Home / Տեսանյութեր / Պատգամավորը և բողոքողներից մեկը տեսել են Պերմյակովին (թարմացված)

Պատգամավորը և բողոքողներից մեկը տեսել են Պերմյակովին (թարմացված)

23։55 ԲՀԿ֊ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը լրագրողների խնդրանքին բնութագրել Վալերի Պերմյակովին՝ ասել է․ «Դե մի հատ ուռոդ, ինչ ներկայացնեմ»։ Գրիգորյանը ասել է, որ Պերմյակովը պահվում էր մենախցում։

«Մենք իրա դեմքը տեսել ենք, էն ինչ֊որ նկարներով ցույց է տրվել, կոնկրետ հենց էդ ոչխարն էր։ Տեսել ենք էդ վիժվածքին», ֊ նշել է Գրիգորյանը։

Պատգամավորը հավելել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, ցանկալի չէր։ Նա ընդգծել է, որ այս պահին կան ձերբակալվածներ, իսկ մի քանի ոստիկան տեղափոխում են Երևան վիրահատության։ 

«Խաղաղ ցույցի մասնակիցներին ոստիկանություն չեն տարել։ Լուրջ բան է եղել։ Գնանք ոստիկանություն, տեսնենք»։

23։50 Գյումրիում Ցուցարարների մոտ դուրս եկած ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հավաքվածներին կոչ է արել «չանել մի բան, որի համար կարող ենք փոշմանել»։

«Այն ոստիկանները, որ հիմա մարմնական վնասվածքներով պառկած են, իրենք էլ են մեր ընկերները», ֊ ասել է Կոստանյանը։ 

Նա վերահաստատել է իր խոստումը, թե կդիմի ՌԴ գլխավոր դատախազին։ «Այդ անձը, հանցագործը օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության է ենթարկվելու։ Ցտեսություն», ֊ ասել է Կոտսանյանը ու հեռացել։ 

Մարդիկ կրկին բղավել են, որ գործը պետք է քննվի Հայաստանի դատարանում։ Բացի դա, հավաքվածները բարձրացրել են ձերբակալվածների հարցը։ Մարտուն Գրիգորյանը ասել է, որ ինքը կգնա ոստիկանություն «զբաղվելու կալանավորվածների հարցով», և խոստացել է, որ ոչ ոք այլևս չի ձերբակալվի։ Նա խոստացել է զբաղվել նաև Երևանից ժամանած ձերբակալվածների հարցով։ 

Այս պահի ձերբակալվածներից երկուսին ազատ էին արձակել, ևս 10 մարդ գտնվում էին ոստիկանությունում։ 

23։45 Ազատության հրապարակում կրկին լարված իրավիճակ է ստեղծվել։ «Հիմնադիր խորհրդարանի» հաղորդագրության համաձայն, բերման է ենթարկվել Ալեք Ենիգոմշյանը, ով կույր է, բացի նրանից մի քանի տասնյակ մարդիկ, որոնք մասնակցում էին մոմավառությանը։ 

23։20 Գյումրիում դատախազության շենքի մոտ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, որ բողոքողներից մեկի հետ այցելել է ռուսական ռազմաբազա և տեսել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովին։ Հիշեցնենք, որ գյումրեցիների պահանջներից մեկն էր՝ հավաստիանալ, որ Պերմյակովը Հայաստանի տարածքում է։ 

Այնուհետև Մարտուն Գրիգորյանը կրկին մտել է դատախազության շենք՝ քննարկելու ձերբակալվածների ազատ արձակելու հարցը։

