«Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) ծայրահեղ աջ կուսակցությունը՝ հաղթանակներ տանելով տեղական ինքնակառավարման մարմիններում, համապետական ընտրություններին ընդառաջ դառնում է կանցլեր Օլաֆ Շոլցի կուսակցության լուրջ մրցակիցը։
Թյուրինգիայի Լանդտագի (խորհրդարան) ընտրություններում նախնական տվյալներով հաղթանակ է տարել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 32,8%-ը։ Պահպանողական Քրիստոնյա-դեմոկրատների միությունը (ՔԴՄ) ստացել է քվեների 23,6 տոկոսը։ Աջ կուսակցությունը Թյուրինգիայի հաղթանակն անվանել է «պատմական»։
Նացիստների կառավարումից ի վեր սա ծայրահեղ աջերի առաջին հաղթանակն է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։
ԱԳՀ-ի Թյուրինգիայի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Բյորն Հոկեն շատ հակասական կերպար է: Նա նախկինում տուգանվել է արգելված նացիստական կարգախոս օգտագործելու համար։ Հոկեն անձամբ պնդում է, որ տեղյակ չի եղել դրա ծագման մասին:
ԱԳՀ-ի արդյունքն, այնուամենայնիվ, չի նշանակում, որ կուսակցությունը կղեկավարի Թյուրինգիան։ Մյուս քաղաքական ուժերը, այդ թվում՝ ՔԴՄ-ն, արդեն հայտարարել են, որ չեն համագործակցելու ծայրահեղ աջերի հետ, ինչից կարելի է ենթադրել, որ նրանք ի վիճակի չեն լինի կառավարություն ստեղծել։
Իշխող կոալիցիա ստեղծելու համար պահպանողականներին անհրաժեշտ կլինի ձախ ուժերի աջակցությունը:
Ընտրությունների նախնական արդյունքներով «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը 32 տեղ կունենա Թյուրինգիա նահանգի 88-տեղանոց խորհրդարանում, իսկ քրիստոնեա-դեմկորատները՝ 23 մանդատ։ ԱԳՀ-ն ստանում է մանդատների ավելի քան մեկ երրորդը։ Այսինքն այն որոշումների դեպքում, որոնք պահանջում են երկու երրորդ մեծամասնություն, ներառյալ նահանգի սահմանադրության փոփոխությունները կամ դատավորների նշանակումը, կուսակցությունը արգելափակող փոքրամասնություն է կազմում:
Մեկ այլ արևելյան նահանգում՝ Սաքսոնիայում, ԱԳՀ-ն փոքր-ինչ զիջում է քրիստոնե-դեմոկրատներին․ ՔԴՄ-ն հավաքել է ձայների 31,9%-ը, իսկ ԱԳՀ-ն՝ 30,6%-ը։
Երրորդ տեղը երկու նահանգներում էլ զբաղեցրել է նոր հիմնադրված ձախ կուսակցությունը՝ «Սառա Վագենկնեխտի միությունը», որը հայտնի է Ուկրաինային տրամադրվող աջակցությունը դադարեցնելու և ներգաղթը սահմանափակելու իր կոչերով։ Այս հարցերում նույն կարծիքն ունեն նաև ծայրահեղ աջերը։
Սաքսոնիայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է ընդամենը վեց մանդատ, մինչդեռ կանաչները և լիբերալները դուրս են մնացել խորհրդարանից։
Շոլցը արդյունքներն անվանել է «դառը» և կոչ արել մյուս առաջատար կուսակցություններին նահանգային կառավարությունը ձևավորել առանց աջերի: Նա հայտարարել է, որ ԱԳՀ-ն վնասում է Գերմանիային։ Այն թուլացնում է տնտեսությունը, պառակտում է հասարակությունը և արատավորում երկրի հեղինակությունը։
Հանրային հեռուստաընկերության հարցման համաձայն՝ Թյուրինգիայում մինչև 30 տարեկան երիտասարդների 36%-ը քվեարկել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության օգտին՝ ավելի շատ, քան որևէ այլ կուսակցության համար:
