Վանաձորում կյանքի բարելավումն ընտրությունների հետ չեն կապում՝ մանավանդ, երբ խոսքը տեղական իշխանության մասին է։ Այդ մասին վկայում են թե նախօրեին անցկացված քվեարկության արդյունքները, թե վանաձորցիների հետ շփումը։ Նույնիսկ դրժվող խոստումներն էին համեստ․ ասֆալտապատում, աղբահանություն, լուսավորություն։ Քաղաքի մահն ընգծող «Քիմպրոմի» վերագործարկումը նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ են խոստանում, ոչ հիմա։
Հանրապետական Սամվել Դարբինյանի 17 տարվա քաղաքապետությունից հետո կիրովականցիները պատրաստ են փոփոխություն համարել նույնիսկ դեմքերի փոփոխությունը։ ՀՀԿ֊ի նոր թեկնածուն՝ քաղաքի նոտար Միքայել Ասլանյանն է։ Մարդկանց մի մասը ասացին, որ քաղաքում նրան վատ չեն վերաբերվում․ «Լավ մարդ է, միակ վատ կողմն էն է, որ հանրապետական է»։
Տեղական «ինքնակառավարման» մարմնի ընտրությունների կազմակերպման հիմնական վայրերը, ինչպես միշտ, դպրոցներն էին։ Քվեարկում էին միջանցքում՝ Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ֊ի նկարների, եռագույնի ու «Հայր մեր» աղոթքի ֆոնին։
Մեկ տեղամաս կար նաև քաղաքի գրադարանում, որն առանձնանում էր նրանով, որ բոլորի համար չէր․ երկրորդ հարկում էր, իսկ շենքում ոչ լիֆտ կար, ոչ թեքահարթակ։
Որոշ տեղամասեր ավելի «հարմար» վայրերում էին՝ այլևս չգործող խանութներում կամ գործող ռեստորաններում։ Դրանցից մեկը քաղաքապետ Դարբինյանին պատկանող օբյեկտում էր, որտեղ մարդկանց կուտակումներ էին։ Դիտորդները և ընդդիամդիր համարվող կուսակցությունների վստահված անձինք պնդում էին, որ ռեստորանում քվեարկություն կազմակերպելը «գոնե օրենսդրական առումով» խախտում չէ։
Ընտրախախտումները, դիտորդների խոսքով, հիմնականում տեղի էին ունենում ընտրատեղամասերի մերձակայքում։ Գրեթե միշտ 5-10 տղամարդկանց կուտակումներ էին ընտրատեղամասերի մոտ գտնող կրպակներում, մսի պասաժներում, «Мойка»-ներում։ Այդ անձինք մարդկանց խմբեր էին բերում «ընտրությունների»։
Խմբերը, իրենց հերթին, համակարգվում էին տեղական իշխանության ներկայացուցիչների կողմից։ Մասնավորապես, 30/04 ընտրատեղամասի մոտ «հերթափոխի» էր կանգնած ՀՀԿ֊ական փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, 30/51 ընտրատեղամասում՝ քաղաքապետի եղբորորդին՝ Արման Դարբինյանը՝ «Քաղցրիկ» մականունով։
Մյուս ավանդական ընտրակեղծիքներից արձանագրվել էին «կառուսելը» և քվեարկած թերթիկի նկարելու փորձը։ Ընտրությունների ընթացքը ավելի կոպտորեն խախտվել է 30/47 ընտրատեղամասում, որտեղ բռնության է ենթարկվել araratnews.am-ի թղթակից Շողիկ Գալստյանը։ ՀՀԿ-ական վստահված անձը ջարդել է նրա հեռախոսը՝ թույլ չտալով լրագրողին հարցազրույց վերցնել ընտրողից։ «Անկողնային հիվանդ մարդ է, իր հետ մի խոսիր», Շողիկի խոսքով, հանդիմացել էր ՀՀԿ-ականը։ Ոստիկանությունն առգրավել է հեռախոսը, դեպքի վայրը ուսումնասիրել, ընթերականեր կանչել։ Ինչևէ, բռնությունը կատարվել է հենց ոստիկանների ներկայությամբ։
Ավելի ուշ կհայտարարեն կատարվածի վերջնական պաշտոնական արդյունքները։ Այսօրվա դրությամբ հայտնում են պոտենցիալ ընտրողների 42,74 տոկոսի մասնակցության և իշխանության հաղթանակի մասին․
Հանրապետական կուսակցություն – 14899 կամ 37,6 տոկոս,
«Լուսավոր Հայաստան» (գլխավորում է պատգամավոր Էդմոն Մարուքյանը) – 10899 կամ 27,5 տոկոս,
«Հայկական վերածնունդ» («Օրինաց երկրի» նոր բրենդը) – 5286 կամ 13,3 տոկոս,
«Բարգավաճ Հայաստան» – 2872 կամ 7,25 տոկոս,
Դաշնակցություն – 2522 կամ 6,3 տոկոս։
Մյուսների հավաքած ձայները թույլ չեն տալիս ավագանու անդամ ունենալ։