– Միգուցե, իրենց թվում է, որ ժամանակը ձգեցին՝ մենք էլ պիտի գնանք, նստենք մեր տեղը։ Ես պիտի ևս մեկ անգամ ասեմ, որ մենք չենք հանգստանալու, պայքարելու ենք մինչև վերջ, էս քրեական գործերը պետք է իրենց լուծումը ստանան։
Երկու տարի առաջ վարչապետի հրամանով հանձնաժողով ստեղծվեց, որը պետք է զբաղվեր բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերով։ Իրավիճակը, սակայն, չփոխվեց․ որդեկորույս ծնողները իրավապաշտպանների հետ շարունակում են մատնանշել իշխանությունների և դատաիրավական համակարգի անգործությունը։
«Որպես երկրի վարչապետ վատ զգալով ծնողների՝ կառավարության շենքի մոտ կանգնելու պատճառով, նրանց հրավիրեց հանդիպման», – նախօրեին ասուլիսի ընթացքում հիշել է Նարինե Մկրտչյանը, սպանված զինծառայող Անդրանիկ Մկրտչյանի իրավահաջորդը։
Հանդիպմանը ներկայիս դատախազը և վեցը իրավաբան խորհրդատվական եզրակացություն կազմեցին։ Վարչապետն ասաց, որ ինչ որոշում վերջիններս կայացնեն, ծնողները պետք է ընդունեն․ «Միաձայն ընդունեցին առաջարկը, որովհետև համոզված են, որ երեխաներին սպանել էին։ Փաշինյանն ասաց՝ բերեք մի փաստ, տեսեք՝ ինչ եմ անում։ Բերեցինք հինգը գործով բազմաթիվ փաստեր»։
Զինծառայողների մահվան գործերը Հայաստանի ներկայիս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին «փոխանցելով», վարչապետը խոստացել էր՝ ամեն ինչ լավ է լինելու։ Մեկուկես տարի պաշտոնը զբաղեցնող Վարդապետյանի խոստումն էլ արդարացի լուծմանն ու գործերի վերաորակմանն էր վերաբերում։ Սակայն գլխավոր դատախազը ծնողների բազմաթիվ դիմումների մինչ օրս չի արձագանքել, «չի՛ ընդունել, չի էլ ընդունելու»։
Ծնողները պահանջում էին կլոր սեղան կազմակերպել՝ գլխավոր դատախազի, քննիչների և իրենց, ինչպես նաև իրավապաշտպանների մասնակցությամբ։ Պահանջը մերժվեց։ «Նախ, երկու ամիս խաբեցին, թե կլինի էս ամսվա տասնօրյակին, մյուս ամսվա տասնօրյակին․․․ Երեկ զանգահարել են մեզ, ասել, որ կլոր սեղանը չի լինելու, քանի որ քննիչները չեն գալու։
Ի՞նչ պատճառով չեն գալու։ Որովհետև ասելիք չունեն։ Կոծկում են նախկինների կատարած հանցանքները։ Ներկայիս քննիչներն ու դատախազներն էլ նրանց հանցակիցներն են»։
«Դատախազներն ու քննիչները, ինչո՞ւ չէ, նաև երկրի իշխանությունները, բոլորն աշխատում են մեր դեմ, ամեն ինչ անում եմ, որ էս քրգործերը փակեն, կոծկեն», – հավելել է Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում սպանված Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը։
«Մեր գործով կային մեղադրյալներ, որոնք ՌԴ-ում էին գտնվում, պետք է բերման ենթարկեին։ Քննիչներն այնքան ձգձգեցին բերման ենթարկելը, որ գործը կասեցրեցին վաղեմության ժամկետի պատճառով։
Միգուցե, իրենց թվում է, որ ժամանակը ձգեցին՝ մենք էլ պիտի գնանք, նստենք մեր տեղը։ Ես ևս մեկ անգամ պիտի ասեմ, որ մենք չենք հանգստանալու, պայքարելու ենք մինչև վերջ, էս քրեական գործերը պետք է իրենց լուծումը ստանան։
Ի վերջո, վարչապետը խոստացել էր, որ հանցագործները կպատժվեն, ցայսօր ոչինչ չի արել։ Աննա Վարդապետյանը նախքան գլխավոր դատախազ դառնալը վարչապետի մոտ ասում էր՝ մենք գիտեինք, թե էս մայրերը էմոցիոնալ են խոսում, բայց իրենք ճիշտ են։
Նույնիսկ Եվրոպայից [Մարդու իրավունքների եվրոպական դատարան] է մեր պետությունը կոպիտ նկատողություն ստանում, բայց եվրոպական վճիռներն էլ չեն կատարում։
Ես չգիտեմ՝ Եվրոպան ի՞նչ նկատողություն կանի նրանց, սանկցիաներ կկիրառի, թե ինչ, բայց, ի վերջո, մի ձևով պե՞տք է տեղը դնեն էս իշխանությանը, էս քննիչներին, էս պետությանը, որ նմանատիպ սպանություններ բանակում տեղի չունենան»։
Քննիչ փոխելը Մուրադյանն անիմաստ է համարում։ Իրավապաշտպանները համամիտ են։
«Ես հաշիվն էլ եմ կորցրել, թե քանի դատախազ ու քննիչ է փոխվել մեր քրեական գործով, – հավելել է Նանա Մուրադյանը։ – Հիմա էլ են ասում՝ ուզո՞ւմ եք՝ փոխեք քննիչին։ Փոխենք, որ ի՞նչ անենք։ Փոխենք՝ նրա նման մյուսը պիտի գա, ձեր պատվերը կատարի, ուրիշ ոչինչ»։
