Home / Հայաստան / Չինովնիկը բողոքող դպրոցականներին «պլաստիլին» է անվանել

Չինովնիկը բողոքող դպրոցականներին «պլաստիլին» է անվանել

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցականներն երեկ՝ սեպտեմբերի 27-ին, դասադուլ են հայտարարել՝ հրաժարվելով հաճախել գյուղի 4-րդ կարգի վթարային դպրոցը: Ինչպես հաղորդում է hetq.am-ը, նոր դպրոցը, որի հիմքերը փորել են 2012 թվականից, դեռ վերջնական կառուցված չէ: Մարզպետարանի ներկայացուցիչները, ովքեր երեկ դպրոցում էին, հավաստիացրեցին, որ մինչև հոկտեմբերի 10-ը նոր դպրոցի շինարարությունը կավարտվի։ Դեռևս 2011-ին դպրոցի կառուցման աշխատանքների իրականացման մրցույթը հաղթել էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի «Սպիտակ կամար» ընկերությունը:

Դասադուլ անողները դպրոցի բակում հանդիպել են մարզպետարանի կրթության բաժնի պետ Մամիկոն Աբգարյանին, ով հայտարարել է, որ չի «կարելի այս դասադուլը խառնել դպրոցի շինարարության հետ»: Այն հարցին, թե աշակերտները դասադուլից ինչ կշահեն, դպրոցականները պատասխանել են. «Մենք կորցնում ենք մեր առողջությունը»:

Դպրոցականները նշել են, որ իրենցից շատերը հիվանդանոցներ են ընկնում՝ դպրոցում ձեռք բերված հիվանդությունների պատճառով։ Ասել են նաև, որ հաճախ դասի են նստել անձրևանոցներով:

Աշակերտները ցույց են տվել դպրոցի դասասենյակների հատակին բացված անցքերը, որտեղ պարբերաբար մարդիկ են ընկնում։ «Մեր դասարանի Մուշեղը ընկել էր էդտեղ, սաղ մեջքը փշրվել էր», – ասել է աշակերտներից մեկը:

Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վարդան Եղիազարյանը նշել է, որ տարիների ընթացքում հնարավորություն չունեն սենյակները ջեռուցելու։ «5-րդ ժամից նավթը վերջանում է, երեխեն ինչպե՞ս նստի էդ ցրտին: Կամ հեռվից, ցրտից եկող աշակերտը ինչպե՞ս տաքանա, դու քո կաբինետում տաք նստում ես»,- ասել է Եղիազարյանը դպրոցի տնօրենին:

Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանը ուսուցիչներին առաջարկել է վերսկսել դասերը մինչև նոր դպրոցի նորոգումը: «Եկեք հարգենք վերադասի խոսքը: Իսկ երեխեն պլաստիլինի պես է. ուզենաս ջրի կաթիլ կսարքես, կուզես՝ կսարքես սուր»:

Վարդենիսցի դպրոցականները կշարունակեն դասադուլ անել մինչև խոստացված ժամկետում նոր դպրոցի շինարարությունն ավարտվի:

1school

լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի