Home / Մշակույթ / Ժամանակի ժապավեն

Ժամանակի ժապավեն

Timestamp / Стрічка часу
Կատերինա Գորնոստայ / Kateryna Gornostai
125′
Ukraine, France, Luxembourg, Netherlands

Բեռլինի 75-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված միակ վավերագրական ֆիլմը՝ Կատերինա Գորնոստայի Ժամանակի ժապավենը պատկերում է Ուկրաինայի ուսումնական հաստատությունների աշխատանքը պատերազմի պայմաններում:

Կրթական համակարգը պետք է ընտելանա նոր իրականությանը՝ չկորցնելով իր առաջնային իմաստն ու նպատակը: Դասերն ամեն օր ընդհատվում են լռության րոպեների համար կամ տագնապի ազդանշանի պատճառով: Ապաստարան իջնելը դարձել է ուսումնական պրոցեսի անբաժանելի մասը: Մանկավարժները փորձում են պահպանել մինչպատերազմյան արարողակարգերը՝ սեպտեմբերի մեկ, վերջին զանգ: Ուսուցիչների համար կարևոր է, որ դպրոցները շարունակեն աշխատել՝ տեղում, հեռավար կամ հիբրիդային տարբերակով: Կիսաքանդ, ապակու փշրունքներով լցվածսպորտդահլիճում բասկետբոլային խաղ են կազմակերպում, ավիրված դպրոցի փլատակների մոտից՝ մաթեմատիկայի օնլայն դաս:

Գորնոստայը հրաժարվում է հետկադրային ձայնից կամ արտաքին մեկնաբանություններից և ապավինում դիտողական, հետազոտողական ձևաչափին: Կամերան գրեթե չի ներազդում իրադարձությունների վրա, բայց հետևում է դրանց զարգացմանը: Մաքուր ռեպորտաժից դեպի կինոտարածություն անցումն ապահովում է Ալեքսեյ Շմուրակի երաժշտությունը: Ա կապելլա կատարվող խմբերգը ֆիլմում ֆորմալ միասնականություն է ստեղծում, սոսնձում է չփոխկապակցված դրվագները: Ձայնապատկերային կոնտրապունկտը հեռավորություն է ապահովում հանդիսատեսի և էկրանին ծավալվող իրադարձությունների միջև՝ հնարավորություն վերլուծելու սեփական ապրումները։

Timestamp (3)սքրինշոթ ֆիլմից

Ֆիլմի անվանումը հղում է բժշկական տերմինի: Արյան հոսքն արգելափակելու համար վնասված վերջույթին ամրացվում է լարան, ժապավենի վրա պարտադիր գրանցվում են տեղադրման ժամանակն ու վիրավորի անձնական տվյալները: Եթե լարանը երկու ժամվա ընթացքում չի հանվում, հյուսվածքները սկսում են մահանալ․ սա կարող է հանգեցնել վերջույթի կորստի: 

Ժապավեններ տեսնում ենք նաև ֆիլմում՝ առաջին դասարանցիների մազերին, շրջանավարտների ուսերին: Դպրոցն ավարտելիս երեկվա երեխաները հանում են մեծահասակների հոգսերից պաշտպանող ժապավենները և հայտնվում սարսափելի իրականության մեջ։

Timestamp (2)
սքրինշոթ ֆիլմից

Timestamp (4)

Ժամանակի ժապավեն անվանումով ֆիլմը, իհարկե, հղվում է նաև ինքն իրեն: Այն հավաքում է պատերազմի մեջտեղում հայտնված երկրի խճանկարային պատկերը: Չնայած ռազմական գործողությունները կադրից դուրս են մնում, պատերազմը ներկա է յուրաքանչյուր պատկերի մեջ: Հասարակությունը վերապրում է ծայրահեղ միլիտարիզացիա: Բանակային համազգեստով մանուկները հայրենասիրական պարեր են պարում: Զինվորականները սովորեցնում են դպրոցականներին տեղադրել հիշատակված լարանները: Կրակային պատրաստությունը դարձել է պարտադիր՝ կարևորագույն առարկան: «Դպրոցն ավարտես՝ ի՞նչ ես դառնալու» հարցին աշակերտները պատասխանելու են՝ «գրոհային», «հրաձիգ», «ռազմական բժիշկ»:

Timestamp (5)

Ժամանակի ժապավենն առաջին անգամ ցուցադրվել է Բեռլինի այս տարվա կինոփառատոնին։ Պրեմիերայից առաջ մամլո ասուլիս էր, ներկա էր նաև ֆիլմի պրոտագոնիստ ուսուցիչներից մեկը, որն արդեն զորակոչվել է բանակ։ Նա Բեռլին էր եկել զինվորական համազգեստով: Զինվոր-ուսուցիչը ծրագրային տեքստեր էր ասում Ռուսաստանի ոճրագործությունների և ուկրաինական բանակի անկոտրուն դիմադրության մասին: Ամերիկացի լրագրողը ոտքի կանգնեց, որ ներողություն խնդրի նախագահ Թրամփի վարած քաղաքականության համար: Հնչեցին ծափահարություններ:

Ալեքսանդր Մելյան
Սինեսկոպ կոլեկտիվ