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության փաստաբան, իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը կարծում է, որ խնդիրը ոչ թե քննիչ փոխելու, այլ աշխատանք կատարելու մեջ է․
«Մենք խնդիր չենք դրել, որ այս կամ այն գործով պարբերաբար քննիչներ փոխվեն, որովհետև, օրինակ, Տիգրան Օհանջանյանի գործը շուրջ 25 հատոր է։ Եթե քննչը փոխվեց, մենք հասկանում ենք ողջամտորեն, որ նորը պետք է կարողանա գործին ծանոթանալ։ Բոլոր գործերն էլ մեծածավալ են»։
Քննիչների փոփոխվելու անիմաստ լինելը Պապիկյանը նկարագրեց հետևյալ օրինակը բերելով․ «2022 թվականի հունվարին գործերից մեկով հսկող դատախազը քննիչին ցուցում էր տվել, նոյեմբեր ամսին նույն դատախազը քննիչին գրում է՝ «իմ ցուցումը դուք չեք կատարել»։ Սա նշանակում է, որ 11 ամիս քննիչը չի աշխատել, նրա նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը գործով չի զբաղվել։ 23 թվականի մարտին դատախազը նորից է գրում․ «Իմ՝ անցած տարվա հունվարի ցուցումը չի կատարվել»։ Սա արդեն ցուցիչ է, որ քննիչը կլիներ Պողոս Պողոսյանը, Պետրոս Պետրոսյանը կամ Կարապետ Կարապետյանը, կարևոր չէ։
․․․ Ցավով եմ նշում․ ներպետական մարմիններում իրենց այս իրավական ձախողումները իրավահաջորդները դարձյալ ստիպված են տեղափոխել հրապարակներ, մամուլի սրահներ, որովհետև այս իշխանությունն ու դատաիրավական համակարգը չեն ցանկանում հանցագործությունները բացահայտել»։
«Եթե ժամանակին այս բոլոր սպանությունները բացահայտվեին, 18 թվականին նաև չէր սպանվի իմ տղան», – հայտարարել է Արմենուհի Պողոսյանը։ Նրա որդին՝ Լևոն Թորոսյանը, սպանվել էր 2018 թվականի մայիսին՝ հակակառավարական ցույցերի օրերին։
Դիակի դատաբժշկական փորձաքննությանը ներկա էր ամուսինը․ «Տեսել էր ամբողջովին՝ երեխու սեռական օրգանները ինչ վիճակում են, խոշտանգված մարմինը, բայց առ այսօր ներկայիս իշխանությունները չեն ուզում բացահայտել և դրանով ապացուցում են, որ հայ զինվորը այս իշխանության, այս պետության համար զրո արժեք ունի»։
«Ո՞վ, որտեղի՞ց և ինչքան է վճարել անցումային արդարադատություն չիրականացնելու համար», – իր հերթին հետաքրքրվել է Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Նինա Կարապետյանցը։
Հիշելով ավելի վաղ հրապարակված քրգործերին այս կամ այն կերպ առնչվող անունների ցանկը, իրավապաշտպանը նկատել է՝ մի բան է, երբ երկար տարիներ տվյալ պաշտոնը զբաղեցրած անձին հեռացնելը կարող է «տեխնիկապես խնդիր առաջացնել», այլ բան է, երբ «ցուցակը հրապարակվել է, դու այդ գործերը քննել ես, մարդկանց անունները գիտես, բայց քո քաղաքական թիմն այդ մարդկանց նոր պաշտոններում է առաջադրում»․
«Դու նրան ԲԴԽ-ում ես առաջադրում, Վճռաբեկ դատարանի դատավոր ես առաջադրում, տարբեր բարձր պաշտոնների նշանակում ես ու ի՞նչ, բարեփոխո՞ւմ ես ապահովում»։
Իրավապաշտպանի խոսքով՝ խոցելի պաշտոնյաներն ավելի ենթարկվող են, ինչը ձեռնտու է իշխանություններին․
«Այսքան խոցելի մարդկանց, ովքեր իրենց վրա այսպիսի պատասխանատվություն ունեն (իսկ քրեական գործեր կեղծելը արդարադատության դեմ լուրջ հանցագործություն է), նշանակում ես բարձր պաշտոնների, որ ի՞նչ լինի։ Որ կառավարելի լինի, որ ենթարկվող լինի, որ մինչև վաղեմության ժամկետի վրա հասնելը նրան կարողանաս օգտագործել»։
«Կոնկրետ հարց եմ տալիս․ ի՞նչ արժի այս 5 գործն այսքան տարի չբացահայտելը»։ Ըստ Կարապետյանցի՝ անցումային արդարադատությունն այն գործիքներից մեկն է, որը նմանատիպ գործերը քննելու լուրջ հնարավորություն է տալիս, «այն շատ թանկ գործիք է, սակայն այն չներդնելն ավելի թանկ արժի»։
«Որովհետև այնքան մարդու գլուխ է թռնելու, ներկաներին այնքան հարցեր են տրվելու․․․ Հիմա նորից կոնկրետ հարց եմ տալիս․ ի՞նչ արժի անցումային արդարադատություն չիրականացնելը, ի՞նչ արժի լյուստրացիա չանելը, ի՞նչ արժի դատարաններում մարդավարի վեթինգ չանելը <․․․>։ Ո՞վ, որտեղի՞ց և ինչքա՞ն է վճարել անցումային արդարադատություն չիրականացնելու համար»։