Չեչեն տղամարդը մահացել է մոսկովյան ոստիկանական բաժանմունքում՝ բերման ենթարկվելուց մի քանի ժամ անց։ Հաղորդվում է խոշտանգումների մասին։
30-ամյա Ասխաբ Ուսպանովին տարել են մարտի 23-ի գիշերը՝ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչությունից ժամեր անց։ Ուսպանովի մայրը պատմել է «Ագենստվոյին», որ բերման ենթարկվելու ժամանակ տղան զանգահարել է կնոջը և ասել, որ չգան իր հետևից․ «Իմ դեմ ոչինչ չունեն»։ Ավելի ուշ կրկին զանգահարել է և խնդրել հարազատներին հասնել իր մոտ։ Ասել, որ «կոպտել է» ուժայիններին։
Երկու ժամ անց ոստիկանություն հասած կնոջը տեղեկացրել են, որ Ուսպանովը մահացել է՝ «նա էլ չկա»։
Չեչենական 1ADAT տելեգրամյան ալիքը տեսանյութեր է հրապարակել, որոնցում Ուսպանովի դիակի վրա խոշտանգումների հետքեր են երևում՝ խեղդել են, կոտրել ողնաշարն ու կողոսկրերը։ Նրան հուղարկավորել են Չեչնիայում։
«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչությունից հետո Ռուսաստանում շատացել են հարձակումները միգրանտների և ոչ սլավոնական արտաքինով ռուսաստանցիների վրա։ Չռուսները ահազանգում են ուժայինների կողմից ճնշումների և այլատյացության դրսևորումների ուժգնացման մասին․ ներխուժում են հանրակացարաններ, ծեծում և վտարում ՌԴ-ից։
«Կրոկուսի» ահաբեկչությունից հետո ռուսական ուժային կառույցները զեկուցել են 11 անձի ձերբակալության մասին՝ կատարողները և ենթադրյալ օժանդակողները։ Բոլորը Տաջիկստանի քաղաքացիներ են կամ ծնունդով Տաջիկստանից։ Ահաբեկչության կատարման մեջ մեղադրվող 4 տղամարդկանց դատարան են հասցրել դաժան խոշտանգումների հետքերով։ Նրանցից մեկն ինքնուրույն տեղաշարժվել չէր կարողանում (դատական դահլիճ են մտցրել կիսագիտակից վիճակում՝ սայլակով), մյուսի վզին պոլիէթիլենային տոպրակ էր կապած, երրորդի ականջն էր կտրված։ Բոլորի դեմքերը ծեծված էին՝ կապտուկներով և արյունազեղումներով։ Նախքան դատական նիստը ոստիկանության հետ փոխկապակցված տելեգրամյան ալիքները տեսանյութեր էին հրապարակել, որոնցում խոշտանգումներից մի քանի դրվագ էր երևում։ Տեսանյութերից մեկում մեղադրյալի ամորձիներին էլեկտրական լարեր էին միացված, մյուսում ոստիկանները, տեսախցիկի առաջ, կտրում էին ձերբակալվածի ականջը և մտցնում բերանը՝ սպառնալով, որ նույնը կանեն նաև սեռական օրգանի հետ։