Home / Եկեղեցի / Հիսուսի հարսնացուն ո՞նց կարող է կին ունենալ, եղբայր

Հիսուսի հարսնացուն ո՞նց կարող է կին ունենալ, եղբայր

Հատվածներ մշակութաբան Վարդան Ջալոյանի հետ զրույցից․

— Հայաստանի պատմությունը Էջմիածնի պատմությունն է։ Հայերը գրում են եկեղեցիական արխիվների հիման վրա։ Դա տեքստի այլ մոդել է։ Էջմիածինը մեծ թղթաբանական պահոցներ ունի։ Օշականը իր գյուղն է եղել, նշանակում է՝ Օշական գյուղի հողը պատկանել է եկեղեցուն, գյուղացին վարձով վերցրել է, որ մշակի, կեսը՝ եկեղեցուն, կեսը՝ իրան։ Ցարիզմը ի՞նչ էր ուզում անել։ Ուզում էր խլել եկեղեցու հողերը։ Արարատյան դաշտի բոլոր հողերը պատկանում էին Էջմիածնին, Գորիսի շրջանի գյուղերը Տաթևի ճորտերն էին և այլն, և այլն։

***

Ես գրել էի Հովհաննես Օձնեցու մասին՝ որոշում են նրան պաշտոնից հանել և ուրիշ կաթողիկոս նշանակել, նա էլ, պարզ է, պատահաբար քարաժայռից ընկնում է ներքև՝ իրա կողմնակիցների հետ միասին, իհարկե։

***

Օրինակ, Պետրոս Գետադարձը իրեն ավելի բարձր էր համարում, քան Գագիկ թագավորին։ Մեր եկեղեցին բարդ խնդիր է։ Նույնիսկ 19 դարում Էջմիածնի կաթողիկոսը գլխավոր մարդն էր հայերի մեջ։ Միշել Ֆուկոն տարբերակում է կառավարականությունը իշխանությունից։ Կառավարականությունը նա դուրս է բերում հովվական իշխանությունից։ Ո՞նց է, որ եպիսկոպոս՝ չունենալով բանակ և ոստիկանություն, կառավարում է ամբողջ համայնքը։

***

— Ինչո՞ւ են Հայաստանի «դեմոկրատական» իշխանությունները կոնֆլիկտի մեջ եկեղեցու հետ։
— Հովհաննես Օձնեցին կոնֆլիկտի մեջ էր Բագրատունու հետ։ Ինչո՞ւ։ Որովհետև Բագրատունին չէր ուզում լինել իշխանաց իշխան։ Ճիշտ հասկացի՝ իշխանաց իշխանը թագավոր էր առանց թագի։ Հայաստանի տարածքում իշխանությունը պատկանում էր նրան՝ առանձին դեպքերից բացի։ Խալիֆաթի առաջ որոշակի պարտականություններ ուներ, օրինակ՝ պիտի զորք ուղարկեր Խալիֆաթի պատերազմներին մասնակցելու համար։ Բայց Հայաստանը առանձին պետության պես մի բան էր։ Ինքը ինքնավարություն ուներ։
— Երբ ասում ես՝ թագավոր էր առանց թագի, թագը ի՞նչ էր տալիս։
— Թագը տալիս էր միջազգային սուբյեկտի կարգավիճակ՝ ճանաչում իմպերատորի կամ խալիֆի կողմից «միջազգային իրավունքի» բոլոր նորմերով։ Զուգահեռներ տար Սովետական Հայաստանի և ժամանակից Հայաստանի միջև։  Օձնեցուց հետո ի՞նչ եղավ։ Առաքելական եկեղեցին ինչ-որ դիվանագիտական համաձայնության եկավ հույն ուղղափառ եկեղեցու հետ, և Բյուզանդիայի իմպերատորը թագ ուղարկեց հայ իշխանին։ Ինչու էր եկեղեցին գնում թագավորին ընդդեմ։ Արսեն Սաֆարելին կարծում էր, որ ամեն ինչ սկսվեց նրանից, որ պարսիկները հարկ հավաքելու իրավունքը իշխաններից վերցրեցին և փոխանցեցին եպիսկոպոսներին։ Նրանք մեծամտացան և իշխաններին բանի տեղ չէին դնում։ Ամենակարևոր հարցն է, թե ում ես վստահում հարկեր հավաքելը։ Եկեղեցին ավելի հավատարիմ էր Խալիֆաթին կամ Սասանյաններին, քան թե հայ իշխանները, որոնք համաձայն չէին իրենց կարգավիճակի հետ և համարում էին, որ պիտի անկախ պետություն ունենան։ Ղևոնդ Երեցը գրում էր՝ կաթողիկոսը գնաց և մեզ ստրուկ դարձրեց արաբներին։ Նա Մամիկոնյանների իդեոլոգն էր և ուզում էր անկախություն։ Եկեղեցին չուներ զորք, բայց ուներ հող, ուներ գյուղացիներ, որոնք աշխատում էին այդ հողում, և ուներ տարբեր տեսակի սեփականություն։

***

— Մոնոֆիզիտներն ասում են՝ աստվածային բնությունը հաղթում է մարդկային բնությանը։ Երկու բնություն՝ մեկ կամք։
— Հայերի համար մի բնություն է, չէ՞՝ համ աստված, համ մարդ միաժամանակ։
— Հայերը չեն ընդունում երկու բնությունների վարդապետությունը։ Բոլորը վիճում էին՝ հարությունից առաջ Քրիստոսը քաքում էր, թե չէր քաքում։
— Իսկ հարությունից հետո՞։
— Հարությունից հետո չէր քաքում՝ էտ ոչ մեկ չի վիճարկում։
— Իսկ առա՞ջ։
— Ըստ հայերի՝ առաջ էլ չէր քաքում։ Դա կոչվում է մարդկային մարմին առանց մեղքի ապականության։

***

Դուք ճիշտ հասկացեք հայ մարդու դժվարությունը։ Դու սենց տարօրինակ բան ունես, ինչ-որ առանձին աղանդ, բայց միևնույնն է պիտի շփվես այլ ազգերի հետ։ Վրացիների համար ավելի հեշտ էր։ Մենք անընդհատ պետք է տեսություններ ստեղծեինք, որպեսզի հիմնավորենք մեր տարբերությունը։ Խնդիրը միշտ կայանում է մի շատ կարևոր բանի մեջ, և դա մեր ընտրյալության հարցն է։

***

Սկզբից Հայաստանը հարում էր հունական եկեղեցուն իր ծիսային մասերով։ Մեր եկեղեցին հնագույն եկեղեցին է իհարկե, բայց ոչ այն պատճառով, որ հնագույնն է։ Նրանք սխալ են հասկացել Անանիա Շիրակացու այդ խոսքը։ Հնագույն եկեղեցի է համարվում Երուսաղեմի եկեղեցին, որի ղեկավարը Հիսուսի եղբայր Հակոբոսն էր։ Եթե Ավետարանը կարդացել եք, հիշում եք՝ Հակոբոսը, Պողոսը և Պետրոսը անընդհատ վիճում էին։ Պողոսը համարում էր, որ քրիստոնեությունը նոր կրոն է, Հակոբոսը կարծում էր, որ այն բարելավված հուդայականությունն է։ Քրիստոսը ռեֆորմատոր էր նրա համար։ Հայերը մոտավորապես 6-րդ դարից սկսած հրաժարվում են հունական եկեղեցուց կախվածությունից և կամաց-կամաց վերցնում Երուսաղեմի՝ Հակոբոսի եկեղեցու կանոնները։ Սկզբում հայ առաքելական եկեղեցին հետևում էր Գրիգոր Լուսավորչի աստվածաբանությանը, որտեղ ամենակարևոր տեղը Պողոս Առաքյալն էր զբաղեցնում։ Հետո հայկական եկեղեցին փոխառեց Երուսաղեմի եկեղեցու որոշ սովորությունները և այն աստվածաբանությունը, որը ունենք հիմա։ Ո՞նց է կոչվում հայերի գլխավոր վանքը Երուսաղեմում։ Հակոբո՛ս։ Երուսաղեմի եկեղեցին դեմ էր, որ Սուրբ ծնունդը նշվի դեկտեմբերի 25-ին։ Եվ հայերը Սուրբ ծնունդն ու մկրտույթունը նշում են միևնույն օրը՝ հունվարի 6-ին, ըստ Երուսաղեմի եկեղեցու սովորության։ Հայկական եկեղեցին հրաժարվեց նաև ագապեից, բայց պահպանեց մատաղը։ Կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիները բացարձակապես մերժում են մատաղը՝ համարելով այն հրեական սովորություն։ Աբրահամը իր որդի Իսահակի փոխարեն գառ էր մորթում, և ամեն Զատիկ հրեաները պարտավոր են, ասենք, գառ մատաղ անել։ Հայկական եկեղեցին ընդունում է մատաղը, որը կարևոր է նաև հասարակ հայ մարդու համար։

