Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը բարդ էր, սակայն արդյունավետ երեք պատճառներով. Հայաստանում ստեղծվել էր 22 աշխատանքային խումբ, երկրորդ՝ որոշ ցուցանիշներով Հայաստանը առաջ է ԵՏՄ անդամակցող մյուս երկրներից և երրորդ՝ ԵՏՄ գործընկերները շատ կառուցողական մոտեցում ունեն, քանի որ Հայաստանին ավելի քան 800 բացառությունների հնարավորություն են տվել: Այսօր այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների՝ ԵՏՄ֊ին անդամակցելու հարցի շուրջ հրավիրած լսումների ընթացքում հայտարարել է Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Այն, որ Հայաստանին տրվել են մեծ թվով բացառություններ, շեշտել է նաև Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը: Նրա խոսքով՝ Ղազախստանի համար ընդամենը 604 բացառություն է քննարկվել, Ղրղզստանի համար՝ 300:
Տարասյանը շեշտել է, որ արդեն հայտնի է՝ Հայաստանի համար ԵՏՄ֊ում գործող մաքսատուրքերին անցնելու ժամանակը կհետաձգվի որոշ ապրանքների համար, այդ թվում՝ դեղորայքի, ավտոմեքենաների, առաջին անհրաժեշտության սպառման այլ ապրանքների դեպքում: Այսինքն՝ հունվարի 1-ից էլ այդ ապրանքների համար կշարունակի գործել ՀՀ մաքսատուրքերը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը հավելել է, որ այս հետաձգումը արվում է, որպեսզի Հայաստանում գնաճը 2015 թվականին չկազմի 1.2 տոկոս: Մոտ 752 ապրանքների մասով մաքաստուրքերի փոփոխությունը հետաձգվել է տարբեր՝ մինչև 5 տարի ժամկետով: Արամյանի խոսքով՝ դա թույլ տա Ռուսաստանի և Հայաստանի միչև մաքասյին տուրքերի ճեղքը փոքրացնել, ինչի արդյունքում 2020 թվականին Հայաստանը կունենա միայն 0.3 տոկոս գնաճ:
Արամյանը նշել է, որ 18 գյուղատնտեսական ապրանքների մասով էլ Հայաստանի մաքսատուրքերը պահպանելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի գյուղմթերքի շուկայում հայկական արտադրանքը լրիվ չկորի:
Նշենք, որ ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ն հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, թե, համաձայն պայմանագրի բոլոր ներմուծվող ապրանքների 60 տոկոիս դեպքում մաքսատուրքերը բարձր են ԵՏՄ֊ի, իսկ 14.5 տոկոսի դեպքում՝ Հայաստանի տարածքում։ ՀԿ֊ն ներկայացրել էր թանկացող 7000 ապրանքատեսակներից 70-ի ցանկը։