«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը համարում է, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։ Այս մասին ասված է Ծառուկյանի հայտարարության մեջ, որը տարածել է ԲՀԿ մամուլի գրասենյակը։
Հայտարարության մեջ ոչինչ չի ասվում Ծառուկյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին։ Այն, որ կողմերը հանդիպել են, երեկ ԶԼՄ֊ների ներկայացուցիչների հետ զրույցում ասել էր ՀՅԴ֊ական պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Իր հայտարարության մեջ Ծառուկյանը նշում է, որ իր խնդիրը տեսնում է «մեր ժողովրդին, մեր երկրին օգտակար լինելու մեջ»:
«Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել, ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ և կյանքի կոչել դրանք: Միայն այդպես է հնարավոր վերացնել այն իրավիճակը, որն այսօր մենք ունենք մեր երկրում:
Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում: Սա որևէ բարի տեղ չտանող ուղղություն է: Դժվար չէ պատկերացնել, թե այն, ինչ կատարվում է հիմա, ինչի կհանգեցնի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում: Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը և, առաջին հերթին, մեր ժողովուրդը: Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ:
Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով», ֊ ասված է ԲՀԿ ղեկավարի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանն իր ելույթում քննադատության է ենթարկել Գագիկ Ծառուկյանին, իսկ վերջինս հաջորդ օրը հայտարարություն էր տարածել, որում նշել էր իշխանափոխության անհրաժեշտության մասին։
ԲՀԿ քաղաքական խորհուրդը մեկ այլ հայտարարությամբ չեղյալ է համարել ավելի վաղ հայտարարված փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը։
«Երևանի քաղաքապետարանն, ի գիտություն չընդունելով հանրահավաքի իրազեկման հայտը, անօրինական խոչընդոտներ է ստեղծում նախապես հայտարարված փետրվարի 20-ի շտապ հավաքի անցկացման համար:
Հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից և բախումներից` ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի ՀԱԿ֊ի և «Ժառանգության» հետ համատեղ հանրահավաքի անցկացումը: Քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում օրինական բոլոր ճանապարհներով մենք գտնելու ենք քաղաքական լուծումներ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և հասարակության շահերը պաշտպանելու համար», ֊ ասված է կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ: