Զինվորական ծառայության ընթացքում Գ․Մ․-ն ձեռք է բերել քրոնիկ հիվանդություն, որն այժմ սրացման փուլում է ու կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ հետագա ողջ կյանքի համար։ Այս մասին հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որը ստանձնել է նախկին զինվորի իրավունքների պաշտպանությունը։
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում Գ. Մ․-ն ձեռք է բերել քրոնիկ հիվանդություն, որն էլ հանգեցրել է օրգանների ախտահարման։ Հիվանդությունը ձեռք բերելու հետևանքով զինծառայողը հոսպիտալացվել է, ստացել ստացիոնար բուժում։ ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ՝ Գ. Մ․-ն ոչ պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար և վաղաժամ զորացրվել, իսկ ՀՀ ՊՆ մեկ այլ եզրակացությամբ բժշկական հանձնաժողովը հաստատել է, որ Գ. Մ․-ն հիվանդությունը ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում։
2019-ին զորացրվելուց հետո նա ճանաչվել 3-րդ խմբի հաշմանդամ՝ մեկ տարի ժամկետով։ Նույն ախտորոշմամբ Գ. Մ․-ն ճանաչվել է 3-րդ խմբի հաշմանդամ հաջորդ երկու՝ 2020 և 2021 թթ. վերափորձաքննությունների արդյունքում։ Յուրաքանչյուր անգամ հաշմանդամությունը սահմանվել է 1 տարի ժամկետով։ 2022-ին, սակայն, Միասնական սոցիալական ծառայության որոշմամբ Գ. Մ․-ն հաշմանդամ չի ճանաչվել։ Նշված որոշումը ՀՔԱՎ-ի փաստաբան Հ․Հակոբյանը բողոքարկել է ՀՀ վարչական դատարան։
Առողջության պահպանման և հնարավոր վատթարացումը կանխելու նպատակով Գ. Մ․-ն պարբերաբար հոսպիտալացվել և ստացիոնար բուժում է ստացել բժշկական կենտրոններում։ Ստացիոնար բուժումը իրականացվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում։ Սկսած 17.11.2022 թ., երբ Միասնական սոցիալական ծառայության որոշմամբ Գ. Մ․-ն հաշմանդամ չի ճանաչվել, նշված բժշկական օգնությունը նրան չի տրամադրվել։
Գ․Մ․-ի հիվանդությունը ներկայումս գտնվում է սրացման փուլում։ Բժշկական փաստաթղթերի տվյալները վկայում են, որ անհրաժեշտ հետազոտություններ ու բուժում չստանալու դեպքում անխուսափելի են անդառնալի հետևանքները։ Այժմ նա չի ստանում որևէ տեսակի բուժում, քանի որ ընտանիքը չունի անհրաժեշտ ֆինանսական միջոցները, իսկ պետությունը չի կատարում իր պարտավորությունները:
Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների, ունի զինծառայողների, այդ թվում՝ զինվորական ծառայությունից վաղաժամ զորացրված զինծառայողների առողջության պահպանման անմիջական պարտավորություն. անձը, առողջ վիճակում զորակոչվելով զինվորական ծառայության, գտնվում է պետության պատասխանատվության ներքո և զինվորական պարտականությունները կատարելիս հիվանդություն ձեռք բերած, վիրավորում կամ վնասվածք ստացած անձանց նկատմամբ պետությունը պետք է դրսևորի առանձնահատուկ վերաբերմունք։
Նախորդ երեք տարիներին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրավաբանական աջակցություն է ցուցաբերել 30 զինծառայողի, որոնք առողջական խնդիրները ձեռք բերել զինվորական ծառայության ընթացքում։ Վերոնշյալը ցուցիչ է, որ պետությունը պատշաճ չի կատարում իր անմիջական պարտավորությունները, ինչի հետևանքով էլ խախտվում է զինծառայողների առողջության իրավունքը։