քան մեկ ամիս է՝ Ադրբեջանը արգելում է նաև հումանիտար բեռնափոխադրումները։ Ռուս խաղաղապահների տեղաշարժն էլ է սահմանափակվել․ նրանք իրենք իրենց համար սնունդ են ներմուծում ուղղաթիռներով՝ Սիսիանից։ Տեղի բնակչությանը ոչինչ չի հասնում։
Երեկ նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն էր ահազանգեց՝ ոչ մի ճանապարհով ի վիճակի չէ օգնություն հասցնել ղարաբաղցիներին․
«Որպեսզի մենք գործենք այստեղ, մեզ անհրաժեշտ է, որ կողմերը հասնեն մարդասիրական կոնսենսուսի։ Սա կյանքեր փրկող աշխատանք է, և պետք է թույլ տալ, որ այն շարունակվի: Չնայած համառ ջանքերին՝ Կարմիր Խաչը ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, ներառյալ Աղդամը: ․․․Վերջին անգամ ԿԽՄԿ-ին թույլատրվել է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ բերել մի քանի շաբաթ առաջ․․․ Այս ավտոշարասյունների արգելափակման պայմաններում մեր մտահոգությունն այն է, որ հումանիտար իրավիճակն էլ ավելի կվատթարանա»։
Այսօր արդեն Freedom House-ն է կոչով դիմել Ադրբեջանին՝ թույլ տալ Կարմիր խաչին անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնել։ Եվրամիությունից հավաստիացրել են, թե ԼՂ-ի հետ կապված Կարմիր Խաչի զգուշացումներին լրջությամբ են վերաբերվում։
Լաչինի միջանցքը դեկտեմբերից փակած Ադրբեջանը, մինչ այդ, առաջարկում է հումանիտար օգնություն տրամադրել արցախցիներին՝ Աղդամի ճանապարհով, որը օրեր առաջ փակվել է Ասկերանի կողմից։ Բաքվում բողոքում են, թե «հայկական կողմը կտրականապես մերժում է» իրենց առաջարկը։ Ստեփանակերտում Աղդամի «այլընտրանքը» ընկալում են որպես ինտեգրացիոն քաղաքականության մաս, Աղդամի ճանապարհի միջազգային խրախուսումն էլ՝ որպես աջակցություն Ադրբեջանի բլոկադային շանտաժին։
Կա՞ն արդյոք երաշխիքներ, որ Հայաստանի կառավարության հումանիտար օգնությունը կհատի Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետը։ Արդյո՞ք սա միանվագ ակցիա է լինելու։ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման հայաստանյան աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հավաստիացրել է՝ այս իրավիճակում երաշխիքների մասին խոսելն ավելորդ է։
Ավելի վաղ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը։ Ղարաբաղ ուղևորվող բեռնատարների դռներն այսօր առավոտյան բացվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ, դեսպանները ծանոթացել են ապրանքատեսակներին, ստուգել մեքենաների պարունակությունը։