***

Դվինի ժողովում վերահաստատեցին, որ հայ քրիստոնեությունը հիմնադրել են առաքյալները՝ Բարդուղիմեոսը և Թադեոսը։ Բոլորիս կողմից շատ սիրված Ստեփանոս Օրբելյանն իրա գրքում ձեռ է առնում դա։ Ասում է՝ հնարեցին, որովհետև ուզում էին, որ հայ եկեղեցու ավագ եպիսկոպոսը կամ արքունականը դառնա պատրիարք, իսկ որպեսզի նա դառնա պատրիարք, եկեղեցին պետք է ծագի առաքյալներից։ Հասկանալի է, որ սկսեցին հալածել Գրիգոր Լուսավորչի կողմնակիցներին, որովհետև Գրիգոր Լուսավորչի համար դա վայրենություն էր։ Այս առումով կարելի է համարել, որ ուղղափառները շարունակում են Գրիգոր Լուսավորիչի գործը։

***

Կա բացառիկության զգացողությունը։ Գրիգոր Տաթևացին գրում է «յոթ պատճառ, ինչու» հայ ազգն ընտրյալ է։ Պատճառների մասին ենթադրենք թե գիտենք՝ դրախտ, Նոյյան տապան, նախնի հավատք, առաջինն ենք քրիստոնեություն ընդունել և այլն։ Համարենք Տաթևացուն հայկական նացիոնալիզմի հիմնադիր։ Հայ ժողովրդի ընտրյալության գաղափարին նա լիարժեք տեսական ձևակերպում տրվեց, և ես դա կապում եմ մի բանի հետ, որը կոչվում է նոմինալիզմ։ Կաթոլիկները ունիվերսալիզմի կողմնակից էին, ըստ Թովմա Աքվինացու տեսության։ Տաթևացին ասում է՝ ո՛չ։ Հայ ժողովուրդը ընտրյալ է, և միայն հայ ժողովուրդն էլ կփրկվի։ Չմտածեք՝ կաթողիկոսը չորս կին էլ ունենա, միևնույնն է փրկված ենք։

***

Այստեղ գալիս ենք մի ուրիշ կարևոր բանի՝ հայ եկեղեցին ժառանգակա՛ն էր։ Այսինքն, խալֆայական էր։ Խալիֆ նշանակում է փոխարինող, ժառանգ։ Մեր եպիսկոպոսները ազնվական ծագում պիտի ունենային: Ախթամարի կաթողիկոսները պետք է լինեին Արծրունի, Տաթևի արքեպիսկոպոսները՝ Օրբելի, Բջնիի եպիսկոպոսները՝ Պահլավունի, Կիլիկիայում Աջապահյանների կապը Սսի կաթողիկոսների հետ և այլն։