22:45 Այս պահին լարված իրավիճակ է նաև Երևանի Ազատության հրապարակում: Մի քանի տասնյակ ոստիկաններ շրջափակել են հրապարակը` թույլ չտալով, որպեսզի մոտ երկու տասնյակ քաղաքացիներ մուտք գործեն Ազատության հրապարակ: Մինչ այդ` ժ. 21.15-ի սահմաններում, «Հիմնադիր խորհրդարան» (նախկինում` Նախախորհրդարան) նախաձեռնության անդամները ՀՀ դրոշներով հավաք էին կազմակերպել հրապարակում: Ինչպես Epress.am-ին պատմել են ականատեսները, քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են հավաքվածների վրա, խլել են նրանց դրոշները: Այնուհետև սկսել են քաշքշել ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել միմիայն հավաքի կազմակերպիչներին: Հետագայում նրանք բացատրել են, որ տեղեկություն ունեն, թե յավաքի կազմակերպիչները զենք ունեն և իրենք օպերատիվ գործողություն են իրականացնում։ Նշենք, որ մարդկանց բերման ենթարկելուց հետո ոստիկանները շարունակել են մնալ Ազատության հրապարակում և նրանց կողքին շրջել են մեծ թվով քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր հիմնականում չէին ներկայանում։ Ոստիկանները հավաքվածներին հրել են դեպի Թումանյան փողոց, այնուհետև նրանց մի մասը հեռացել է, իսկ մարդիկ կրկին հավաքվել են Ազատության հրապարակի աստիճաններին տեղադրված վառվող մոմերի մոտ։

Միևնույն ժամանակ, «Հիմնադիր խորհրդարանը» տեղեկացրել է, որ Գյումրիում բերման են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի անդամներ Վարուժան Ավետիսյանին, Վարդան Հակոբյանին, Շահեն Պողոսյանին և Ավագ Միրզոյանին:

Ոստիկանները հավաքվածներին հրելով տարան դեպի Թումանյան փողոց: Մի քանի րոպե անց ոստիկանների մի մասը հեռացավ Ազատության հրապարակից, իսկ մոտ երեք տասնյակ քաղաքացիներ եկան հրապարակի աստիճանների մոտ և մոմեռ վառեցին` ի հիշատակ Գյումրիի ոճրագործության զոհերի:

22.20 Դատախազության շենքից դուրս եկած ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ ներսում քննարկվում է բերման ենթարկվածներին ազատ արձակելու, ինչպես նաև վիրավորների հարցը: Ըստ նախնական տվյալների` բերման ենթարկվածների թիվը գերազանցում է մեկ տասնյակը:

Փոստանջյանի խոսքով` այժմ դատախազության ներսում է գտնվում ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Որևիցե պատգամավոր, ինչպես նաև ցուցարարներից մեկը, կարող են գնալ ռազմակայան և համոզվել, որ սպանության մեջ մեղադրվող Պերմյակովը գտնվում է Գյումրիում: Պատգամավորն ասել է, որ իրենք նաև պայմանավորվել են նկարահանեն Պերմյակովին, որպեսզի հանրությունը համոզվի, որ նա Հայաստանում է:

Փոստանջյանը նշել է նաև, որ Կոստանյանը պարտավորվել է, որ դիմում կներկայացնի ՌԴ գլխավոր դատախազին` գործը Հայաստանին փոխանցելու խնդրանքով, սակայն որևէ ժամկետներ չի նշել` պնդելով, որ նման դիմում գրելու համար իրեն հիմքեր են անհրաժեշտ:

22:00 Ցուցարարները դեռևս սպասում են դատախազության շենքի դիմաց: Նրանք սպասում են իրենց պահանջների կատարմանը, բացի դա, սպասում են, թե երբ ազատ կարձակվեն բերման ենթարկված քաղաքացիները, որոնց թիվը մոտ 10-ն է:

21:50 Գյումրիի դատախազության մոտ հավաքված ժողովուրդը, երկու ժամ որևէ պատասխան չստանալով, մշակել է իր պահանջները՝ ՀՀ իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն ռուսական կողմից ստանալու ապացույցներ, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը ՀՀ տարածքը չի լքել, ՀՀ իշխանույթունները նրան պետք է կալանքի տակ առնեն ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրում, ինչպես նաև պետք է երաշխավորեն, որ գործը քննվելու է ՀՀ իրավապահ մարմինների կողմից։ Պահանջների մասին Epress.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է Զարուհի Փոստանջյանը:

«Պահանջում ենք նաև, որպեսզի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,  վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անմիջապես գան Գյումրի, վերոնշյալ պահանջները կատարեն, հստակություն մտցնեն, իսկ եթե չեն կարող, ապա անհապաղ հրաժարական տան», – ասել է Փաստանջյանը: Նա հավելել է, որ պահանջները չկատարելու դեպքում Գյումրիում սկսված բողոքի ալիքը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների։

Փոստանջյանի խոսքով՝ գյումրեցիներին զայարացրել է այն փաստը, որ քաղաք է ժամանել միայն ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Հիշեցնենքն, որ վերջինս խոստացել է դիմել ՌԴ դատախազին՝ պահանջելով Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին, սակայն չի ասել, երբ է այդ նամակը գրելու։

Նշենք, որ մարդկանց մի մասն երկու ժամ առաջ դատախազության շենքի մոտից շարժվել է դեպի ՌԴ հյուպատոսարան: Նրանց ճանապարհը փակել են ոստիկանները: Բողոքողների և ոստիկանների բախման հետևանքով մոտ 10 մարդ վիրավորվել է, 8-ը բերման են ենթարկվել: 

20:45 Նախնական տվյալներով՝ Գյումրիի հիվանդանոց են տեղափոխվել 6 քաղաքացիներ: Նրանք տուժել են ՌԴ հյուպատոսարանի մոտ ոստիկանների հետ տեղի ուենցած բախումների հետևանքով: Հիվանդանոց է տեղափոխվել նաև մեկ ոստիկան: Չճշտված տվյալներով 5 մարդ բերման է ենթարկվել:

20:35 Գյումրիից ընտրված ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կոչ է անում վերադառնալ դատախազության շենքի մոտ: Նա խոստանում է Զարուհի Փոստանջյանի հետ մեկնել ռուսական բազա և տեսնել՝ արդյոք Վալերի Պերմյակովը ռազմաբազայի տարածքում է: Նա նշում է, որ ոստիկանները խոստացել են քայլեր չձեռնարկել ցուցարարների նկատմամբ: 

Galatv.am-ի տեսանյութը.

«Ոստիկանության խնդիրը կարգ ու կանոն պահելն է: Թյուրիմացություն էր, ինչ էր, եղավ, անցավ: Հիմա եկեք, գնանք դատախազության շենք», – ասել է Գրիգորյանը:

Նշենք, որ բողոքողները հրաժարվում են հեռանալ մինչև իրենց ցույց չտրվի տեսանյութ-ապացույց, որում կերևա, թե կասկածյալը Հայաստանում է։ 

20:29 Ցուցարարներին փորձում է հանգստացնել ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամվոր Զարուհի Փոստանջյանը: Նա փորձում է համոզել քարեր չնետել, չբախվել ոստիկանների հետ: Մարդիկ ասում են, որ չեն նահանջելու՝ «թասիբի հարց է»: Ամեն դեպքում, այժմ ցուցարարները քարեր չեն նետում, զրուցում են Փոստանջյանի հետ: Ոստիկանները շարունակում են կենդանի պատով փակել ՌԴ հյուպատոսարան տանող ճանապարհը:

20:00 Դեպի ՌԴ հյուպատոսարանի շենք տանող ճանապարհները փակել էին ոստիկանները: Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսել: Իրավապահները հատուկ միջոցներ են կիրառել, ցուցարարները քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ: Լսվում են պայթյուններ: Ականատեսների փոխանցմամբ՝ կան վիրավորներ, դեպքի վայր են ժամանում շտապ օգնության մեքենաներ: 

19:20 Հավաքվածները պահանջում էին ժամկետներ ասել, թե երբ է դատախազը դիմելու ռուսական կողմին։ Որոշ ժամանակ սպասելուց հետո բողոքողների մի մասը որոշել է շարժվել դեպի Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարան։ Մյուս մասը շարունակում է մնալ դատախազության շենքի մոտ։

18:50  Գյումրիում գտնվող Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ հավաքվածներին կրկին դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«Խոստանում եմ, որպես գլխավոր դատախազ և տղամարդավարի, 100%-ով դիմելու եմ ՌԴ դատախազին՝ գործը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով», – ասել է նա: 

Բողոքողներից մեկը բարձրախոսով հայտարարել է, որ եթե ՌԴ֊ն մերժի դատախազի պահանջը, ապա դա կնշանակի մերժել ողջ հայ ժողովրդին, և «մենք կհասկանանք՝ ով է մեր իսկական բարեկամը»։

18:15 Գյումրու ավագանու անդամ, լրագրող Լևոն  Բարսեղյանն ասել է, որ եթե ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը սկզբունքորեն համաձայն է բարձրացված պահանջի հետ, նա կարող է գործը հայկական կողմին հանձնելու խնդրանքով դիմում գրել ՌԴ դատախազություն:

