Home / Բանակ / Իսրայելը շարունակում է գլխատել դիմադրությունը նույնիսկ Բեյրութի կենտրոնում

Իսրայելը շարունակում է գլխատել դիմադրությունը նույնիսկ Բեյրութի կենտրոնում

Լիբանանի հարավային Սուր (Տիր) քաղաքում տեղակայված պաղեստինցի փախստականների ճամբարի վրա իսրայելական օդային ուժերի ավիահարվածների արդյունքում սեպտեմբերի 30-ի առավոտյան սպանվել է Համասի առաջնորդներից Ֆաթեհ Շերիֆ Աբու էլ-Ամինը, գրում է Reuters-ը։ Սպանվել են նաև նրա կինը, որդին ու դուստրը։ Իսրայելի Պաշտպանության բանակը որևէ մեկնաբանություն չի հրապարակել։

 

Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Կոլա թաղամասին, սպանվել են Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի երեք առաջնորդներ։ Նրանց անունները դեռևս չեն հրապարակվել։ Ականատեսների փոխանցմամբ, հարվածների արդյունքում ավիրվել են բազմահարկ բնակելի շենքի վերևի հարկերը, մեծ հրդեհ է բռնկվել։

2006 թվականի երկրորդ լիբանանյան պատերազմից ի վեր սա առաջին դեպքն է, երբ Իսրայելը ռմբակոծում է Բեյրութի կենտրոնը։ Նախկինում իսրայելական ուժերի թիրախում էր հայտնվում Դահիա թաղամասը, որում տեղակայված են Հեզբոլլահի շտաբն ու որոշ տրանսպորտային ենթակառուցվածքներ։

ՑԱԽԱԼ-ը Բեյրութի հրետանակոծման մասին տեղեկությունները ևս չի մեկնաբանել։ Իսրայելի Պաշտպանության բանակի հրապարակած վերջին հայտարարությունները վերաբերում էին Լիբանանի Բեքաա շրջանում Հեզբոլլահին պատկանող «տասնյակ օբյեկտների» վրա հարձակմանը։ Իսրայելի ռազմական իշխանությունները նաև հայտնել էին Լիբանանի հարավային շրջաններում Հեզբոլլահի վերահսկողությա տակ գտնվող շինությունների ռմբակոծման մասին։

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Յեմենում հուսիտների դիրքերին և Լիբանանում Հեզբոլլահի ռազմական օբյեկտներին։

Հուսիտները հայտարարել են, որ ունեն առնվազն 4 զոհ և 33 վիրավոր։ Իսրայելի իշխանություններն ասել էին, որ այսպիսով նրանք պատասխանում էին վերջին ժամանակներում հուսիտների կողմից արված բազմակի հարձակումներին։ Պաշտպանության բանակի տվյալներով, ոչնչացվել են այն օբյեկտները, որոնք օգտագործվում են իրանական զենքի տեղափոխման համար։

Հուսիտների Գերագույն քաղաքական խորհուրդը կատարվածը որակել է որպես «դաժան ագրեսիա» և նշել, որ «պատասխանն անխուսափելի է»։

Սեպտեմբերի 17-ին Լիբանանում փեյջերների պայթյունների շարք էր սկսվել։ Հեզբոլլահի ներկայացուցիչների ներքին հաղորդկացության համար կիրառվող սարքավորումների մեջ պայթուցիկ պլատաներ էին տեղադրվել, որոնց պայթյունների հետևանքով տասնյակ մարդիկ են սպանվել, հարյուրավոր քաղաքացիներ վիրավորվել են։ Հեզբոլլահը կատարվածի մեջ մեղադրում էի Իսրայելի իշխանություններին։ Վերջիններս պաշտոնապես հերքում են, բայց իսրայելական հետախուզական Մոսսադ ծառայության ներկայացուցիչները գրեթե հաստատել են իրանց կապը փեյջերների պայթյունների հետ։

Սեպտեմբերի 27-ին Իսրայելի Պաշտպանության բանակը ավիահարվածներ էր հասցրել Բեյրութի հարավային Դահիա արվարձանում տեղակայված Հեզբոլլահի շտաբին։ Թիրախում խմբավորման գերագույն առաջնորդ Հասան Նասրալլան էր։ Հաջորդ օրը խմբավորման ներկայացուցիչները հաստատել էին նրա մահվան լուրը։ 

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով, վերջին երկու շաբաթների ընթացքում ավելի քան հազար քաղաքացի է սպավել, ևս 6 հազարը հոսպիտալացվել են տարբեր աստիճանի վիրավորումներով։ Շուրջ մեկ միլիոն մարդ տարհանվել է։