— Գյումրու հիմիկվա Աջապահյանի հետ էլ կապ ունե՞ն։
— Ասում են՝ հա, բայց ես կասկածում եմ, չնայած նման են։

***

Հայկական սիոնիզմը մեր եկեղեցին է։ Այն, որ Նեթանյահուն կարող է ասել, որ ինքն իրավունք ունի պաղեստինցիներին ոչնչացնել, բա մեր Գարեգին Բ-ն գոնե չասի՞, որ իրավունք ունի, կներես, կողքից կին պահել։

***

Ընտրյալության այդ զգացողությունը կա, և այն չի անհետանում, նստած է մեր անգիտակցականի մեջ, և ամեն մի կաթողիկոս գիտի, որ ինքն ավելի բարձր է, քան ցանկացած իշխանություն։ Մխիթար Գոշը գրում է՝ հայերը զուր են ձգտում ունենալ ինքնուրույն թագավորություն։ Այդ մարդը եղել է Զաքարյանների ուսուցիչը, ընդ որում՝ ժամանակներում, երբ Կիլիկիայի թագավորությունը եսիմ որտեղից եսիմ որտեղ էր ձգվում։ Հայկական թագավորության համար ամենալավ ժամանակներում Գոշը գրում է՝ մեզ համար ավելի լավ է, որ մենք ապրենք իսլամների իշխանության տակ, չնայած նրանց հավատքը ճիշտ չէ, բայց նրանք արդար ժողովուրդ են, օրենք սիրող ժողովուրդ են՝ ի տարբերություն հայերի, որոնք խաբել են սիրում։ Սա տիպիկ տեսակետն է, որը հայտնում է նաև նրա ժամանակակից Ստեփանոս Օրբելյանը՝ մեզ պետք չէ թագավորություն, մեզ պետք է մի հատ իսլամ ղեկավար, որը հայ ազգին լավ կվերաբերվի։ Վերջ ի վերջո նրանք գտան այդպիսի իսլամի՝ ի դեմս Ռուսական կայսրության։

***

11-րդ դարից մեր եկեղեցին Հայաստանյացից դարձավ հայոց՝ բոլոր հայերի եկեղեցի, հատկապես եգիպտոսցի հայերի։ Փորձեցին ստեղծել կաթողիկոսությունների նոր համակարգ։ Ամեն տեղ, որտեղ շատ հայեր կային, հիմնեցին կաթողիկոսություն։

***

Եկեղեցին համարում է, որ ինքն ավելի հին է, քան թե աշխարհիկ իշխանությունը։ Սովորաբար հակառակն է լինում։ Եվրոպայում մեծ վեճ կար նոմինալիստների և ունիվերսալիստների միջև։ Այդ վեճը նկարագրված է Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպում։ Գիտեք՝ Օռլեանի կույսին վառեցին։ Ժաննա դ՛Արկ։ Ինկվիզիտորները նստած՝ այդ աղջիկը գալիս է, թե բա «Ֆրանսիան էս է, Ֆրանսիան էն է» և այլն։ Նրան բացատրում են՝ գոյություն ունի կաթոլիկ ունիվերսալիզմ, քո արածը էշություն է։ «Չէ՜, Ֆրանսիա՜, Ֆրանսիա՜»։ Նույնը անում էին անգլիական նոմինալիստները, որպեսզի հիմնավորեն Անգլիայի թագավորի բացարձակ իշխանությունը։ Ինկվիզիտորներից միայն մեկն է աջակցում Ժանա դ՛Արկին՝ Ժան դե Լա Ֆօնտեն, որը Սորբոնում նոմինալիզմի հիմնադիրներից էր։ Նոմինալիզմը, ի տարբերություն ունիվերսալիզմի կամ ռեալիզմի, ասում է՝ հասարակություն բառն ընդամենը բառ է, իրականում գոյություն ունեն տղամարդիկ և կանայք, ինչպես կասեր գլխավոր նոմինալիստ Մարգարետ Տետչերը, կամ չկա՛ կաթոլիկ ազգ՝ կան ֆրանսիացիներ և անգլիացիներ։ Տաթևացին նոմինալիստ էր։ Նոմինալիզմից ծագել է նացիոնալիզմը, նոմինալիզմից ծագել է կապիտալիզմը և այլն, և այլն։ Մերժելով ընդհանուրը՝ հայ եկեղեցին մնում է բացառիկ։ Կաթոլիկները ունիվերսալիստներ են, հայ եկեղեցին՝ առանձնահատուկ մի բան, ոնց որ Ֆրանսիան էր Օռլեանի կույսի աչքերում։