«Եթե ռուսականը կողմը մերժի էլ,  մենք կիմանանք, որ մարդը փորձեց»,- առաջարկել է Լևոն Բարսեղյանը:

Կոստանյանն առանց պատասխանելու ներս է մտել դատախազության շենք, քանի որ հավաքացծները նորից սկսել են քարեր նետել դատախազի և ոստիկանների ուղղությամբ: Բարսեղյանն ակցիայի ընթացքում բազմիցս կոչ է արել նման քայլերի չդիմել՝ նշելով, որ դա սադրանք է։

18.00 Ցուցարարների մոտ կրկին դուրս է եկել դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա խնդրել է ժողովրդին սպասել: «Հայ տղեքը հենց հիմա աշխատում են այդ ուղղությամբ: Իրավասության հարց ա, անունը ինչ ուզում եք դնեք: Այ ժողովուրդ, սպասեք, ուզում եք՝ ես էլ ձեզ հետ մինչև առավոտ սպասեմ: Ես երկու օր ա բացատրում եմ, շատերը դեռ չեն հասկանում»,- ասել է նա:

17․44 Այս պահին Գյումրի քաղաքում` Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց, բողոքի ակցիա է անցկացվում: Ակցիայի մասնակիցները շարունակում են պահանջել, որպեսզի քաղաքում հունվարի 12-ին իրականացված սպանդի գործով քննությունն իրականացվի ՀՀ իրավասու մարմինների կողմից։ Հավաքվածների պահանջով շենքից դուրս է եկել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նրան հավաքվածները ևս մեկ անգամ հարցրել են՝ ինչպես է լուծվելու Գյումրիում սպանված ընտանքի գործով քննության իրավասությունը: Կոստանյանը կրկին հայտարարել է, որ հարցը լուծվելու է միջազգային պայմանագրով: Ակցիայի մասնակիցները սուլել են, որից հետո Կոստանյանը հեռացել է:

«Հիմա իրենք քաղաքական կամք ունեն֊չունեն, իրենց մասնագիտական ճակատագրի հարցն է։ Եթե գիտելիք չունեն այդ հարցը գլուխ բերելու, մենք բազմաթիվ բանիմաց իրավաբանների, փաստաբանների գիտենք, որոնք 3 օր է՝ ելույթ են ունենում, բացատրում են՝ ինչն ինչոց է։ Այդ մարդիկ կօգնեն հասկանալ։ Եթե դուխ չունեն, մարդ է էլի, խեղճացած է, պագոնավոր է տեսել, վախեցել է, ստեղ իրանց դուխը հավաքված է։ Եթե իրենք էդ գործողությունը ձեռնարկեն, կպաշտպանենք։ Իրենք մինչև հիմա չեն հասկացել, որ մեր պահանջը նաև իրենց մասնագիտական արժանապատվությունը պաշտպանելու պահանջ է։ Եթե կա էս շենքում մեկը, որը կարող է ասել՝ գտել ենք մեխանիզմը, որով այդ կենդանուն պետք է փոխանցեն մեզ, ասեք, եթե այլ բան են ասելու՝ մենք դրա ժանանակը չունենք»,- ասել է Գյումրիի ավագանու անդամ, լրագրող Լևոն Բարսեղյանը։

Հավաքվածներին առաջարկել են 20 հոգանոց պատվիրակություն ուղարկել դատախազության շենք, սակայն Ժողովուրդը սկսել է սուլել:

«3 միլիոն մարդ չի կարող ներս գնա: 3 միլիոն մարդ պատասխան է ուզում»,- ասել է Լևոն Բարսեղյանը: 

Հավաքված մարդիկ պարբերաբար վանկարկում են «Ամոթ, ամոթ», «Դուրս արի», սակայն Գևորգ Կոստանյանը 17։50֊ի դրությամբ ցուցարարների մոտ դուրս չէր եկել։ Մի քանի անգամ ոմանք քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչից հետո Լևոն Բարսեղյանը բարձրախոսով կոչ է արել դադարեցնել նման գործողությունները՝ ասելով, որ նման քայլերի դիմողները սադրանք են անում։ Բարսեղյանը խնդրել է բոլորին ուշադիր լինել, ու թույլ չտալ «քարով զարկողներին» կրկնել իրենց գործողությունները։