Առավոտյան Թուրքիայի իշխանությունները բերման են ենթարկել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ով գալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական հակառակորդն է համարվում։ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի և ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ։ Նույն քրեական գործերի շրջանակներում ավելի քան հարյուր մարդ է ձերբակալվել։
Now հեռուսատընկերության հետ զրույցում քաղաքապետի կինը՝ Դիլեք Իմամօղլուն, պատմել է, որ ուժայիններն իրենց տուն մտել են լուսաբացից առաջ, ողջ բնակարանը խուզարկել են, առավոտյան 7։30 Իմամօղլուին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։
Ստամբուլի դատախազության իր աղբյուրներին հղվելով Reuters-ը գրում է, որ Իմամօղլուն միաժամանակ երկու հետաքննությունների ֆիգուրանտ է։ Մեղադրվում է հանցավոր խմբավորում ղեկավարելու, կաշառք վերցնելու և թենդերների ընթացքում խարդախություններ անելու մեջ։ Առաջին գործով անցնում են ավելի քան հարյուր քաղաքացիներ, այդ թվում՝ լրագրողներ և բիզնեսմեններ, որոնք որևէ կերպ ներգրավված են եղել քաղաքապետարանի հայտարարած որոշ մրցույթներում։
Բացի այդ, գրում է գործակալությունը, Իմամօղլուն և ևս վեց անձինք կասկածվում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) օժանդակելու մեջ։ Կուսակցությունը Թուրքիայում, Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։
Իմամօղլուն X սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ պատրաստվում է շարունակել պայքարը «հանուն ժողովրդավարության, հիմնարար իրավունքների և ազատությունների»։
2028 թվականին Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններում Էքրամ Իմամօղլուն Էրդողանի հիմնական հակառակորդն է համարվում։ Թուրքիայում պատմականորեն Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթած թեկնածուներն ավելի ուշ հաջողություններ են ունենում այլ ընտրություններում։ Երկրի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը ևս նախկինում զբաղեցրել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը։
Նախատեսվում էր, որ Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր ուժը՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), մարտի 23-ին Իմամօղլուին պաշտոնապես կընտրի որպես նախագահական ընտրությունների իրենց թեկնածու։
Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության նախորդ օրը Ստամբուլի համալսարանը դատախազության պահանջով չեզոքացրել էր նրա դիպլոմը, քանի որ դրա լեգիտիմության հետ կապված կասկածներ էին առաջացել։ Օրենսդրության համաձայն, երկրի նախագահի պաշտոնում կարող են առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցող թեկնածուներ։
Reuters-ը Netblocks կազմակերպությանը հղվելով գրում է, որ Իմամօղլուի ձերբակալությունից հետո թուրքական իշխանությունները սահմանափակել են մի քանի սոցիալական ցանցերի, այդ թվում՝ X, YouTube, Instagram և TikTok, հասանելիությունը։ Ուժայինները փակել են Ստամբուլին հարակից մի քանի փողոցներ, արգելել են առաջիկա չորս օրերի ընթացքում որևէ տեսակի բողոքի ակցիա իրականացնել քաղաքում։