***

Մեր եկեղեցին իսկապես չի ընդունում այն ունիվերսալիզմը, որը կաթոլիկներն էին պատկերացնում։ Բայց խնդիրը նրանում չէ, որ կաթոլիկները հայ չեն, այլ նրանում, որ իրենք չեն փրկվի։ Իրենք պարզապես չեն փրկվի։

***

Որպեսզի պատկերացնեք, թե Հայ առաքելական եկեղեցին ինչ ուժեղ ճառագայթներ է արձակում, ես կարող եմ բերել Սամվել Կարապետյանի օրինակը։ Սամվել Կարապետյանը հայ չի՝ ֆրանկ է։ Աջապահյանը ժամանակին ուժեղ կոնֆլիկտ ունեցավ և հալածեց Գյումրու կաթոլիկներին։ Հիմա այդ կաթոլիկը պատրաստ է իր ազատությունն անգամ զոհել հանուն Աջապահյանի։

***

Հայ առաքելական եկեղեցին փոքր եկեղեցի չէ։ Խոսքը համաշխարհային եկեղեցու մասին է։ Լավ կլիներ՝ մի քիչ մտածեիք դրա մասին։ Այն, որ հայ եկեղեցին Երուսաղեմում այդքան սեփականություն ունի, իրեն հավասար է դարձնում կաթոլիկներին և ուղղափառներին։ Սա նույն բանն է, որ Փաշինյանը դուրս գար Հռոմի պապի դեմ։ Հիշո՞ւմ ես, որ Հռոմի պապը անիծեց կայսրին։ Կայսրը քառասուն օր չոքած ապաշխարհում էր ամրոցում։ Դա կոչվում է Ճանապարհ դեպի Կանոսա։

***

Հայկական եկեղեցին ավելի հեղինակավոր կառույց է, քան Հայաստանի պետականությունը։ Լավ կլիներ դա հաշվի առնեին։

— Որպես խոշոր սեփականատե՞ր, թե՞ միջազգային կորպորացիա։
— Դու անընդհատ ուզում ես մտածել որպես աթեիստ։ Ո՛չ։ Որպես հնագույն սրբության կրող։ Ոնց որ Ստալինը լինեք։ Նա էլ էր կասկածում՝ «իսկ Հռոմի պապը քանի՞ հատ տանկ ունի»։ Պարզվեց, որ Հռոմի պապը ավելի ուժեղ է։ 2018 թվականին կար եկեղեցու ուժեղ քննադատություն, բայց դա ներսից էր գալիս։ Հիմա, կներես, Եհովայի վկան էլ կարող է քննադատել կաթողիկոսին։ Դա ընդհանրապես ոչ մի բան չարժի։
— Փաշինյանն ասում է, որ ինքը Առաքելական եկեղեցու հետևորդ է, հետևաբար․․․
— Հետևո՞րդ ես՝ էլ հետևորդ չես լինի։ Հետևորդս ո՞րն ա։ Որպեսզի դու լինես Հայ առաքելական եկեղեցու մաս, պիտի թույլ տան քեզ։ Հայ եկեղեցին դեմոկրատական է, իհարկե, կաթողիկոսի ընտրություններին, օրինակ, աշխարհականներ են մասնակցում, որը ոչ մի այլ տեղ ընդունված չէ։ Բայց դու հայ քրիստոնյա ես, եթե քեզ կնքել են, ու դա էլ դեռ ոչ մի բան չի նշանակում։ Կգաս, կասես՝ ուզում եմ պսակվել, ընկեր տերտեր, չեք գա՞, այ էսքան մանր փող կտամ ձեզ։ Ընկեր տերտերը կասի՝ ո՛չ, չեմ գա։ Բա թաղմանս չեք գա՞, ընկեր տերտեր։ Չէ, չեմ գա։ Պրծավ գնաց։ Ի՞նչ է նշանակում հայ առաքելական։ Ամենակարևորը հաղորդություններին մասնակցելն է։ Չես հաղորդվում, անդամ չես։ Ե՞րբ ես վերջին անգամ ապաշխարհել, որդյա՜կս։

