Գերմանիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով Բեռլինում ծայրահեղ աջերի դեմ կազմակերպված բողոքի ակցիային միացել է շուրջ 160 հազար մարդ։ Քաղաքացիները վրդովված են Քրիստոնյա դեմոկրատական միավորման (ՔԴՄ) որոշումից. երկրի առաջին քաղաքական ուժը հայտարարել է, որ կողմ է քվեարկում ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳհ) կուսակցության առաջարկած դաժան հակամիգրանտական օրենքին։
Գերմանիայում փետրվարի 23-ին խորհրդարանական ընտրություններ են անց կացվելու։ Հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ԱԳհ-ն կարող է երկրի երկրորդ քաղաքական ուժը դառնալ։
Ցուցարարները հավաքվել էին Բունդեսթագին հարակից Բրանդենբուրգյան դարպասների մոտ։ Որոշները պաստառներով էին. «Մենք պատի պես կկանգնենք ԱԳհ-ի հետ համագործակցության ճանապարհին», «Ամոթ Մերցին, գնա տուն» և այլն։
Տեղեկատվական գործակալությունները գրում են, որ ՔԴՄ-ի և ԱԳհ-ի համատեղ քվեարկության հեռանկարը կոտրում է գերմանական քաղաքականության լրջագույն տաբուն, համաձայն որի ավանդական կուսակցությունները երբեք չեն համագործակցում ծայրահեղ աջերի հետ։
ԱԳհ ներկայացուցիչները բազմիցս հանրայնորեն հերքել են իրենց կապը նացիստական գաղափարախոսության հետ, որին հետևելը Գերմանիայում արգելվում է օրենքով։ Բայց հատուկ ծառայությունները ԱԳհ անդամների մի մասին ներառել են աջ ծայրահեղականների ցանկերում։
ԱԳհ-ի հետ համագործակցության մասին վերջերս հաճախ է խոսում ՔԴՄ առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը, որին շատերը Գերմանիայի հաջորդ կանցլեր են անվանում։
Վերլուծաբանները կարծում են, որ Մերցը փորձում էր ավելի կոշտ հակամիգրանտական քաղաքականության շնորհիվ իր կողմը գրավել ներգաղթյալներից դժգոհ ընտրողներին։ Բայց բողոքի ցույցերի այս ալիքը պարզ դարձրեց, որ նման մարտավարության պատճառով նա կարող է կորցնել էլ ավելի մեծ թվով ընտրողների։
Հունվարի 31-ի քվեարկության արդյունքներով խորհրդարանը մերժել էր հակամիգրանտական օրենսդրության փոփոխությունների նախագիծը, բայց շատ փոքր տարբերությամբ. կողմ քվեարկել էին պատգամավորներից 338-ը, դեմ՝ 350-ը։ Օրինագծին դեմ էին խորհրդարանական բոլոր մյուս խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ)։
ԱԳհ-ի հետ համագործակցելու Մերցի որոշումը Շոլցը որպես «աններելի սխալ» էր որակել։
Ուլտրաաջերի առաջնորդ Ալիսա Վայդելը ԱԳհ-ի հետ համագործակցության չգնացած մեյնսթրիմ կուսակցություններին մեղադրել է աջերին ձայն տված ընտրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությամբ վերջերս լրջորեն հետաքրքրվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմ, միլիարդատեր Իլոն Մասկը։ Նա խոշոր ներդրումներ է կատարել կուսակցության քարոզարշավի համար, հանրայնորեն կոչ է արել մարդկանց քվեարկել ԱԳհ-ի օգտին։ Փետրվարի 1-ի նախընտրական հանդիպման ժամանակ Մասկը վիդեոկապով միացել և ելույթ է ունեցել հավաքվածների առաջ։ Կոչ է արել չամաչել գերմանական մշակույթի և արժեքների համար ու չկորցնել դրանք «մուլտիկուլտուրալիզմի մեջ, որը լղոզում է ամեն ինչ»։
ԱԳհ առաջնորդներն ընտրվելու դեպքում խոստացել են արտաքսել ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև որոշ օրինական ռեզիդենտների և անգամ Գերմանիայի քաղաքացիների, որոնք ունեն օտարերկրյա արմատներ։