Home / Օրենքի մարդիկ / Անհետաքրքիր ՏԻՄ ընտրություններն Ադրբեջանում խախտումներով են ընթանում

Անհետաքրքիր ՏԻՄ ընտրություններն Ադրբեջանում խախտումներով են ընթանում

Այսօր Ադրբեջանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Դիտորդներն ու ակտիվիստներն արդեն իսկ բարձրաձայնում են մեծ թվով կոպիտ ընտրախատումների մասին. նույն մարդիկ քվեարկում են մի քանի տեղամասերում, լցոնումներ են անում և այլն։

ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է հունվարի 6-ին։ Ընդդիմադիր Մուսավատ և ReAl կուսակցությունները հայտարարել են, որ կմասնակցեն ընտրություններին՝ չնայած երկրում քաղաքական մրցակցության բացակայությանը և տեղական ինքնակառավարման ինստիտուտների վատ վիճակին։ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը որոշել է չմասնակցել։ Ընդդիմադիր այլ ուժերն ու քաղաքացիական հասարակությունը այս քվեարկությամբ առանձնապես հետաքրքրված չեն, քաղաքացիներն ասում են, որ չեն վստահում թեկնածուներին և արդար ընտրությունների հույս չունեն։

Ընտրախախտումների մասին «Կավկազսկի ուզելին» պատմել է Բաքվի Նասիմինի շրջանի ավագանու անդամ, ակտիվիստ Ջամիլյա Ալիշևան։

«Վաղ առավոտից «կառուսելի» դեպքեր ենք արձանագրում։ Դրանց հաճախ մասնակցում են երեխաներով կանայք։ Մի քանի անգամ քվեարկում են նույն շինությունում տեղակայված տարբեր ընտրատեղամասերում։ Վիդեոապացույցներ ունենք»։

Ալիշևան պատմել է նաև միանգամից մի խուրց ընտրաթերթիկներ արկղի մեջ գցելու դեպքերի մասին, որոնք ևս փաստագրված են։ Ակտիվիստն այդ տեսանյութերը տեղադրում է իր սոցիալական ցանցերում։

ԿԸՀ-ի ընթացիկ զեկույցներում ասվում է, որ ընտրական պրոցեսները կազմակերպված են պատշաճ ձևով, զգալի ընտրախախտումներ չեն արձանագրվել։