— Ապաշխարհություն հայ եկեղեցում չկա։
— Միայն եզդիների մոտ կա, հա՞։ Հետաքրքիր է եզդիների ապաշխարհությունը։ Հեչ տեսե՞լ եք։
— Մենք հոգեբան ունենք դրա փոխարեն։
— Տարին մեկ եզդիները հավաքվում են համայնքով և սկսում են պատմել, թե ով ումից քանի ոչխար է գողացել, և ապաշխարհանք են խնդրում համայնքից։
— Իսկ հայկական ավանդույթո՞ւմ։
— Հայկականում մեղքերը ներում են ղրդաբով։ Տերտերը կանգնում է, ասում է՝ ապաշխարհո՞ւմ եք արդյոք ձեր մեղքերը։ Ժողովուրդն ասում է՝ այո՜։ Ուրեմն մեղքերին թողություն։ Նույնիսկ այդ ինդիվիդուալիզմը, որ կա եզդիների մոտ, հայկական եկեղեցին չի ընդունում։ Երևի որ թուրքերը չիմանան՝ ով ումից քանի ոչխար է գողացել։

***

Երևի գիտես՝ եվրոպական լեզուներում շատ ֆինանսական հասկացություններ փոխառվել են արաբներից։ Վեքիլը ֆինանսական հավատարմատարն է։ Այստեղից է նաև վեքսել բառը։ Ամեն մի հայկական համայնք և ամեն մի եպիսկոպոս ուներ իր վեքիլին՝ մարդ, ով կառավարում է ֆինանսները։ Մարդը գալիս է, եկեղեցուն նվիրում է հազար ոսկի օսմանյան կամ ռուսական, նա վերցնում է այդ ոսկին և տալիս է վեքիլին, որը ֆռցնում է փողը։ Դու չես պատկերացնի՝ ինչ արհեստավարժ բիզնեսմեններ էին մեր եկեղեցականները, և ինչ շուտ էին նրանք հասկացել, որ փողը հարկավոր է դնել շրջանառության մեջ։ Օրինակ՝ գրավ էին դնում եկեղեցին խանին, շիրվանի իսլամ գյուղացիներից, որոնց հիմա ազերի են ասում, հում մետաքս էին առնում, ուղարկում էին Իզմիր, ծախում էին, հավելյալ շահույթով վերադառնում և այլն, և այլն։ Սիրում էին հայերը փող, բայց միջնադարո՛ւմ։ Հիմա էտքան էլ չեն սիրում։

