Ադրբեջանի Իմիշլի շրջանում ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ավտովթարի գործով ձերբակալվել է մեկ անչափահաս։ Նա մեղադրվում է առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու և վթար հարուցելու մեջ։
Պատահարը տեղի է ունեցել հունվարի 18-ին։ Ոստիկանական մեքենան այլ մեքենայի հետ բախումից խուսափելու համար դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել մայթով անցնող դպրոցականների խմբին։ Երեխաներից երկուսը մահացել են։ Վիրավորվել են նաև հարևան մեքենայի մեջ գտնվող երկու երեխաներն ու վարորդը։
Միջադեպից հետո շուրջ 30 հազար բնակիչ ունեցող Իմիշլիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել։ Վթարի վայրում հավաքված տեղացիները շրջել են ոստիկանական մեքենան, կոտրել ապակիները, ապա երթով շարժվել դեպի շրջկենտրոն։ Ցուցարարները բողոքում էին ոստիկանական ամենաթողությունների դեմ ու վանկարկում էին «Հրաժարական»։
🚨 Angry protesters overturn police car In Azerbaijan
In the city of Imishli, residents overturned a police vehicle after officers ran over a group of children. Two children were killed, while others who were standing on the roadside and the driver were hospitalized.
After… pic.twitter.com/Z1tnUJDr70
— NEXTA (@nexta_tv) January 18, 2025
Բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ ձերբակալվել են։ Հստակ հայտնի է ինը բերման ենթարկվածների մասին (այդ թվում՝ երկու անչափահաս), թեև լուրեր են շրջանառվում 100-ավոր ձերբակալությունների մասին։
Ադրբեջանի ընդդիմադիր գործիչները հենց սկզբից էլ համոզված էին, որ ոստիկանության աշխատակիցները պատասխանատվության չեն ենթարկվի։ Այսօր արդեն պարզ է դարձել, որ մեղադրյալի կարգավիճակում ոչ թե ուժայիններն են, այլ 2008 թվականին ծնված Իմիշլիի բնակիչը։ Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության վարկածով, նա վարել է իր ազգականին պատկանող Mercedes-Benz 190 մեքենան՝ առանց վարորդական իրավունքի։ «Խախտելով երթևեկության կանոնները, անչափահաս վարորդը բախում է հրահրել ոստիկանական BMW-ի հետ, ինչն, իվերջո, հանգեցրել է երկու երեխաների մահվան», – ասվում է դատախազության հայտարարության մեջ։
Պաշտոնական վարկածի համաձայն, պատահարից հետո երիտասարդը փախել է դեպքի վայրից՝ թողնելով մեքենան։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։