Աջ կուսակցության փոխնախագահ Բեատրիքս ֆոն Շթորխը ասել է, որ իր կուսակցության քաղաքականությունն ապաստանի տրամադրաման հարցում հակառակորդների կողմից տարիներ շարունակ ընկալվել է որպես ծայրահեղական մոտեցում: «Ընտրություններից երկու օր առաջ նրանք սկսեցին անել այն, ինչի մասին մենք միշտ խոսում էինք», – ասել է նա՝ նկատի ունենալով միգրանտների վերաբերյալ օրենքների խստացումը:
Ընտրություններից մեկ շաբաթ առաջ արևմտյան Սոլինգեն քաղաքում երեք մարդ է սպանվել։ Դանակահարության մեջ մեղադրում էին սիրիացի միգրանտի։ Այս դեպքից հետո երկրում ներգաղթի շուրջ հանրային բանավեճեր սկսեցին:
Կուսակցության ներկայացուցիչներն ակտիվորեն օգտվում են բնակիչների եռակողմ կոալիցիոն կառավարության հանդեպ դժգոհությունից։ Կոալիցիայի անդամները չեն կարողանում համաձայնության գալ գեթ մեկ հարցի, այդ թվում՝ 2025 թվականի բյուջեի հաստատման շուրջ։
Ծայրահեղ աջերը հաջողություններ են գրանցել նաև Եվրախորհրդարանի ընտրություններում։
Երեք շաբաթից ընտրություններ կանցկացվեն նաև արևելյան մեկ այլ նահանգում՝ Բրանդենբուրգում։ Ըստ հարցումների՝ ԱԳՀ-ն այստեղ նույնպես առաջատար է։ Սոցիալ-դեմոկրատներն ու պահպանողականներն, այնուամենայնիվ, հետ են մնում ընդամենը մի քանի միավորով:
Ակնկալվում է, որ այս ընտրությունների արդյունքները կստիպեն Շոլցին միգրանտների դեմ ավելի կոշտ քաղաքականություն վարել։ Ուկրաինային աջակցության մասին բանավեճերը նույնպես չեն դադարում, և, դատելով արևելյան նահանգներում նախընտրական քարոզարշավից, այս հարցը նույնպես ընտրողների ուշադրության կենտրոնում են:
Գերմանիայի կառավարության հանդեպ խարխլված վստահությունը կարող է բարդացնել նաև եվրոպական քաղաքականությունը, որը հազիվ է վերականգնվում Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններից հետո:
Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ ընտրությունների արդյունքները կսրեն տարաձայնությունները Շոլցի արդեն իսկ գաղափարապես տարասեռ կոալիցիայի ներսում: Ընտրությունների արդյունքները արտացոլում են քաղաքական լանդշաֆտի աճող ֆրագմենտացիան և ծայրամասային կուսակցությունների աճը ողջ Եվրոպայում՝ եվրոպական կառավարությունների առջև ծառացած ճգնաժամերի ֆոնին:
Գերմանիայում կոալիցիոն կառավարության անդամները նախկինում առանձնապես ջերմ զգացումներ չեն ունեցել միմյանց նկատմամբ. անցած տարեվերջին տարաձայնություններ առաջացան 2024 և 2025 թվականների բյուջեի շուրջ։ Կոալիցիան ի սկզբանե կոչվում էր «առաջընթացի կոալիցիա», սակայն կանաչների առաջնորդ Օմիդ Նուրիփուրը վերջերս այն անվանեց «անցումային կառավարություն»՝ ընդգծելով հատկապես դեմոկրատների հետ հիմնարար գաղափարական տարբերությունները:
Դյուսելդորֆի համալսարանի քաղաքագետ Ստեֆան Մարշալի կարծիքով, Շոլցի կոալիցիան դժվար թե ամբողջությամբ փլուզվի, քանի որ դա չի բխում անդամ երեք կուսակցությունների շահերից։