Home / Տեսանյութեր / Ինչպես էին անցկացնում Սահմանադրությունը

Ինչպես էին անցկացնում Սահմանադրությունը

Դեկտեմբերի 6֊ին Հայաստանում կայացած նոր Սահմանադրության հանրաքվեի ընթացքում բազմաթիվ օրինախախտումներ են գրանցվել, արձանագրել են միջազգային և տեղական դիտորդները, իրավապաշտպան կազմակերպությունները, լրագրողները։

Հանրաքվեի արդյունքները ոչ իրավական են գնահատվել միջազգային դիտորդների կողմից։ Մինչդեռ, ԱՊՀ պետություններն ու Ռուսաստանը ներկայացնող դիտորդական կազմակերպությունները դրական գնահատական են տվել հանրաքվեի ընթացքին։

Epress.am֊ը խմբավորել է քվեարկության ընթացքում և հանրաքվեից հետո բաց աղբյուրներում դիտորդների ու լրագրողների կողմից հրապարակված տեղեկատվությունը։

Քվեարկել ուրիշի փոխարեն

Հանրաքվեի օրը բազմաթիվ ընտրողներ ահազանգել են այն մասին, որ ընտրացուցակներում նրանց անվան դիմաց արդեն ստորագրված է եղել և իրենք չեն կարողացել մասնակցել ընտրությանը։

Նման մի դեպք Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում ֆիքսել է Epress.am֊ի տեսախցիկը։

Civilnet.am֊ի տեսանյութը Գյումրիից․

«Չեք անցկացնի» նախաձեռնության տեսանյութը․

Երևանում նմանատիպ դեպք արձանագրել է փաստաբան Հասմիկ Ռաֆայելյանը։ Նրա ընտանիքի անդամները զրկվել են քվեարկելու հնարավորությունից։

Հանձնաժողովի նախագահները տվյալ դեպքերը բացատրում էին տեխնիկական խնդիրներով կամ սխալմունքով։

Լցոնման դեպքեր

Դիտորդները մի շարք տեղամասերում քվեաթերթիկների լցոնման դեպքեր են արձանագրել։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության տեսանյութը․

Դիտորդներից մեկը քվեատուփերի լուսանկարներ է հրապարակել, որոնց վրա երևում են տուփերում կոկիկ դասավորված քվեաթերթիկներ։

ltsonum

1ltsonum

Ճնշումներ և բռնի գործողություններ լրագրողների և դիտորդների նկատմամբ

Լրագրողների նկատմամբ ճնշումները շարունակվել են ողջ օրվա ընթացքում։ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 10/20 ընտրատեղամասում ՀՀԿ-ի վստահված անձը քաշքշել է iLur.am լրատվական կայքի արտահաստիքային լրագրող Ռաֆայել Աֆրիկյանին, պատռել է նրա շորերը և ջարդել տեսախցիկը: Աֆրիկյանը դիմել է դատախազություն:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»֊ի տեսանյութը․

«Այո»֊ի շտաբի մոտ խոչընդոտների է բախվել նաև «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանը․ տարեց մի կին շուրջ 20 րոպե հրել, քաշքշել է Մկրտչյանին՝ թույլ չտալով իրականացնել իր մասնագիտական գործունեությունը։

«Ազատության» տեսանյութը․

«Ազատության» ևս մեկ տեսանյութ՝  դիտորդի վրա թքում են և հայհոյում նրան.

