հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Արտահերթ նիստը տապալվեց․ «Շրջանառության հարկի մասին» օրենքն այսօր չեն քննարկի

Արտահերթ նիստը տապալվեց․ «Շրջանառության հարկի մասին» օրենքն այսօր չեն քննարկի

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների կողմից «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկման համար հրավիրված արտահերթ նիստը պետք է մեկնարկեր 18։30֊ին, սակայն այն առայժմ չի սկսվել քվորումի բացակայության պատճառով։ Դահլիճում ներկա են եղել 37 պատգամավորներ, իսկ նիստը սկսելու համար հարկավոր է 66 պատգամավորների ներկայությունը։ Բացակաները հիմնականում ՀՀԿ֊ական պատգամավորներն են։

Քիչ անց ԱԺ֊ի նախագահությունը ևս մեկ անգամ պետք է գրանցում հայտարարի, սակայն արդեն իսկ պարզ է, որ արտահերթ նիստը չի կայանա, քանի որ պատգամավորներից շատերը լքել են շենքը։

Միևնույն ժամանակ ԱԺ֊ի դարպասների մոտ հավաքվել են օրենքի դեմ պայքարով մի քանի հարյուր մարդիկ, ովքեր վանկարկում են «Ամոթ» և «Պայքար մինչև վերջ»։ Օրենքը ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից։  

Մի քանի օր է, ինչ հազարավոր ձեռներեցներ բողոքի ակցիաներ են անցկացնում` նոր օրենքի կիրառումը դադարեցնելու պահանջով: ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները՝ ՀԱԿ֊ը, ԲՀԿ֊ն, Ժառանգությունը, օրենքի նոր նախագծի երկու տարբերակ են մշակում, որոնցից մեկով, մասնավորապես, առաջարկվում է ձեռներեցներին թույլ տալ ընտրել, թե «Շրջանառության հարկի մասին» որ տարբերակով են ցանկանում աշխատել ձեռներեցները։ Համաձայն օրենքի ներկայիս տարբերակի շրջանառության հարկը կազմում է 3.5 տոկոս, սակայն ձեռնրեցներից ավելորդ թղթաբանություն չեն պահանջում։ Նոր օրենքի համաձայն, հարկը կազմելու է 1 տոկոս, սակայն ձեռներեցները պարտավորված են լինելու բոլոր ապրանքատեսակների մանրամասն նկարագրությունը ներկայացնել հարկային մարմիններին։