***

Կուսակրոնության թեման էշություն է։ Շատ եք ուզում՝ նեսթորականություն կընդունեն, և հարցը կլուծվի։ Դա եկեղեցու ներքին գործն է իսկապես։ Մեկ-մեկ գոնե պետք է մտածել, թե խի ամեն եկեղեցի ունի այդ տեսակի կարգավորումներ իր ներսում։ Եկեղեցին Հիսուսի հարսնացուն է, եկեղեցականներն ու վանականները Հիսուսի հարսնացուներն են։ Հիսուսի հարսնացուն ո՞նց կարող է կին ունենալ, եղբայր։ Ուզում էի լկտիանալ և գրել՝ Գարեգին Բ-ն քվիր է։ Բայց հարցը նրանում է, որ նա պիտի լիներ վանական։ Գոնե ճիշտ հասկացեք այդ մարդու սխալները։ Հայկական վանքերը պիտի աշխարհից կտրված լինեն, վանականները պիտի ամեն օր աղոթեն, հո կիրակի օրերը չե՞ն գալու դիսկոտեկա։ Բայց Կճոյանը գալիս էր։ Արմանն ասում էր՝ շատ ժամանակակից մարդ է, մեզ հետ գալիս է պարելու։ Սովետն իրա տաբուներն ուներ, բայց լիբերալ-դեմոկրատ հայ մտավորականությունը այնպիսի արգելքներ է դրել կրոնի մասին խոսելու, որ մենք իսկապես չունենք դիսկուսիա։ Մենք ունենք Փաշինյան, որը տիպիկ ձևն է նրա, թե ոնց է լիբերալ մարդը, որը ոչինչ չի հասկանում կրոնից, հանկարծ որոշում, որ ինքը մասնագետների մասնագետն է։

***

Մենք պիտի հասկանանք, թե ինչու է մեր իշխանությունը այդքան սխալ՝ լինի սերժական կամ նիկոլական։ Ոնց ենք մենք ընկալում իշխանությունը։ Միշտ երկրորդական։ Որովհետև ինքը ենթարկված է, ասենք, ռուսներին, հիմա էլ իբրև թե ֆրանսիացիներին պիտի ենթարկվի, բայց ֆրանսիացիները մեզ բանի տեղ չեն դնում ցավոք սրտի։ Հայի համար ավելի հեշտ է ապրել որպես փոքրամասնություն, քան որպես մեծամասնություն։ Ի՞նչ ֆունկցիաներ են, որ ինքը զգում է՝ չի կարող կատարել, և պիտի աութսորսինգ անի, ոնց որ ասում է Փաշինյանը։ Աութսորսինգը կա ու կա։ Բայց աութսորսինգի գաղափարը ամենից լավ ձևակերպել է Ֆերգյուսոնը դեռ 18-րդ դարում՝ «քաղաքացիական հասարակություն»։ Բա մեզ պե՞տք է Շոտլանդիայում անկախություն։ Քաղաքացիական հասարակությունն ի վերջո հիմնական ֆունկցիաները կկատարի։ Կա ընդամենը մի քանի բան՝ պաշտպանություն և այլն, որ չի կարող անել քաղաքացիական հասարակությունը, և Շոտլանդիան դա աութսորսինգ կանի։ Այսպես Ֆերգյուսոնը ոչնչացրեց շոտլանդական անկախականությունը, որը վերականգնեց դերասան Մել Գիբսոնը։ Աութսորսինգը փոքր պետությունների գոյատևման ձևերից է։

— Ոմանք դա անվանում են կոլոնիալիզմ։
— Եղբայրս ինձ մի անգամ ասեց՝ «ես հայրենիքի դավաճան եմ»։
— Դո՞ւ։
— Չէ, ինքը։ Դե իմ մասին միշտ ա ասում։
— Խի՞ ա դավաճան։
— Ասում ա՝ «ես ուզում եմ նավի կապիտան դառնամ․․․»
— Բայց Հայաստանում ծով չկա՞։