Դիտորդ Լարա Ահարոնյանից պահանջում են չնկարել տեղամասում․

Երևանի 10/18 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հարվածում է Civilnet.am կայքի թղթակցի տեսախցիկին (դիտել 2։00֊ից)

Civilnet.am֊ը նաև գրել էր, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի 4/1 ընտրատեղամասում քաշքշուք է եղել, ծեծի է ենթարկվել դիտորդը․

Քվեարկություն լրացուցիչ ցուցակներով

Դիտորդները, քաղաքական ուժերն արձանագրել են, որ հանրաքվեի ընթացքում մեծ թվով կեղծիքների հնարավորություն է ստեղծվել լրացուցիչ ցուցակներով քվեարկության ընթացքում։ Մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանի ընտրատեղամասեր ավտոբուսներով բերել են Արագածոտնի մարզից ընտրողների, իսկ Մալաթիա֊Սեբաստիա՝ Լոռու մարզից։

«Իշխանությունն այնքան լավ էր հասկանում ժողովրդի տրամադրությունը, որ այս հանրաքվեում հաղթելու համար պետք է կիրառեր ոչ միայն հնարավոր, այլ նաև անհնարին ջանքեր։ Արվեցին և՛ լցոնումներ, և՛ բռնություններ, և՛ հանձնաժողովների աշխատանքի դադարեցում, և՛ ID քարտերի օգտագործում, ու այդպես շարունակ։ Նորություն էին այս անգամ լրացուցիչ ցուցակները, որն արվում է նրա համար, որ եթե ինչ֊որ մեկին հարմար չէ իր ընտրատեղամասում քվեարկել, 1 շաբաթ առաջ դիմում է ու տեղափոխվում այլ ցուցակ։ Պարզվեց, որ այդ լրացուցիչ ցուցակներն ուռճացված էին, և, օրինակ, ինչ-որ գյուղից 100 մարդ որոշել էր գալ Արաբկիրի ինչ-որ ընտրատեղամաս», ֊ հանրաքվեի ավարտից հետո ասել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Լրացուցիչ ցուցակների մասին A1plus.am֊ի տեսանյութը․

Տեղամասերի մոտ և ներսում փող են բաժանում

Լրագրողների տեսախցիկները գումար բաժանելու դեպքեր են արձանագրել։

«Ազատություն» ռադիոկայանի տեսանյութը․

Hetq.am֊ի տեսանյութը․

Վարչական ռեսուրսի կիրառում, ուղղորդումներ, ընտրողների վրա գործադրվող ճնշումներ, քվեարկության ընթացքի վերահսկում

Քանաքեռ֊Զեյթուն համայնքում տեղակայված 3/18 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Վահագն Գևորգյանը տեսանկարահանել է մի երիտասարդի, ով փորձել է ուսումնասիրել ընտրացուցակները՝ ասելով, թե ուզում է ճշտել՝ «իր ցուցակի մարդիկ եկել են ընտրելու, թե դեռ ոչ»։ Նա խոստովանել է, որ իրեն ուղարկել են Հանրապետական կուսակցությունից։

Վարչական ռեսուրսի կիրառումը, ընտրողներին ներքին ցուցակներում հաշվառելը, անհայտ անձանց բնակարանների վրա գրանցելն «Այո»֊ի շտաբի կողմից լայնորեն օգտագործվում էր նաև ընտրություններից առաջ։

Մասնավորապես, Epress.am֊ի ընթերցողներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, ահազանգել է, որ Երևանի թաղամասերից մեկում մարդկանց տներով շրջում ու հարցնում են, թե ում են պատրաստվում քվեարկել։ Այն մարդկանց, ովքեր չեն ասում, թե քվեարկելու են «այո», կանչում են «Այո»֊ի շտաբներ և բացատրական աշխատանքներ են վարում՝ համոզում կամ սպառնում, թե «թաղում խնդիրներ կունենան»։

Մեկ այլ ահազանգ Epress.am֊ը ստացել է Արարատի մարզի գյուղերից մեկից, որտեղ մի քանի երիտասարդների ասել են, որ «այո» քվեարկելու և բավարար ձայներ ապահովելու դեպքում իրենց բանտարկված ընկերներին կազատեն։

Epress.am-ը նաև ահազանգեր է ստացել այն մասին, որ մարդիկ իրենց բնակարանների վրա գրանցված անծանոթ անձանց անունների են հանդիպել։ Մասնավորապես, Երևանի բնակիչներից մեկը պատմել է, որ առանց իր թույլտվության իր բնակարանում անհայտ անձ են գրանցել։ Նա դիմել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, որտեղից նրան հորդորել են դիմել իրենց տարածքային բաժին, այնտեղ դիմում գրել: Քաղաքացին դիմել է համապատասխան բաժին, որտեղ իրեն ասել են, թե դիմումի համաձայն, իր բնակարանից կհանեն անհայտ մարդուն, բայց նա պետք է մնա ընտրացուցակում։ Չինովնիկները պատճառաբանել են, որ վերջնական ընտրացուցակներն արդեն փակցված են, և ոչինչ անել հնարավոր չէ: Հարցին, թե ինչու և ինչպես է այդ անհայտ անձը գրանցվել իր բնակարանում, պատասխանել են, թե դա պարզապես թյուրիմացություն է։

Ընտրատեղամասեր, հաշվարկ

Օրվա ընթացքում ընտրատեղամասերում անհայտ անձինք էին շրջում, կորում էր կնիքը, հաշվարկի ընթացքում անջատում էին լույսերը․

Ինչպես տարան կնիքը Շիրակի մարզի 34/28 ընտրատեղամասում։ Տեսանյութը «Թրանսփարենսի ինթերնեյշնլը»։

Դիտորդ Արսեն Օհանյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչ է կատարվում ընտրատեղամասում, երբ անջատվում են լույսերը։

«Լույսերը գնալուց անմիջապես հետո ձայնագրած վիդեոն: Հիշեցնեմ՝ հաշվարկի ժամանակ 8/35 տեղամասում (Մալաթիա֊Սեբաստիա) ՈՉ-ը 52%-ով հաղթում էր, քվեատուփում քիչ ծրարներ էին մնացել, մոտ 40-50 հատ: Մեկ էլ լրիվ "պատահաբար" հոսանքը անջատվեց, որից անմիջապես հետո հանձնաժողովի նախագահը ձեռքով հարվածեց ու գետնին թափեց ԱՅՈ-ի թերթիկները: Մոտ 20 րոպե հոսանք չկար, հետո պարզվեց ընդամենը ապահվիչից են անջատել, հետիս աղջկան՝ Արմինե Մարգարովային, խնդրեցի մնալ քվեատուփի ու թերթիկների մոտ, իսկ ես գնացի ապահովիչը միացնելու, որտև հանձնաժողովի ԱՆԴԱՄՆԵՐԻՑ ոչ մեկ չէր ցանկանում միացնել: Մի խոսքով միացնելուց հետո պարզվեց ՈՉ-ի թերթիկներից մի խուրց չկա, իսկ ԱՅՈ-ները շատացել են: Արդյունքում մեր տեղամասում ԱՅՈ-ն շատ էր, քան ՈՉ-ը», ֊ գրել է Օհանյանը։

Մալաթիա֊Սեբաստիա վարչական շրջանի 8/27 ընտրատեղամասում ուզում էին «հաշվել» «Ոչ»֊երի ձայները․

Տեսանյութը՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության․

Դավթաշենի 5/1 ընտրատեղամասում ծեծի են ենթարկել դիտորդ, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանին։

Մանուկյանը տեղի ունեցածի մասին պատմել է «Ազատություն» ռադիոկայանին․

Hetq.am֊ի տեսանյութը Երևանի Էրեբունի վարչական շրջանի 13/23 ընտրատեղամասից․

Անունը ջնջել ընտրացուցակներից

Հանրաքվեի ընթացքում եղան քաղաքացիներ, ովքեր պահանջեցին իրենց անունը հեռացնել ընտրացուցակներից՝ նշելով, որ չեն ցանկանում մասնակցել ոչ լեգիտիմ գործընթացին։ Երևանի բնակիչ Արփինե Գալֆայանի այդ պահանջը հանձնաժողովի անդամները չցանկացան իրականացնել։