Home / Տեսանյութեր / Հրաժարվել «տուն պահող» խոշտանգողներին պաշտպանելուց

Հրաժարվել «տուն պահող» խոշտանգողներին պաշտպանելուց

Հեղինակ՝ Աննա Շահնազարյան

Հոդված՝ Ինչպե՞ս ենք վերաբերվում «տուն պահող» խոշտանգողներին

Վերջերս մի ծանոթ իրավապաշտպանի հետ խոսակցության բռնվեցի փակ հաստատություններում խոշտանգումների թեմայով։ Թվում է, թե բոլորս գիտենք՝ ինչ բան է խոշտանգումը ոստիկանությունում, բանտերում և բանակում, սակայն երբեմն չենք ցանկանում ավելին իմանալ կամ մեզ չեն ներկայացնում մարդկային դժոխքի մանրամասները կամ ավելի հաճախ՝ իրականությունը փակ հաստատություններից հաճախ դուրս չի գալիս։ Իսկ իրականությունը փակ հաստատություններում մեզ երևակայելի ծեծն ու բռնաբարությունը չէ միայն, այն, օրինակ, կարող է լինել «վարդերի» տեսքով։

«Վարդով» են պարգևում փակ հաստատություններում աշխատող և/կամ ղեկավարող տղամարդիկ իրենց լիակատար վերահսկողության տակ հայտնված և բացարձակապես անօգնական մարդկանց։ Այսպես, հետանցքից խողովակ են անցկացնում ուղիղ աղիքի մեջ, խողովակի միջով անց են կացնում փշալար, այնուհետև խողովակը հանում են, իսկ փշալարը ներսուդուրս անում։ Անմարդկային այս խոշտանգումը գրեթե անհնար է ապացուցել, իսկ նույնիսկ եթե ապացուցվի, Հայաստանում, համենայնդեպս, խոշտանգումը չի քրեականացվել այնպես, որ խոշտանգող պետական աշխատողը պատիժ կրի ոչ թե պաշտոնեական դիրքը չարաշահելու, այլ ծանր հանցանք կատարելու համար։ Դժվար ապացուցելի է նաև եղունգներն աքցանով հանելու պրակտիկան, քանի որ փակ հաստատություններում հաղորդակցության ու բողոքի արտահայտման հնարավորությունների սահմանափակման պայմաններում երեք ամիս հետո եղունգներն աճում են, հետքերը՝ վերանում ու ապացուցելը՝ գրեթե անհնար դառնում։

Հայաստանում խոշտանգումների վերաբերյալ կան տարբեր հետազոտություններ, որոնցից վերջիններից է օրինակ՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կազմած իրավիճակի վերլուծությունը՝ «Խոշտանգումները Հայաստանում 2013- 2014թթ․»։ Ես չգիտեմ՝ «վարդ» խոշտանգումը Հայաստանում կիրառվու՞մ է, թե ոչ, բայց գիտեմ, որ խոշտանգումներ անող մարդիկ ապրում են մեր մեջ։

Լինելով հիմնականում տղամարդիկ՝ խոշտանգողները մեր հարևաններն են, բարեկամները. շուկայում առևտուր են անում, վարսավիրանոց են գնում, տրանսպորտից են օգտվում։ Մի խոսքով՝ հասարակության անդամներ են, որոնց դեմքին նայելով՝ երբեք «վարդերի» մասին չես մտածի։ Նրանք հավանաբար ընտանիքներ ունեն ու երևի «տուն են պահում»։ Չէ, նրանք հե՛նց «տուն պահողներ» են, քանի որ ոստիկանական ու բռնությամբ ուղեկցվող պետական այլ աշխատանք անող մարդկանց քննադատելն այսօր արժանանում է հասարակական պարսավանքի, քանի որ նրանք՝ դե «տուն են պահում», բա ի՞նչ անեն, հո գործազուրկ չե՞ն մնա, հո երեխաները սովից չե՞ն մեռնի։

Ահա այս «տուն պահելու» մտածելակերպով մենք՝ ողջ հասարակությունը, արդարացնում ենք խոշտանգողների աշխատանքը, նրանց անուղղակիորեն խրախուսում անմարդկայնության համար, գիտենք, որ խոշտանգող են, բայց շարունակում ենք նրանց բարևել ու դեմքներին ժպտալ, նրանցից երբեք երես չենք թեքում՝ ինչ է թե՝ «տուն են պահում»։

«Վարդերի» ու եղունգների մասին լսելուց հետո երկար ժամանակ մտածում էի․ լավ, ինչպե՞ս է հնարավոր կանխել նման անմարդկությունը մեր մեջ, որտեղի՞ց է այն սկսվում ու որտե՞ղ է այն ավարտվում։ Արդյո՞ք նման պրակտիկան կվերանա, եթե ասենք՝ փոխվի կամ պատժվի որևէ բանտի պետ։ Սկսեցի վերլուծել ու հասկանալ, որ հավանաբար՝ ոչ։ Նոր պետեր ու ղեկավարներ ի հայտ կգան, որոնք կտան հրամաններ կամ կխրախուսեն անմարդկային խոշտանգողների ինքնագործունեությունը՝ նույնիսկ հրամանի բացակայության պարագայում։ Կլինեն դիկտատորներ, որոնք կհաստատեն սահմռկեցուցիչ բռնատիրություններ, կլինեն նրանց հրամաններին ենթարկվող պետական աշխատողներ, որոնք կդառնան մարդկային անխղճության գործիքը՝ հանուն «տուն պահելու» կամ «սեփական եղունգով գլուխը քորելու»։

Լավ, բա ի՞նչ անել։

Մտածում եմ, որ պետք է սկսենք ինքներս մեզնից, ովքե՞ր են ոստիկանությունում կամ բանտերում կամ բանակում աշխատող մեր հայրերն ու եղբայրները, բարեկամները, հարևանները։ Ի՞նչ աշխատանք են անում։ Խոշտանգու՞մ են արդյոք, թե՞ ոչ։ Հավատու՞մ ենք նրանց, թե՞ ոչ։ Չէ՞ որ նրանք լուսնից չեն իջնում, երբ գնում են «վարդի» գործով, նրանք մեր մեջից են, նույն փողոցով են աշխատանքի գնում, նույն խանութից են առևտուր անում, նույն շենքում ու քաղաքում են ապրում։ Ու հենց մե՛նք կարող ենք նրանց պարտադրել հրաժարվել «վարդերից»։ Մե՛նք կարող ենք նրանց աշխատանքը մերժել, պարսավել, չընդունել նրանց հյուրընկալությունները և չհյուրընկալել, ամեն անգամ հիշեցնել, որ ատում ենք նրանց աշխատանքը, հետևաբար՝ նաև նրանց, բաժանվել նրանցից, եթե ամուսնացած ենք, հրաժարվել նրանց հայրությունից, եթե նրանք մեր հայրն են, մի խոսքով, միայն մե՛նք կարող ենք հասարակական պարտադրանքի միջոցով ստիպել նրանց՝ հրաժարվել խոշտանգումից ու հրաման կատարելուց։ Որոշները կասեն՝ հրաժարվողին կարող են փոխարինել նոր մարդիկ, որոնք չեն հրաժարվի, իսկ մենք կասենք՝ նոր մարդիկ նույնպես մեր մեջից են, նրանք նույնպես մեկի բարեկամն են, հարևանը, ընտանիքի անդամը։ Վերջապես՝ պիտի հրաժարվենք մեզ կեղեքող «տուն պահողներին» պաշտպանելու մտածելակերպից։

Լուսանկարում՝ 2013 թվականի հունիսի 26-ին խոշտանգումների դեմ Երևանում կայացած ակցիայից

eTV֊ի նախագծի շրջանակներում պատրաստված հայաստանյան ոստիկանությունում խոշտանգումների մասին պատմող ֆիլմը՝ այստեղ