Մի քանի քաղաքացիական նախաձեռնություններ և տասնյակ Հայաստանի քաղաքացիներ բաց նամակով դիմել են ՀՀ֊ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային՝ բարձրաձայնելով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և նրա տեղակալ Լևոն Երանոսյանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:
Նամակի հեղինակները նշում են, որ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ ոստիկանության և ազգային անվտանգության մարմինները հանդես են գալիս որպես քաղաքացիական հասարակության և քաղաքական այլակարծության բռնաճնշումների գործիք, ինչը կասկածի տակ է դնում ԵՄ֊ի կողմից Հայաստանի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ տարվող լավ կառավարման հարցերի առնչությամբ տարված աշխատանքի արդյունավետությունը և դրա շարունակման նպատակահարմարությունը:
«Առկա են ողջամիտ կասկածներ, որ վերջին օրերին հասարակական և քաղաքական գործիչների, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ բռնություններն իրականացվել են ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա տեղակալ Լևոն Երանոսյանի անմիջական հրահանգով կամ թողտվությամբ: Ավելին, գործող քաղաքական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հնչեցրած սպառնալիքներն ու հայտարարությունները ևս վկայում են, որ բռնությունների այս շղթան քաղաքական բնույթ ունեցող, ծրագրված և նպատակամղված գործողությունների շարք է, որը համակարգվում է պետական ուժային կառույցերի կողմից:
Նշված ողջամիտ կասկածները հիմնվում են հետևյալ անառարկելի փաստերի վրա․
1. 26.11.2014 թվականին, ելույթ ունենալով ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ միջազգային համաժողովում, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, թե ոստիկանության հակառակորդներն ու ընդդիմախոսներն են հանցագործները, կրիմինալը և քաղաքական-հասարակական կազմակերպությունները, որոնք ընդդիմադիր են:
2. «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հրապարակված և չհերքված տեղեկատվության համաձայն, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը 2014 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել է, որ «Արաբո» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանին և «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանին իր հրահանգով են ծեծել` Սերժ Սարգսյանին հայհոյելու համար, նշելով. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»: Երկու օր հետո Երանոսյանը լրագրողի հետ հարցազրույցում պնդել է իր խոսքը, և ավելին՝ անթաքույց սպառնացել է հաշվեհարդար տեսնել նաև իրեն անբարեհաճ մարդկանց ընտանիքի անդամների նկատմամբ. «Ես իմ խոսքը պնդում եմ, որ եթե որեւէ մեկը կա էդքան տղա, իմ ներկայությամբ, դեմս նստած, փորձի գերագույն հրամանատարի հասցեին որեւիցե մի բան ասի, գլուխը կջարդեմ ու չգիտեմ՝ կհասնի իր էրեխեքին, թե չէ»:
3. ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), ում վարորդը եղել է պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում գործած անձը, հայտարարել է. «Ով ինչ անի, իրա պատասխանը պիտի ստանա՝ անկախ նրանից՝ ազատամարտիկ ա, սովորական քաղաքացի ա, թե պաշտոնյա ա: Ով որ իրան նորմալ չի կարում պահի, մենք կարող ենք հանգստացնել»։
4. Իշխող կուսակցության մեկ այլ պատգամավոր՝ Սեյրան Սարոյանը, Ազգային ժողովի հարթակից հայտարարել է. «Մենակ ասում են ընչի ա բռնություն էղել, ընչի են Արամին խփել, չեն ասում՝ ընչի են հայհոյում: Շատ վատ են անում: Ու թող քննեն: Մի թասիբով տղա կար… մեր գլխավոր հրամանատարն է, կարան մեր քրֆեն, ու ասեն դեմոկրատիա ա: Հիմա ես մեր քրֆեմ, գան ինձ ապտակեն, էղավ դեմոկրատիա՞: Արամ Մանուկյան, ընչի՞ էիր քրֆում, որ գան չափալախեն: Հիմա դու քրֆում ես, պատասխան տալը չգիտե՞ս: Արամը քֆուր ա տվել, թող Արամն էլ պատասխան տա»:
5. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը հայտարարել է. «Մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասը կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտ, հնչեցնում են ապստամբությունների, իշխանություններին ուժով տապալելու անպատասխանատու կոչեր»: ԱԱԾ տնօրենը նաև ասել է. «Մեր կողմից կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները հանրապետության սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսևորում վճռականորեն կանխելու համար: Սա սպառնալիք չէ, սակայն նախազգուշացնելու անհրաժեշտությունը մենք տեսնում ենք»:
Ներքոստորագրյալներս գտնում ենք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և վերջինիս տեղակալ Լևոն Երանոսյանը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով նրանց վրա դրված պարտականությունները կատարելու փոխարեն զբաղվում են քաղաքական գործունեությամբ և, իրենց լիազորությունները չարաշահելով, ահաբեկում են գործող իշխանության քաղաքական հակառակորդներին: Նույն կերպ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս անթաքույց սպառնալիքների միջոցով բռնաճնշումներ է գործադրում Հայաստանի քաղաքացիական հասարակության և քաղաքական ընդդիմության նկատմամբ:
Անկասկած, ԵՄ-ն մեծածավալ աշխատանք է կատարում Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ձևավորման և կայացման համար: Սակայն սույն նամակում մատնանշված իրադարձությունները վկայում են, որ ԵՄ ֆինանսական միջոցները ոչ թե նպաստում են այդ հաստատությունների կայացմանը, այլ ընդհակառակը՝ օգտագործվում են կոռումպացված համակարգի ամրապնդման, պետական ահաբեկչությունը հովանավորելու և ոստիկանության համար հատուկ միջոցներ ձեռք բերելու համար», ֊ նշում են նամակի հեղինակները:
Նրանք հորդորում են ԵՄ պատվիրակության ղեկավարին միջոցներ ձեռնարկել կասեցնելու համար լավ կառավարման և ժողովրդավարական հաստատությունների զարգացման նպատակով ԵՄ կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող ֆինանսական բոլոր հատկացումները, քանի դեռ՝
1. ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի ազատվել զբաղեցրած պաշտոնից,
2. փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի նկատմամբ չի հարուցվել քրեական հետապնդում,
3. ՀՀ գլխավոր դատախազը Ազգային ժողովում հանդես չի եկել իշխող Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Առաքել Մովսիսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նախաձեռնությամբ՝ իր վարորդի կողմից կատարված արարքին հանցակցության համար:
Հայտարարության տակ ստորագրել են՝ «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնությունը, «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Արտ լաբորատորիա» հասարակական կազմակերպությունը, «Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպությունը, «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև 120֊ից ավել քաղաքացիներ։