Home / Բանտ / Բաքվի դատարանը որոշեց ազատազրկման մեջ պահել 98 օր հացադուլ անող տնտեսագետին

Բաքվի դատարանը որոշեց ազատազրկման մեջ պահել 98 օր հացադուլ անող տնտեսագետին

Սեպտեմբերի 19-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը մերժել է արդեն 98 օր հացադուլ անող տնտեսագետ Ֆազիլ Գասիմովի ազատ արձակման պահանջը։ Գասիմովը պնդում է, որ իրեն մեղասագրվող հանցագործությունները հորինված են, քրեական հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ։ 

Փաստաբան Ռովշան Ռահիմովը Գասիմովի խափանման միջոցի փոփոխության հայտ էր ներկայացրել, քանի որ արդեն ավելի քան 3 ամիս շարունակվող հացադուլի պատճառով Ֆազիլի առողջական վիճակը վատացել է. տնտեսագետի քաշը 35կգ-ից պակաս է, արյան ճնշումը ծայրահեղ ցածր է (50/30)։

Դատախազը Գասիմովին մեղադրել է ոչ անկեղծ պահվածքի ու կեղծ հացադուլի մեջ, հետո կոչ է արել դադարեցնել հացադուլն ու անմեղությունն ապացուցող փաստեր ներկայացնել դատարանին։ Խափանման միջոցի փոփոխման հայտը մերժվել է, գործով հաջորդ լսումները կկայանան հոկտեմբերի 10-ին։

Ֆազիլ Գասիմովը պատմել է, որ իրեն տեղափոխել են քրեակատարողական ծառայության ծանր հիվանդների սենյակ, որտեղ օրական 1-2 մարդ մահանում է։ Նա նշել է, որ բանատապահները հոգեբանական ճնշում են գործադրում իր վրա, իր ներկայությամբ ցուցադրաբար ուտում են։

Մոտ մեկ շաբաթ առաջ, երբ Գասիմովի վիճակը նոր սկսել էր վատանալ, բանտի բժիշկներն առաջարկում էին հարկադիր կերակրելու և դեղորայք տալ։ Տնտեսագետը սպառնացել էր, որ եթե ստիպեն դադարեցնել հացադուլը՝ ինքնասպան կլինի։ 

Տնտեսագետ Ֆազիլ Գասիմովը ձերբակալվել էր 2023 թվականի օգոստոսի 8-ին Ստամբուլում։ Ավելի ուշ նրան արտահանձնել էին Ադրբեջան։ Ընդդիմադիր տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի հետ դատում էին արտարժույթի մաքսանենգության մեղադրանքով։