— Հայաստանում լիքը բան չկա։ Նավ էլ չկա։ Ինքը ասում է՝ «ի՞նչ անեմ, պիտի գնամ Ռուսաստան և դառնամ հայրենիքի դավաճան»։ Ես ու Յուռան մտածում էինք, որ մենակ մենք ենք հայրենիքի դավաճան։ Արի ու տես։ Ես Մոսկվան թողեցի ու եկա Երևան, որովհետև համոզված էի, որ Հայաստանում կարելի է ֆիզիկոս լինել։ Կա Ֆիզիկայի ինստիտուտ։ Բայց աութսորսինգը լուրջ խնդիր է։ Հայկական իզոլացիոնիզմը, որն արտահայտվում է «հայկական քաղաքակրթություն» բառով, մի բան է ասում՝ այտեղ ամեն ինչ էլ կա։ Հինգ հազար տարի առաջ աստղաբանություն է եղել այստեղ, երբ որ մյուսները ծառերի վրա էին։ Համբարձումյանը աստղագիտությունը սարքեց սակրալ։ Բայց պետք է արդեն համակերպվել՝ Հայաստանում լիքը բան չկա։ Ես ուզում էի տեսաբան դառնալ, թեկնածուական էի գրում՝ «գլյուոնների դերը միջուկային փոխազդեցություններում»։ Ինձ հետ աշխատող տեսաբան ֆիզիկոսները, ասենք, գնացին Շվեյցարիա։ Եվ ես կտրվեցի ֆիզիկայից։ Հնարավոր չէ ֆիզիկայով զբաղվել ֆիզիկայից դուրս։

***

Քաղաքացիական հասարակությունը մեռցրեցին։ Քաղաքացիական հասարակություն չի սիրում ոչ Փաշինյանը, ոչ Քոչարյանը։ Թրամփը կար մինչև Թրամփ։ Ռացիոնալիզացիա, էկոնոմիզացիա, մինիմալիզացիա։ Արի նայենք՝ ինչ է կատարվում։ Գոյություն ուներ սիրուն մշակված Հաբերմաս՝ քաղաքացիական հասարակության իդեոլոգներն էին, որի ազդեցությունը պիտի լիներ պրոքսի։ Թրամփի մոտեցումը պարզ է՝ պրոքսի պետք չէ։ Վախեցնում ես, անում են։ Ո՞ւմ է պետք էտ քաղաքացիական հասարակությունը, որ համոզի մարդկանց, դիսկուսիաներ անի և այլն, և այլն։

***

Քանի որ մենք ընտրյալ ենք, քանի որ մենք ենք փրկվելու, մեզ ուղղակի հարկավոր է մի հազար տարի դիմանալ։ Բայց կան խնդիրներ, որոնք պետք է լուծել։ Մեր անվտանգության հարցը պիտի լուծի Ռուսաստանը։ Այդպես են մտածում խոպանչիները, և նրանք ճիշտ են։ Որովհետև Արևմուտքը փակվում է։ Ինքը առաջվա «բաց հասարակությունը» չէ, ու շարունակելու է փակվել։ Մենք ապրում ենք ապակողմնորոշված աշխարհում։ Հնարավոր չէ կողմնորոշվել դեպի Ֆրանսիա կամ դեպի Ամերիկա, նույնիսկ դեպի Ռուսաստան։ Որ ասում եմ՝ ապակողմնորոշված, չգիտես ինչու բառացի չեն հասկանում։

***

Կառավարումն ու իշխանությունն իսկապես տարբեր բաներ են։ Պռավիտ, նո նե ուպռավլյայետ։ Փաշինյան պռավիտ։ Նո չե՞մ օն ուպռավլյայետ։ Նա բեսսիլյայի օրինակ է։ Կա կառավարման խնդիր։ Երբ Ֆերգյուսոնը խոսում էր քաղաքացիական հասարակության մասին, նկատի ուներ՝ մեզ պետք է ուպռավլյած, ոչ թե պռավիծ Շոտլանդիյեյ։ Թող թագուհին նստի Լոնդոնում և մտածի ինչ-որ բաներ, իսկ Շոտլանդիան կկառավարվի, օրինակ, «քաղաքացիական հասարակության» կողմից։ Քաղաքացիական հասարակությունը մեռցրեցին։