Home / Ազգային ժողով / Ադրբեջանում ավարտվեց «ընտրություններ» միջոցառումը

Ադրբեջանում ավարտվեց «ընտրություններ» միջոցառումը

Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով նախագահ Իլհամ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը կրկին ստացել է քվեների մեծամասնությունը։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը նոր խորհրդարանում ներկայացված չեն լինի։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 37,27 տոկոս՝ գրանցված 6,4 միլիոնից քվեարկել է 2,1 միլիոն ընտրող։

Քվեաթերթիկների 91 տոկոսի հաշվարկի արդյունքներով «Նոր Ադրբեջան» կուսակցությունը Միլլի Մեջլիսի (Ազգային Ժողով) 125 մանդատներից ստացել է 68-ը։ Նախորդ խորհրդարանում ևս կուսակցությունն ուներ 68 տեղ։ Մյուս մանդատները կստանան ֆորմալ առումով անկախ, բայց իշխանամետ թեկնածուները և փոքր կուսակցությունները։

Երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատը, բոյկոտել է քվեարկությունը։ 15 տարվա մեջ առաջին անգամ ընտրություններին մասնակցել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը, որը, սակայն, ըստ նախնական տվյալների, նոր խորհրդարանում ոչ մի մանդատ չի ստացել։ Կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին Reuters-ին ասել է, որ կուսակցությունը չի հավատում ընտրության արդյունքների արժանահավատությանը, բայց որոշել է մասնակցել դրանց՝ «երկրում քաղաքական մթնոլորտը աշխուժացնելու համար»։ «Ընտրությունները ժողովրդավարական պայմաններում չեն անցել», – ասել է Հաջիլին։

«Մուսավաթ» կուսակցության անդամները հայտնել են, որ քվեարկության ընթացքում բազմաթիվ ընտրախախտումներ են եղել, այդ թվում՝ «կարուսելներ» (ընտրությունների արդյունքները կեղծելու միջոց, որով ընտրողները ստանում են արդեն լրացված քվեաթերթիկներ)։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը ևս հաղորդել է քվեարկության ընթացքում խախտումների մասին. որոշ տեղամասերում նկատվել են քվեաթերթիկների լցոնումներ, նույն անձի կողմից բազմակի քվերակության դեպքեր, ճնշումներ են գործադրվել դիտորդների և լրագրողների վրա։

Այս տարի Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ անցան առանց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդների մասնակցության։

Փոխարենը դիտորդություն էին անում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները, որոնց անդամ երկրներից շատերը (օրինակ՝ Ռուսաստանը, Ուզբեկստանը կամ Բելառուսը) բազմիցս մեղադրվել են ընտրություններում ժողովրդավարական ընթացակարգերի իսպառ բացակայության մեջ։ ՄԽՎ դիտորդների ներկայացուցիչ, ՌԴ Դաշնային խորհրդի առաջին տեղակալ Անդրեյ Յացկինն ասել է, որ «ընտրատեղամասերում եղել են բոլոր պայմանները քաղաքացիների կամարտահայտման համար»։

Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններն անցնում են երկրում մամուլի և իշխանության քննադատների նկատմամբ հալածանքների ֆոնին։ Ձերբակալվել են տասնյակ ակտիվիստներ, լրագրողներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, գիտնականներ և այլն։ Սկզբում Ալիևի ընդդիմախոսներին մեղսագրում էին մաքսանենգություն, թմրանյութեր իրացում և այլն։ Սակայն մեղադրանքների ուղղվածությունը վերջերս փոխվել է. Հայաստանի ու հայերի հետ ցանկացած տեսակի առնչություն ունեցած ընդդիմադիրներին մեղադրում են պետական դավաճանության մեջ։ Նախկինում արդեն իսկ անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների ու լրագրողների համար նոր մեղադրանքներ են հորինվում։

Ալիևն արձակել էր խորհրդարանը հունիսին՝ հենց պատգամավորների պահանջով։ Պատճառը ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովն էր (COP29), որը պետք է տեղի ունենա այս տարվա նոյեմբերին՝ Բաքվում։ Պատգամավորները չէին ցանկանում, որպեսզի նախընտրական շրջանը խանգարի գագաթնաժողովի հյուրերին։

Ընտրությունները պետք է կայանային հաջորդ տարվա հունվարին` COP29-ից երկու ամիս անց։ Բայց երբ հունիսի վերջին խորհրդարանը որոշեց ինքնալուծարվել, նախընտրական քարոզարշավին նույն երկու ամիսը մնաց։